Երկօրյա դատախաղ և վերապատրաստում՝ Արդարադատության ակադեմիայում
Մայիսի 31-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց երկօրյա դատախաղ և վերապատրաստում՝ «Խոշտանգման սահմանման մեջ ուժեղ ցավի տարրի մասին ուղեցույցը պրակտիկայում կիրառելու շուրջ» թեմայով: Կազմակերպել էր Ակադեմիան՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ դատախաղը Ռ.Վալլենբերգի անվան ինստիտուտի հետ համագործակցության հերթական քայլերից է: Ռեկտորի խոսքով՝ ընտրված թեման բավական արդիական է և շնորհակալություն հայտնեց ազգային և միջազգային փորձագետներին իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունները փոխանցելու պատրաստակամության համար:
Ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան ևս կարևորեց Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ դատախաղի և վերապատրաստման շրջանակում կքննարկվեն մի շարք պրակտիկ հարցեր, որոնք նաև տեղ կգտնեն Ինստիտուտի կողմից հրատարակված «Ուժեղ ցավի տարրը խոշտանգման հասկացությունում» գործնական ուղեցույցի լրամշակված տարբերակում:
Մասնակցում էին քրեական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների հավակնորդները և դատախազի թեկնածուները: Վարում էին Արդարադատության ակադեմիայի դասընթացավարներ Դիանա Ղուկեյանը (Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), Լաուրա Գասպարյանը (բժիշկ, ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ), Սրբուհի Գալյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) և Մորթեն Քոխ Անդերսենը (Ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի ավագ խորհրդատու, գիտահետազոտող): Ներկա էր նաև «Արդարադատության մատչելիություն» ծրագրի թիմի ղեկավար Ջոշ Աունսթեդը:
Ռեկտորը մասնակցել է ՌԴ դատախազության համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի 60-ամյակին նվիրված համաժողովին
Մայիսի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն առցանց եղանակով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի 60-ամյակին նվիրված գիտագործնական համաժողովին, որն անցկացվում էր հիբրիդային ձևաչափով:
Ակադեմիայի ռեկտորը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձով: Իր խոսքում ռեկտորը կարևորել է Ակադեմիայի և ՌԴ դատախազության համալսարանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս դրանք հետևողականորեն զարգացնել:
Մասնակցում էին ՌԴ և օտարերկրյա պետությունների օրենսդիր, գործադիր, դատական մարմինների և գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ:
Դիպլոմ՝ դատախազի թեկնածուին
Մայիսի 30-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմ հանձնեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիր Աննա Հարությունյանին:
Ռեկտորը շնորհավորեց դատախազի թեկնածուին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և մաղթեց անփորձանք ծառայություն: Ունկնդիրը մասնագիտական պատրաստում է անցել համապատասխան ուսուցման ծրագրով:
Լույս է տեսել Սերգեյ Առաքելյանի և Արիստակես Բարսեղյանի «Մարդու դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի (գիտագործնական մեկնաբանություններ)» գիրքը
Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանի «Մարդու դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի (գիտագործնական մեկնաբանություններ)» գիրքը:
Հրատարակությունում գիտագործնական վերլուծության են ենթարկվել ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված՝ մարդու կյանքի, առողջության դեմ ուղղված, կյանքն ու առողջությունը վտանգող, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության, սահմանադրական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների որակման առանձնահատկությունները և մեկնաբանվել են հանցավոր այդ արարքները նախատեսող բոլոր հոդվածները։
Աշխատությունը կարող է օգտակար լինել իրավակիրառողների, դասընթացավարների, ունկնդիրների, դասախոսների, ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների և քրեական իրավունքի հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:
Ալբանիայի դատավորների և դատախազների դպրոցի պատվիրակության այցն Արդարադատության ակադեմիա
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հրավերով մայիսի 25-26-ը Երևանում էր Ալբանիայի Հանրապետության դատավորների և դատախազների դպրոցի պատվիրակությունը՝ տնօրեն Արբեն Ռաքիփիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին դասընթացավարներ Դաշամիր Քորըն, Հենրիկ Լիգորին, Ամարիլդո Լաչին, ֆինանսական գծով տնօրենի տեղակալ Էլա Չոքայը, Մասնագիտական պատրաստման բաժնի ղեկավար Էրիոլա Մուրան և Ինտեգրման, նախագծերի և արտաքին հարաբերությունների բաժնի մասնագետ Յոնիդա Դրագոթին:
Այցի նպատակն էր իրավական հիմքերի վրա դնել երկու կառույցների միջև համագործակցությունը և քննարկել հետագա համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը:
Օրակարգը հագեցած էր. առանձնազրույց անցկացվեց կառույցների գործունեության հիմնական ուղղությունների, համագործակցության հեռանկարների քննարկման նպատակով, հյուրերը շրջայց կատարեցին և ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, տնօրեն Արբեն Ռաքիփին դասախոսությամբ հանդես եկավ դատավորների թեկնածուների հավակնորդների համար, և ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր:
«Բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ հուշագրի ստորագրումը ձևական բնույթ կրող գործընթաց չէ. Ակադեմիան համագործակցության շրջանակներում իրականցնում է կոնկրետ քայլեր, որոնք մեր գործընկների հետ համատեղ աշխատանքի արդունքում նպաստում են դրական նվաճումներ ունենալուն»,- հուշագրի ստորագրման արարողության մեկնարկին նշեց ռեկտոր Առաքելյանը:
«Սա մեր համագործակցության առաջին քայլն է: Համոզված եմ` հետագայում արձանագրելու ենք դրական արդյունքներ»,- նշեց Դպրոցի տնօրեն Ռաքիփին և շնորհակալություն հայտնեց Սերգեյ Առաքելյանին նախաձեռնողականության և հրավերի համար:
Ալբանիայից ժամանած պատվիրակության անդամները Հայաստանում էին առաջին անգամ, ուստի նրանց համար հնարավորություն էր ստեղծվել ճանաչողական այցերի միջոցով ծանոթանալ մեր երկրին և մշակույթին:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=TNmxCbhg4XY
Քննաշրջանից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին
Մայիսի 26-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայում այս պահին մասնագիտական պատրաստում անցնող դատախազի թեկնածուներին: Ավարտվում է մասնագիտական պատրաստման առաջին հատվածը, և ավանդույթի համաձայն՝ քննաշրջանին ընդառաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին, ներկայացրեց քննությունների անցկացման կարգը, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Ունկնդիրների այս խմբի քննությունը նախանշված է հունիսի 8-ին, այն կանցկացվի թեստային եղանակով:
«Ապացուցման բեռը քաղաքացիական դատավարությունում. խնդրահարույց հարցեր» թեմայով սեմինար՝ Ակադեմիայում
Մայիսի 25-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար «Ապացուցման բեռը քաղաքացիական դատավարությունում. խնդրահարույց հարցեր» թեմայով: Այն կազմակերպել էր Ակադեմիան՝ Եվրոպական միության հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում:
Մասնակցում էին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդները: Սեմինարը վարում էր Ծրագրի դատաիրավական բարեփոխումների գծով փորձագետ Վահագն Գրիգորյանը:
ԵԱՏՄ դատարանի դատավորների դասախոսությունը՝ Ակադեմիայում
Մայիսի 22-ին Արդարադատության ակադեմիայում դասախոսությամբ հանդես եկան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավորներ Ալեքսանդր Ֆեդորցովը և Արմեն Թումանյանը:
Ա. Ֆեդորցովը ներկայացրեց համեմատական վերլուծություն անդամ պետություններում դատական համակարգերի աշխատանքի վերաբերյալ, անդրադարձավ դատարանների ծանրաբեռնվածությանը, վիճակագրական տվյալներին, մասնավորապես, յուրաքանչյուր դատավորին մակագրված գործերի քանակին՝ ըստ բնակչության թվի:
Ա. Թումանյանն անդրադարձավ դատավորի դերին, օբյեկտիվությանը որպես բացարձակ արժեք վերաբերվելուն, հատուկ կարծիք հայտնելու կարևորությանն ու գործառույթներին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար՝ հույս հայտնելով, որ դասախոսությունն օգտակար կլինի մասնակից դատավորների համար:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=dCsVgP8uTD0
Սեմինար Ակադեմիայի ունկնդիրների համար
Մայիսի 16-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ «Քրեական իրավունքի հիմունքները. վճիռ և պատիժներ (սանկցիաներ, անվտանգության և այլընտրանքային միջոցներ)» թեմայով: Սեմինարը կազմակերպել էր Ակադեմիան՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց IRZ գործընկերներին համագործակցության դրական փորձի համար և ընդգծեց, որ սեմինարի թեման չափազանց արդիական է: «ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկայում առաջացել են մի շարք խնդիրներ: Լիահույս եմ, որ այսօրվա քննարկումը կնպաստի մասնակիցների գիտելիքների ավելացմանը և վիճելի հարցերին ընդունելի լուծումներ գտնելուն»,- նշեց ռեկտորը:
IRZ հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալյա Վուքերթը և Հայաստանում ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ակադեմիային շարունակական արդյունավետ համագործակցության համար:
Սեմինարը վարում էին Ակադեմիայի դասընթացավար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Աննա Մարգարյանը և Գերմանիայի Զիգեն քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ուվե Շտարկը՝ հեռավար: Մասնակցում էին Ակադեմիայի ունկնդիրները՝ քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդները և դատախազի թեկնածուները:
Ակադեմիայում մեկնարկեցին նախապատրաստական եռամսյա դասընթացները
Մայիսի 10-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին նախապատրաստական եռամսյա դասընթացները՝ նվիրված «ՀՀ քրեական իրավունքի արդի հարցեր» և «ՀՀ քրեական դատավարության արդի հարցեր» թեմաներին:
Դասընթացներին մասնակցում են դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք: