Դիպլոմ՝ քննիչի թեկնածուին
Մարտի 30-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմ հանձնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիր Մուշեղ Բեգլարյանին:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և մաղթեց անփորձանք ծառայություն:
Քննիչի թեկնածուն մասնագիտական պատրաստում է անցել փետրվարի 24-ից մարտի 20-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Մեկնարկեց 2023 թ. քննիչի թեկնածուների առաջին խմբի մասնագիտական պատրաստումը
Մարտի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը:
Ուսումնառության ընդհանուր տևողությունը 104 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև մեկ ամիս տևողությամբ փորձաշրջան: Ըստ ուսուցման ծրագրի՝ առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել մայիսի 10-ին:
Ռեկտորը հանդիպեց 2023 թվականի առաջին խմբի քննիչի թեկնածուներին
Մարտի 24-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին, որոնք մասնագիտական պատրաստում են անցնելու առաջին խմբի կազմում: Խմբում ընդգրկված է 33 ունկնդիր, որոնց ուսումնառությունը մեկնարկելու է մարտի 27-ին:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեց: Այնուհետև ներկայացրեց ուսուցման գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանեց ունկնդիրներին հուզող հարցերին:
Փոխըմբռնման հուշագիր Ակադեմիայի և «Հանրային կառավարման զարգացման, ռազմավարական հետազոտությունների և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի միջև
Մարտի 21-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և «Հանրային կառավարման զարգացման, ռազմավարական հետազոտությունների և վերապատրաստման կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Զալինյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Ռեկտորը ողջունեց հուշագիր ստորագրելու և դրա շրջանակում համագործակցություն ծավալելու նախաձեռնությունը, որը կարճ ժամանակամիջոցում իրականություն դարձավ։ Ռեկտորի խոսքով՝ նախապես քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ «Հավատացած եմ՝ այս համագործակցության դրական արդյունքները չեն ուշանա»,-նշեց Սերգեյ Առաքելյանը։
Աշոտ Զալինյանն իր խոսքում ներկայացրեց Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով հատկապես նրանք, որոնց շրջանակում հնարավոր է առաջիկա համագործակցությունը ՀԿ-ի և Ակադեմիայի միջև։
Փոխըմբռնման այս հուշագրով նախատեսվում է իրականացնել կրթական բնույթի ծրագրեր, հետազոտություններ, կազմակերպել քննարկումներ, աշխատաժողովներ, սեմինարներ և այլն։
Տեսանյութ - https://youtu.be/PlYMOiu39TY
«Դատական իշխանության անկախությունը՝ որպես իրավական պետության գրավական» թեմայով աշխատաժողով՝ Ակադեմիայում
Մարտի 19-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Դատական իշխանության անկախությունը՝ որպես իրավական պետության գրավական» թեմայով աշխատաժողով։ Այն կազմակերպել էր Արդարադատության ակադեմիան՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ)-ի հետ համատեղ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, IRZ-ի՝ Հայաստանում ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Ռեկտորը երախտագիտություն հայտնեց միջազգային գործընկերներին, հատկապես վերոնշյալ ծրագրի շրջանակում տևական և արդյունավետ համագործակցության համար։ «Դատական իշխանության անկախությանը վերաբերող հիմնախնդիրները ոչ միայն արդիական են, այլև դրանց ուղղությամբ համապատասխան լուծումներ գտնելը, այդ թվում՝ մասնագիտական պատրաստման և դատական համակարգի ներկայացուցիչների համար վերապատրաստման շրջանակներում դրանց անդրադառնալը խիստ հրատապ են»,-նշեց ռեկտորը։
Նախատեսվում է վերոնշյալ թեմայի շրջանակում նաև մշակել դասընթաց, պատրաստել համապատասխան օժանդակ նյութեր՝ գերմանացի փորձագետների ներգրավմամբ։
Վանաձորի պետական համալսարանի Իրավագիտության բաժնի ուսանողների այցը Արդարադատության ակադեմիա
Մարտի 17-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի Իրավագիտության բաժնի ուսանողները:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ուսանողներին և նրանց նախաձեռնությունը ծանոթանալ Ակադեմիայի գործունեությանը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին: Ռեկտորը ԲՈՒՀ-ի գրադարանին նվիրեց Ակադեմիայի հրատարակած մասնագիտական գրքերից, ինչպես նաև «Բանբեր Արադարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի բոլոր համարներից օրինակներ:
Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում:
4-օրյա սեմինար՝ նվիրված կիբերհանցավորությանն ու էլեկտրոնային ապացույցներին
Մարտի 14-ից 17-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց 4-օրյա սեմինար՝ «Կիբերհանցավորությունն ու էլեկտրոնային ապացույցները» թեմայով։ Մասնակցում էին Ակադեմիայի դասընթացավարները և ունկնդիրները՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ։ Սեմինարն անցկացվեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և Եվրոպական միության կողմից մշակած «CyberEast» ծրագրի շրջանակում՝ Ակադեմիայի հետ համատեղ։
Սեմինարը վարեցին ԵԽ փորձագետներ Անդրեյ Ենաչին, Հանիա Հելվեհը և Բրանկո Ստամենկովիչը։
Օրը քննական է դատավորների թեկնածուների հավակնորդների համար
Մարտի 17-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2023 թվականի ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը:
Խմբում ընդգրկված է քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով 22 ունկնդիր:
Ուսումնառության տևողությունը 8 ամիս է՝ ներառյալ փորձաշրջանը: Յուրաքանչյուր մասնագիտացմամբ ունկնդիրների համար ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1046 ակադեմիական ժամ է:
Դիպլոմներ դատավորի թեկնածուների հավակնորդներին
Մարտի 16-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդներին՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների և Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց: Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց շրջանավարտներին:
«Վստահ եմ՝ ձեզ հաջողությամբ կդրսևորեք այդ բարդ ու պատասխանատու գործում»,-նշեց ռեկտորը:
Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը տևել է 3 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:
Քննարկում ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ներկայացուցիչների հետ
Մարտի 15-ին Արդարադատության ակադեմիա են այցելել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի թիմի անդամները և միջազգային փորձագետ Մարկ Ուեսթինը։
Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ողջունել է հյուրերին, կարևորել ծրագրի շրջանակում առկա համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ակադեմիայի ուսուցման ծրագրերի հաղորդակցման բաղադրիչները։