ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1416

30.01.2023

Մեկնարկեց դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստումը

Հունվարի 30-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Խմբում ընդգրկված է քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով 23 ունկնդիր: 


Ուսումնառության տևողությունը 8 ամիս է՝ ներառյալ փորձաշրջանը: Յուրաքանչյուր մասնագիտացմամբ ունկնդիրների համար ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1046 ակադեմիական ժամ է: 

1415

27.01.2023

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց դատավորների թեկնածուների հավակնորդներին

Հունվարի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով 23 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումն անցկացվելու է հունվարի 30-ից սեպտեմբերի 15-ը՝ ներառյալ փորձաշրջանը: 


Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված ուսուցման ծրագիրը, ըստ որի անցկացվելու է ունկնդիրների մասնագիտական պատրաստումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցեր:
 

1414

25.01.2023

Անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը

Հունվարի 24-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թվականի առաջին նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Արման Թովմասյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր), անդամներ Արա Մկրտչյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), Անդրանիկ Մնացականյանը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր), Լիլիթ Սարգսյանը (Երևան քաղաքի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), Մուշեղ Բաբայանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ), Արշալույս Մինասյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 3-րդ վարչության պետ), Գարեգին Բեգոյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ), Արսեն Այվազյանը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ), Ռոբերտ  Ադիլխանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ), Ռաֆայել  Վարդանյանը (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ), Անահիտ Մանասյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Եղիազար Ավագյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ), Վահե Ռաֆաելյանը (ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ), ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: 


Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Արսեն Այվազյանը: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վերջին մեկ տարում խորհուրդը նախագահում էր Արման Թովմասյանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Ա. Թովմասյանին կատարած աշխատանքի համար՝ համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն Խորհրդի անդամի կարգավիճակով ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:


Նիստի ընթացքում խորհուրդը քննարկեց և ի գիտություն ընդունեց Ակադեմիայի 2022 թ. գործունեության մասին հաշվետվությունը, ինչպես նաև 2021 թ. ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության անկախ վերստուգման (աուդիտի) արդյունքները: Խորհուրդը քննարկեց և հաստատեց նաև Ակադեմիայի 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
 

1413

16.01.2022

Մեկնարկեց Ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը

Հունվարի 16-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների և Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը:


Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 274 ակադեմիական ժամ է՝ ներառյալ 1 ամիս տևողությամբ փորձաշրջանը: 

1412

13.01.2022

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին

Հունվարի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների և Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց: 


Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ուսումնառությունը կանցկացվի քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով: Խմբում ընդգրկված է 5 ունկնդիր, իսկ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդները երկուսն են: 


Ռեկտորը ողջունեց ունկնդիրներին և մաղթեց արդյունավետ ուսումնառություն, այնուհետև անդրադարձավ ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցերի:   

1411

28.12.22

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ամփոփեց Ակադեմիայի 2022 թվականի գործունեությունը

Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն աշխատակազմի հետ հանդիպմանն ամփոփեց Ակադեմիայի 2022 թվականի գործունեությունը:


Ռեկտորը երախտագիտություն հայտնեց աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի և տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների համար ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ համագործակցության և նոր գործընկերներ ձեռքբերելու առումներով: 


«Անցնող աշխատանքային տարին ընդհանուր առմամբ դրական էր Ակադեմիայի համար: Մենք կարողացանք պատվով և արժանապատվությամբ իրականացնել մեր գործունեությունը՝ անկախ ժամանակի և իրավիճակի բարդություններից»,-նշեց Ս. Առաքելյանը՝ հորդորելով ներկաներին փորձել 2023 թվականը համատեղ ուժերով ավելի լավը դարձնել:


Ռեկտորը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և ընտանեկան ջերմություն:  

1410

23.12.2022

Վկայականներ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության աշխատակիցներին

Դեկտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության աշխատակիցներին: Վերապատրաստումն անցկացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 20-ը: 


Ռեկտորը շնորհավորեց և կարևորեց ընկերության կողմից աշխատակիցների մասնագիտական գիտելիքները զարգացնելու գործում դրսևորած նախաձեռնողականությունը: «Լիահույս եմ՝ վերապատրաստման դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն մասնագիտական գործունեության ընթացքում»,-նշեց Ս. Առաքելյանը և պատրաստակամություն հայտնեց համագործակցությունը հետագայում զարգացնել: 


Ընկերության իրավաբանական ծառայության պետ Սումբատ Սումբատյանը շնորհակալություն հայտնեց վերապատրաստումը բարձր մակարդակով կազմակերպելու համար և շեշտեց, որ ստացած գիտելիքներն արդեն  կիրառում են պրակտիկայում: 


Վերապատրաստմանը մասնակցել է իրավաբանական ծառայության 20 աշխատակից:

Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=cnDAHJoFF8s

1409

14.12.2022

Ռեկտորը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի մեկնարկային միջոցառմանը

Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID ՄԶԳ) Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի» մեկնարկային միջոցառմանը: 5-ամյա ծրագրի նպատակներից է բարելավել իրավական կրթությունն ու խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումները: Ծրագրի հիմնական գործընկերներից է Արդարադատության ակադեմիան:


«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ իմ անձնական համագործակցությունը սկսվել է դեռ 1997 թվականից, երբ նորավարտ համալսարանական էի և ծրագրի շրջանակում մեկնեցի ուսման ԱՄՆ: Արդյունքում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հիմնադրվեց էլեկտրոնային գրադարան, որը հետագայում շատ արդյունավետ ծառայեց իրավաբանների բազմաթիվ սերունդների»,-նշեց ռեկտորը: 


Ս. Առաքելյանն իր ելույթում նաև նշեց, որ արդարադատության ոլորտի կատարելագործումը արդիական գործընթաց է և դրա բարեհաջող իրականացումը, դրական արդյունքների արձանագրումը չափազանց կարևորվում է: Ռեկտորի խոսքով՝ ծրագրի մեկնարկին նախորդել է բավական լուրջ նախապատրաստական աշխատանք, որի շրջանակում գործընկերների, համապատասխան փորձագետների հետ անցկացվել են հանդիպումներ, քննարկումներ, վերհանվել են համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են դասընթացավարների պատրաստմանը, ձեռնարկների, դասընթացների մշակմանը՝ այդ թվում խաղաֆիկացման տարբերակով և այլն: 


Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր կառույցների, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, դեսպաններ, հյուրեր: 

1408

13.12.2022

Արդարադատության ակադեմիան հյուրընկալել էր ավագ դպրոցի աշակերտների

Դեկտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Գազպրոմ Արմենիայի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Դպրոցականները ծանոթացել են Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջել լսարաններով, այցելել են գրադարան, դատական նիստերի դահլիճ, հյուրանոց, մարզասրահ: 


Դպրոցականներին հանդիպել և արդարադատության, դատավոր, դատախազ, քննիչի դառնալու համար անցկացվող ուսումնառության և ընդհանրապես իրավագիտությանն առնչվող թեմաներով զրուցել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը նաև պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտական կողմնորոշման դժվարություններին, արդարադատության իրականացման խնդիրներին և այլն:
 

1407

13.12.2022

Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է ԵԽ ծրագրի ղեկավար կոմիտեի վերջին նիստին և եզրափակիչ համաժողովին

Դեկտեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի վերջին նիստին և եզրափակիչ համաժողովին: Ներկա էին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը, շահառու կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:


Իր խոսքում՝ Ակադեմիայի պրոռեկտորը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքները, նաև շեշտադրել կանխարգելումը՝ որպես Ստամբուլյան կոնվեցիայի 4 հենասյուներից մեկը: Այդ առումով պրոռեկտորը նշել է, որ Ակադեմիան ապահովել և շարունակաբար ապահովում է կանխարգելման մասին իրազեկման բարձրացումը և իրականացնում է համապատասխան մասնագետների վերապատրաստումներ:

Ավելին՝ դատավորների, դատախազների և քննիչների վերապատրաստման ծրագրերում ներառված են նաև գենդերային հավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և կանխարգելման վերաբերյալ պարտադիր առարկաներ: