ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1516

07.11.2023

Միջոցառում՝ նվիրված Գևորգ Արշակյանի հիշատակին

Նոյեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց հիշատակի միջոցառում՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանին: Նախքան մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գևորգի և Հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսների հիշատակը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ Գևորգը իմացյալ մահով անմահացավ 3 տարի առաջ ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 7-ին, և այսօր ներկաների պարտքն է իրենց ամենօրյա կյանքում և գործունեության ընթացքում հիշել Գևորգին և մեր բոլոր հերոսներին ու շնորհակալ լինել նրանց ծնողներին: Ռեկտորի խոսքով՝ թեև այսօր մեր պետությունն ու հասարակությունը հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն պետք է ուժ գտնել և առաջ շարժվել՝ մեր հերոսների երազած Հայրենիքը կերտելու համար:

 

Գևորգի մայրը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանը, երախտագիտություն հայտնեց ռեկտորին Ակադեմիայում Գևորգի հիշատակը վառ պահելու ու նման միջոցառումներ իրականացնելու համար: Ակադեմիայում գործում է Գևորգ Արշակյանի անվան լսարան, անցկացվել է դատախաղ-մրցույթ՝ նվիրված Գևորգ Արշակյանի հիշատակին, բակում տեղադրվել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակը հավերժացնող խաչքար:

 

Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի ունկնդիրները, դասընթացավարները, աշխատակազմը, հյուրեր:

 

Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=JnmKTkpU5-4

1515

06.11.2023

Երկօրյա վերապատրաստում՝ դատական արհեստի և դատավորի դերի վերաբերյալ

Նոյեմբերի 3-ից 4-ը Ծաղկաձորում անցկացվեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված դատական արհեստին և դատավորի դերին: Մասնակցում էին նաև Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչները: Երկօրյա վերապատրաստումը կազմակերպել էր Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում:

 

Վերապատրաստումն անցկացնում էին դատավորներ Սուսան Ալգորդը, Մերիթ Բերյենդահլը և Սերգեյ Մարաբյանը:

1514

30.10.2023

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին

Հոկտեմբերի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդների (քաղաքացիական մասնագիտացմամբ) ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 18 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումն անցկացվելու է 2023 թ. նոյեմբերի 1-ից 2024 թ. հունիսի 14-ը՝ ներառյալ փորձաշրջանը:

 

Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված ուսուցման ծրագիրը, ըստ որի անցկացվելու է ունկնդիրների մասնագիտական պատրաստումը, պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին: 

1513

27.10.2023

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Հոկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներին, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց:

 

Ռեկտորի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը: 

 

Շնորհավորելով ունկնդիրներին մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ ռեկտորն ունկնդիրներին մաղթեց խաղաղություն և արդյունավետ ծառայություն:

 

«Քանի դեռ դուք սովորում էիք, ձեր ստորագրությամբ մարդկային ճակատագրեր չէիք որոշում, այսուհետ դուք անմիջականորեն ներգրավված եք լինելու այդ գործընթացում: Ձեր բեռն ու պատասխանատվությունը ոչ թե կրկնապատկվելու, այլ բազմապատկվելու է: Այդ ճանապարհին երբեք չմոռանաք ձեր մարդ լինելու մասին»,- նշեց Ակադեմիայի ռեկտորը:

 

Դատավորի թեկնածուի հավակնորդ Հովհաննես Մալխասյանը խմբի անունից երախտագիտություն հայտնեց Ակադեմիայի աշխատակազմին գործադրած ջանքերի համար և վստահեցրեց, որ ստացած գիտելիքներն ու փորձը հիմք են հանդիսանալու արդյունավետ և բեղուն գործունեություն ծավալելու համար: 

Տեսանյութ - https://youtu.be/QndTwAC7f7Q

1512

23.10.2023

Շնորհավորանք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 2-ամյակի առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 2-ամյակի առթիվ.

 

     Հարգելի՛ պարոն Խաչատրյան, 


Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 2-ամյակի կապակցությամբ:


Հակակոռուպցիոն կոմիտեն իրավապահ մարմինների համակարգում նորաստեղծ կառույց է, կազմավորվել և գործում է 2021 թվականից և ստանձնել է չափազանց բարդ ու պատասխանատու առաքելություն: Հակակոռուպցիոն պայքարը մարտահրավեր է և պարտավորություն միաժամանակ: Ավելին՝ այդ առումով կառույցը մեծ սպասումներ է ձևավորել մեր հասարակության շրջանում: Երկամյա գործունեության ընթացքում բավական ծավալուն աշխատանք է կատարվել  Կառույցի ձևավորման և զարգացման ոչ դյուրին գործում: Այդ մասին փաստող տվյալները խոսուն են: Վստահաբար, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը սոսկ վիճակագրական տվյալներ չեն, Կոմիտեի գործունեությունն ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք է, ներդրած ջանքեր և սրտացավ վերաբերմունք, վճռական և հետևողական պայքար, շարունակական աշխատանք արդյունավետ և տեսանելի արդյունքներ գրանցելու և հանրության վստահությունն ու սպասումներն արդարարացնելու համար: Համոզված եմ՝ անելու եք առավելագույնը Կառույցի առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:


Այս առումով Արդարադատության ակադեմիան խիստ կարևորում է սերտ ու կառուցողական համագործակցությունը Կոմիտեի հետ և իր կոչմանը հավատարիմ՝ ջանք չի խնայի իրավական բարեփոխումների պահանջներին համապատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի թեկնածուների պատրաստման և քննիչների վերապատրաստման գործում: 


Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կառույցի բոլոր ծառայողներին անսպառ ուժ, եռանդ, հաջողություններ և արդյունավետ ծառայություն:

1511

20.10.2023

Աշխատանքային քննարկում՝ համագործակցությունը խորացնելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով

Հոկտեմբերի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Ջոնսոնին: Հանդիպման առիթը համատեղ իրականացված ծրագրերի արդյունքների քննարկումն էր ու հետագա անելիքների նախանշումը: Ռեկտորը գոհունակությամբ նշեց համագործակցության արդյունքում ձևավորված դրական փորձի, նաև անցկացված դատախաղի, աշխատաժողովի և մասնակիցների կողմից ստացված դրական արձագանքների մասին:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին համատեղ դասընթացների մշակմանն ու լրամշակմանը, համապատասխան դասընթացավարների վերապատրաստման կազմակերպմանը և այլն:

1510

13.10.2023

Դիպլոմ՝ դատավորի թեկնածուին

Հոկտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմ հանձնեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների (քրեական մասնագիտացմամբ) 2023 թվականի ցուցակում ընդգրկված Վարդգես Ստեփանյանին: Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտին ուսումնառությունը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանքային գործունեություն մաղթեց: 


Մասնագիտական պատրաստումն անցկացվել է համապատասխան ուսուցման ծրագրով՝ օգոստոսի 21-ից հոկտեմբերի 6-ը, ներառյալ փորձաշրջանը:

1509

12.10.2023

Երկօրյա աշխատաժողով՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի ընթացքում» թեմայով

Հոկտեմբերի 11-12-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց աշխատաժողով՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի ընթացքում» թեմայով: Աշխատաժողովը կազմակերպել էր Ակադեմիան՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ: Մասնակցում էին դատախազի և քննիչի թեկնածուները: Աշխատաժողովը վարում էին միջազգային և ազգային փորձագետներ Լյալ Ս. Սունգան և Արսեն Նիկողոսյանը:


Բացման խոսքում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց փորձագետներին և միջազգային գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: «Այս վերապատրաստումը օգտակար կլինի դատախազի և քննիչի թեկնածուների համար, քանզի մինչդատական վարույթի հիմնական մասնակիցները նրանք են: Սա շատ լավ հնարավորություն է նաև ծանոթանալու այս ոլորտում միջազգային իրավական կառուցակարգերի գործարկմանը և դրա մեխանիզմների առանձնահատկություններին»,- նշեց ռեկտորը:


Ռ.Վալլենբերգ ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Ջոնսոնն ընդգծեց, որ Ինստիտուտի համար մեծ պատիվ է համագործակցել Ակադեմիայի հետ՝ շեշտելով համատեղ վերապատրաստումների, աշխատաժողովների և նման այլ միջոցառումների միջոցով դատավորների, դատախազների և քննիչների կարիերայի աճին նպաստելու կարևորությունը: 

1508

09.10.2023

Շնորհավորանք՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ.

 

Հարգելի՛ պարոն Քյարամյան,

 

Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:


2014 թվականից սկսած՝ ՀՀ քննչական կոմիտեն իր գործունեությամբ  առանցքային դերակատարություն ունի ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանության, հանցավորության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում: Կառույցը մեծ պատասխանատվությամբ չափազանց կարևոր առաքելություն է իրականացնում՝ հաշվի առնելով առկա թե՛ ներքին, թե՛ արտաքին դժվարին մարտահրավերները, ստեղծված բարդ ու ծանր իրավիճակը: 


Արդարադատության ակադեմիան և ՀՀ քննչական կոմիտեն այս տարիների ընթացքում աշխատել և շարունակում են աշխատել արդյունավետ՝ նպաստելով մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը: Վստահ եմ՝ նույն ջանասիրությամբ և սկզբունքայնությամբ շարունակելու ենք երկու կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:


Լիահույս եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն կշարունակի իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ ի շահ մեր պետության և հասարակության միասնական նպատակի:


Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գլխավորած կառույցի բոլոր ծառայողներին ուժ, եռանդ, կամք և վճռականություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

1507

05.10.2023

Վերապատրաստումների շարք՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում

Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացրեց վերապատրաստումների շարք դատավորների համար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին: 


Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 80 դատավոր:


Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է ԵԽ-ի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում: