ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

«Դատական իշխանության անկախությունը՝ որպես իրավական պետության գրավական» թեմայով աշխատաժողով՝ Ակադեմիայում

20.03.2023

Մարտի 19-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Դատական իշխանության անկախությունը՝ որպես իրավական պետության գրավական» թեմայով աշխատաժողով։ Այն կազմակերպել էր Արդարադատության ակադեմիան՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ)-ի հետ համատեղ։


Ողջույնի խոսքով հանդես եկան Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը, IRZ-ի՝ Հայաստանում ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։


Ռեկտորը երախտագիտություն հայտնեց միջազգային գործընկերներին, հատկապես վերոնշյալ ծրագրի շրջանակում տևական և արդյունավետ համագործակցության համար։ «Դատական իշխանության անկախությանը վերաբերող հիմնախնդիրները ոչ միայն արդիական են, այլև դրանց ուղղությամբ համապատասխան լուծումներ գտնելը, այդ թվում՝ մասնագիտական պատրաստման և դատական համակարգի ներկայացուցիչների համար վերապատրաստման շրջանակներում դրանց անդրադառնալը խիստ հրատապ են»,-նշեց ռեկտորը։ 


Նախատեսվում է վերոնշյալ թեմայի շրջանակում նաև մշակել դասընթաց, պատրաստել համապատասխան օժանդակ նյութեր՝ գերմանացի փորձագետների ներգրավմամբ։