Համագործակցության հեռանկարների քննարկում ԵԽ գործընկերների հետ
Ապրիլի 20-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցիչները՝ Տիգրան Կարապետյանը (Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար), Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը (Մարդու իրավունքների թրանսվերսալ մարտահրավերների բաժնի ղեկավար), Աննա Մարիա Ռոխան (Մարդու իրավունքների թրանսվերսալ մարտահրավերների բաժնի ծրագրերի համակարգող), Արմեն Գրիգորյանը («Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ԵԽ ծրագրի ղեկավար):
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով Ակադեմիայի և ԵԽ-ի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը:
ԵԽ գործընկերները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին ընդունելության, տարիների արդյունավետ աշխատանքի համար: Քննարկվեցին համագործակցության նոր հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության ակադեմիան ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Օտար լեզուն իրավական ոլորտի աշխատողների համար» խորագրով ինտենսիվ դասընթացներ բարձր մասնագիտական որակավորում, լեզուների դասավանդման ազգային և միջազգային հարուստ փորձ ունեցող մասնագետների ներգրավմամբ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն):
Դասընթացը բաղկացած է 2 փուլից.
Առաջին փուլում (ընդհանուր օտար լեզու) նախատեսվում է անցկացնել դասընթացներ՝ նվիրված հնչյունաբանությանը, ընթերցանությանը, քերականական հիմնական նյութին և դրա կիրառմանը օտար լեզվում:
Երկրորդ փուլում (մասնագիտական օտար լեզու) նախատեսվում է իրականացնել մասնագիտական լեզվի տերմինաբանական, ոճաբանական առանձնահատկությունների համակցված ուսուցում՝ իրավաբանական բառապաշարի և մասնագիտական արտահայտությունների լայն օգտագործմամբ:
Դասընթացի ավարտին մասնակիցը ձեռք կբերի ընդհանուր բնույթի լեզվական ունակություններ, կտիրապետի թե՛ առօրյա և թե՛ մասնագիտական շփման համար անհրաժեշտ առավել կիրառական և մատչելի բառապաշարի, ինչպես նաև մասնագիտական թեմաներով հաղորդակցվելու, գրավոր փաստաթղթեր (գործնական նամակներ, պայմանագրեր և այլն) կազմելու հմտություններին:
Դասընթացի անցկացման մանրամասները.
.Տևողությունը՝ 3 ամիս (1-ին փուլ` «ընդհանուր օտար լեզու», 2-րդ փուլ՝ «մասնագիտական օտար լեզու», յուրաքանչյուր փուլի տևողությունը կախված է լեզվի իմացության մակարդակից),
.Հաճախականությունը՝ շաբաթական 2 անգամ,
.Դասաժամի տևողությունը՝ 80 րոպե,
.Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա,
.Խմբում մասնակիցների քանակը՝ առավելագույնը՝ 10,
.Դասընթացն սկսելուց առաջ մասնակիցները կանցնեն թեստավորում ըստ լեզվի մակարդակի խմբերը դասակարգելու համար,
.Ատեստավորումն անցած մասնակցին կտրվի մասնագիտական լեզվի իմացությունը հավաստող վկայագիր,
.Դասընթացները կմեկնարկեն մայիսի 10-ից:
Դիմելու կարգը՝
Մինչև մայիսի 5-ը, ժամը՝ 17:00 Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին անհրաժեշտ է ներկայացնել.
1) Դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2) Անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3) Դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (60.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):
Հանդիպում քննիչի թեկնածուների հետ` քննաշրջանին ընդառաջ
Ապրիլի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին:
Քննաշրջանից առաջ ռեկտորը ծանոթացրեց ունկնդիրներին քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Քննությունը, որն անցկացվելու է բանավոր եղանակով, նախանշված է ապրիլի 28-ին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Նախապատրաստական դասընթացների համար ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Հաշվի առնելով դիմորդների շրջանում մեծ հետաքրքրությունը դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների նկատմամբ՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 28-ը, ժամը՝ 17:00-ն ներառյալ:
Դիմումի, ուսուցման ծրագրի և այլնի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղումով. https://aoj.am/news/1438
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի այցը Արդարադատության ակադեմիա
Ապրիլի 11-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը:
Ռեկտորը դեսպանին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ: Քննարկվեցին Ակադեմիայի և Մեծ Բրիտանիայում գործող համանման կառույցների հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:
Դեսպանը նաև շրջեց Ակադեմիայում, ծանոթացավ շենքային պայմաններին, եղավ գրադարանում, լսարաններում, հյուրանոցում: Դեսպան Գալագերն ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է Արդարադատության ակադեմիայում և տպավորված է Ակադեմիայի շենքային պայմաններով:
ՀՀ արդարադատության նախարարի այցը Արդարադատության ակադեմիա
Ապրիլի 11-ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Արդարադատության ակադեմիա՝ ծանոթանալու Ակադեմիայի գործունեությանն ու քննարկելու առաջիկա անելիքների տեսլականը: Գրիգոր Մինասյանը Սերգեյ Առաքելյանի հետ քննարկել է նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի գործունեության մանրամասները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ակադեմիայի գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք բխում են 2022-2026 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրից:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նախարարին է ներկայացրել Ակադեմիայի կողմից իրականացվող առկա և հեռավար ուսուցման գործընթացի մանրամասները, ուսուցման ծրագրերը, դատավորի թեկնածուների հավակնորդների, դատախազների և քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստմանը, ինչպես նաև գործող դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Նախարարը շրջել է Ակադեմիայում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել է լսարաններում, որտեղ այդ պահին ընթանում էր ունկնդիրների ուսումնական գործընթացը, այցելել է նաև գրադարան, մարզադահլիճ և հյուրանոց:
Քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին
Ապրիլի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին՝ վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներին:
Ուսուցման ծրագրով նախատեսված առաջին քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպում է ունկնդիրներին, ծանոթացնում քննությունների կազմակերպման և անցկացման կարգին, այդ թվում՝ արդյունքների բողոքարկման ընթացակարգին, ինչպես նաև պատասխանում հետաքրքրող հարցերին: Առաջին քննությունը նախանշված է ապրիլի 21-ին:
Հայտարարություն
«Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ը 2023 թվականի մայիսի 3-ից հայտարարում է թվով 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկ:
Նախապատրաստական դասընթացների ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է դասընթացի մեկնարկից առնվազն 15 օր առաջ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1) դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3) դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):
Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն՝ առանց որևէ իրավական հետևանքների:
Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Առավել մանրամասն՝ տե՛ս կից Ուսուցման ծրագրում:
Դիպլոմ՝ քննիչի թեկնածուին
Մարտի 30-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմ հանձնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիր Մուշեղ Բեգլարյանին:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և մաղթեց անփորձանք ծառայություն:
Քննիչի թեկնածուն մասնագիտական պատրաստում է անցել փետրվարի 24-ից մարտի 20-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Մեկնարկեց 2023 թ. քննիչի թեկնածուների առաջին խմբի մասնագիտական պատրաստումը
Մարտի 27-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը:
Ուսումնառության ընդհանուր տևողությունը 104 ակադեմիական ժամ է, ևս 6 ակադեմիական ժամ նախատեսված է քննաշրջանի համար, ինչպես նաև մեկ ամիս տևողությամբ փորձաշրջան: Ըստ ուսուցման ծրագրի՝ առաջին խմբի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը նախատեսվում է ավարտել մայիսի 10-ին: