Վերապատրաստումների շարք՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում
Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ համատեղ՝ ԵԽ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում անցկացրեց վերապատրաստումների շարք դատավորների համար՝ նվիրված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրառման գործնական խնդիրներին:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել է շուրջ 80 դատավոր:
Վերոնշյալ ծրագիրն անցկացվել է ԵԽ-ի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում:
Փորձագետ Ռոման Ռոմաչյովի այցը Ակադեմիա
Հոկտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց սոցիալական ինժեներիայի, ռիսկերի կառավարման և մեդիայի հարցերով փորձագետ, գրող Ռոման Ռոմաչյովին: Ռեկտորը ողջունեց հյուրին, կարևորեց հեղինակավոր փորձագետի այցը Ակադեմիա, նաև ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները:
Ռոման Ռոմաչյովը երախտագիտություն հայտնեց հրավերի և Ակադեմիայի ունկնդիրների առաջ հանդես գալու հնարավորության համար: Քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար փորձագետը հանդես եկավ դասախոսությամբ, ներկայացրեց սոցիալական ինժեներիայի, այն է՝ մարդու հոգեբանության վրա ազդելով տեղեկատվության անհրաժեշտ հասանելիության ստացման մեթոդի առանձնահատկությունները, ձեռք բերված տեղեկատվության կիրառման և դրա դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմները:
Դիպլոմներ դատավորի թեկնածուների հավակնորդներին
Հոկտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2023 թ. ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան քրեական մասնագիտացմամբ՝ 13, քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 9 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
«Այն օրվանից, երբ սկսեք գործել որպես դատավոր, ձեր ստորագրության դերն ու նշանակությունը կտրուկ փոխվելու է: Դրանով կանխորոշելու եք մարդկանց ճակատագրեր»,-նշեց ռեկտորը և հավելեց. «Վստահ եմ, որ ընտրելով այս մասնագիտությունը, շատ լավ գիտակցել եք, թե ինչ պատասխանատվություն եք ստանձնել, հատկապես ազգի և պետության համար ներկայիս բարդ և անորոշ պայմաններում, երբ առավել կարևորվում է դատավորի դերը: Լիահույս եմ՝ ամեն ինչ անելու եք այդ պատասխատվությունը պատվով կրելու և արդար լուծումներ տալով՝ արդարադատություն իրականացնելու համար»:
Շրջանավարտ Վիրաբ Վարդանյանը խմբի անունից երախտագիտություն հայտնեց ռեկտորին և Ակադեմիայի աշխատակազմին գործադրած ջանքերի համար: «Ստացանք շատ կարևոր գիտելիքներ, որոնք մասնագիտական գործունեության ընթացքում մեզ ուղեկից կլինեն»,-նշեց ունկնդիրը:
Տեսանյութ - https://youtu.be/yg6G6nVUBh4
Ղազախստանի գերագույն դատարանին կից Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները որակավորման բարձրացման դասընթացներ անցան Ակադեմիայում
Արդարադատության ակադեմիայում որակավորման բարձրացում անցնելու նպատակով սեպտեմբերի 23-ից 29-ը Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանին կից արդարադատության ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչները Երևանում էին: Վերապատրաստում անցնելու նախաձեռնությունը Ղազախստանի գործընկերներինն էր:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հյուրերի հետ հանդիպմանն ընդգծեց նման նախաձեռնության կարևորությունը՝ հատկապես 2017 թվականին երկու երկրների Արդարադատության ակադեմիաների միջև կնքված համագործակցության հուշագրի համատեքստում:
Ներկայացվեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, հյուրերը հանդիպեցին Ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներին, ծանոթացան ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններում, եղան գրադարանում, դատական նիստերի դահլիճում, հյուրանոցում, մարզասրահում:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները նաև հանդիպումներ ունեցան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի, Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչների հետ, մասնակցեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին և այլն:
Այցի ավարտին հյուրերը գոհունակություն հայտնեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին ջերմ և հյուրընկալ ընդունելության և բարձր մակարդակով արդյունավետ դասընթացներ կազմակերպելու համար: Ակադեմիական ծրագրերի և նախագծերի կենտրոնի տնօրեն Թալգաթ Այմագանբետովը գոհունակությամբ նշեց, որ պատիվ է լինել Ակադեմիայում ու անցնել որակավորման բարձրացման դասընթացներ՝ հատկապես հաշվի առնելով հայ ժողովրդի համար ներկա ծանր իրադրությունը:
Սերգեյ Առաքելյանը մասնակիցներին հանձնեց դասընթացներն ավարտելու վերաբերյալ համապատասխան վկայագրեր:
Ղազախաստանի պատվիրակները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար նաև հնարավորություն էր ստեղծվել մշակութային ու ճանաչողական այցերի միջոցով ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու ժողովրդին:
Դպրոցականների այցը Արդարադատության ակադեմիա
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Երևանի Մ. Խորենացու անվան համար 143 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները: Դպրոցականները ծանոթացել են Ակադեմիայի գործունեության պատմությանը, շենքային պայմաններին, շրջել են լսարաններում, այցելել են գրադարան, դատական նիստերի դահլիճ, մարզասրահ, հյուրանոցային համալիր:
Աշակերտները նաև հնարավորություն են ունեցել հանդիպել Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանին: Ռեկտորը դպրոցականներին ներկայացրել է իրավաբանի մասնագիտության, նաև դատավոր, դատախազ, քննիչ դառնալու առանձնահատկությունները և արդարադատության բացառիկ կարևորությունը: Ռեկտորը նաև պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Ուսուցիչները երախտագիտություն են հայտնել Ակադեմիայի ռեկտորին իրենց նախաձեռնությանն արձագանքելու համար և նշել, որ դպրոցը մասնագիտական կողմնորոշման նպատակով նման այցեր բավական հաճախ է կազմակերպում:
Մեկնարկեց քննիչների վերապատրաստումը
Սեպտեմբերի 18-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) վերապատրաստումը:
Նախատեսվում է վերապատրաստում անցկացնել 12 խմբի ունկնդիրների համար, այդ թվում՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչների:
Վերապատրաստումն իրականացվում է ուսուցման ծրագրի համաձայն, որը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի հիման վրա: Ուսուցման ծրագիրը ուղղված է քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը:
Հանդիպում՝ նախապատրաստական դասընթացների մեկնարկից առաջ
Սեպտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը հանդիպեց «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցեր» և «ՀՀ քրեական դատավարության արդի հարցեր» նախապատրաստական դասընթացներին ընդգրկված անձանց:
Դասընթացները նախատեսված են դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար:
Հանդիպման ընթացքում պրոռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին դասընթացների կազմակերպման և անցկացման կարգին ու պայմաններին, պատասխանեց հետաքրքրող հարցերին: Ուսումնառությունը կմեկնարկի սեպտեմբերիր 20-ից:
Շնորհավորական ուղերձներ՝ Ակադեմիայի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Ակադեմիայի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձներ են հղել.
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը,
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը,
ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը,
ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը,
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի պետ Հովհաննես Կարումյանը,
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը,
ԵԱՏՄ դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը,
Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանի ռեկտոր Իգոր Մացկեվիչը,
Ուզբեկստանի իրավապահ ակադեմիայի ղեկավարի պաշտոնակատար Եվգենի Կոլենկոն,
Ղազախստանի գերագույն դատարանին կից արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար Կանատ Մուսինը,
Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի նախագահ Ջորջիո Լատանզին,
Ալբանիայի դատավորների և դատախազների դպրոցի տնօրեն Արբեն Ռաքիփին,
Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար Յոնաս Հոգսթրոմը:
Արդարադատության ակադեմիան 10 տարեկան է
Սեպտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում մեծ հանդիսավորությամբ անցկացվեց Ակադեմիայի 10-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, Ակադեմիայի հայաստանյան և միջազգային գործընկերներ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, աշխատակազմը, դասընթացավարներ, հյուրեր:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանի առթիվ և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության 10-ամյա ճանապարհը, արդյունքները, զարգացման հեռանկարները: «Ակադեմիայի գործունեության 10-ամյա ճանապարհն անցնում է խաղաղության, համավարակի ու պատերազմի միջով: Ձեռքբերումներ ունեցել ենք, դժվարություններ՝ ևս, բայց անգամ բարդ ու շատ դեպքերում անհնար թվացող իրավիճակներում ելքեր միշտ գտել ենք»,-իր ելույթում նշեց Սերգեյ Առաքելյանը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկա տասնամյակում անելու ավելին:
Շնորհավորական խոսքով հանդես եկան Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Այվազյանը, Կառավարման խորհրդի անդամ Արա Մկրտչյանը՝ ընդգծելով Ակադեմիայի կարևոր դերակատարությունն իրավական ոլորտում: Եվրասիական տնտեսական միության դատարանի անունից շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵԱՏՄ նախագահ Էռնա Հայրիյանը:
Միջոցառման ընթացքում Արդարադատության ակադեմիայի հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ, Ակադեմիայի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած արժանի ձեռքբերումների համար, Ակադեմիայի ռեկտորի համապատասխան հրամաններով, Արդարադատության ակադեմիայի հուշամեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Այվազյանը, Խորհրդի անդամ Արման Թովմասյանը, ինչպես նաև Ակադեմիայի զարգացման գործում առանձնակի նվիրումի և գործունեության ընթացքում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը, Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Գալստյանը, Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Վարսիկ Գրիգորյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Վարդան Դանիելյանը, Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի գլխավոր մասնագետ Քրիստինե Կարապետյանը:
Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության և գիտամանկավարժական գործունեության մեջ ներդրած նշանակալի ավանդի և առանձնակի նվիրումի համար «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվեցին Ակադեմիայի դասընթացավարներ Սրբուհի Գալյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե Ենգիբարյանը, Հայարփի Զարգարյանը, Գոռ Թորոսյանը, Սերգեյ Մարաբյանը, Անդրանիկ Մնացականյանը, Արսեն Նիկողոսյանը, Հովիկ Շահնազարյանը:
Ակադեմիայի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին Ակադեմիայի շնորհակալագրով՝ բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար, ինչպես նաև Ակադեմիայի պատվոգրով՝ բարեխիղճ, արգասաբեր աշխատանքի և առանձնակի նվիրումի համար:
Միջոցառման մասնակիցներից ոմանք նաև գրառում արեցին Ակադեմիայի 10-ամյա հոբելյանի առթիվ բացված պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=grWheBOazcE
Ակադեմիայի պրոռեկտորը Բուդապեշտում մասնակցել է մենթորների միջազգային վերապատրաստման դասընթացի՝ ԵԽ ծրագրի շրջանակում
Սեպտեմբերի 5-ից 7-ը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է մենթորների միջազգային վերապատրաստման դասընթացի՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց արդարադատության մատչելիություն. գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի 3-րդ փուլի շրջանակում: Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև դատավորներ, քննիչներ:
ԵԽ փորձագետներ Զորա Չալագովիցի ու Էլիզաբեթ Դուրբանի համահեղինակությամբ մշակվել է մենթորային ծրագրի համապատասխան ուղեցույց իրավաբան-մասնագետների համար՝ «Կանանց համար արդարադատության մատչելիություն» թեմայով, որի կիրառման մեթոդաբանությանը ծանոթացան ինչպես Հայաստանի պատվիրակության, այնպես էլ մասնակից երկրների ներկայացուցիչները՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան:
Ծրագիրն իրականացնում է ԵԽ-ն՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ: