Ռեկտորի հետ հանդիպում՝ մասնագիտական պատրաստումից առաջ
Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին: Խմբում ընդգրկված է 19 ունկնդիր: Ուսուցումը կազմակերպվելու է համապատասխան ուսուցման ծրագրով՝ հունիսի 19-ից օգոստոսի 31-ը:
Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ և ներկայացրեց ուսումնական գործընթացի մանրամասները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին
Հունիսի 16-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2023 թվականի ցուցակներում ընդգրկված ունկնդիրներին: Խմբերում ընդգրկված են համապատասխանաբար 31 և 2 ունկնդիր:
«Այսօր մեր համատեղ աշխատանքի արդյունքների ամփոփման օրն է: Հույս ունեմ, որ այստեղ ձեռք բերված հմտություններն ու կարողությունները կարողանալու եք ներդնել ի նպաստ քննչական մարմինների գործունեության զարգացման»,- նշեց ռեկտորը՝ շնորհավորելով և բարի երթ մաղթելով շրջանավարտներին:
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ռեկտորին և Ակադեմիայի աշխատակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=rgSPmfccxsU
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարադատության ակադեմիայում 2023 թվականի հուլիսի 6-ից անցկացվելու են «ՀՀ քաղաքացիական իրավունքի արդի հարցեր» և «ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցեր» թեմաներով նախապատրաստական դասընթացներ:
. Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
. Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (շաբաթական 3 անգամ)
. Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
. Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա
. Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ
Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 23-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին,
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը,
3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):
Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն՝ առանց որևէ իրավական հետևանքների:
Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:
Առավել մանրամասն՝ տե՛ս կից Ուսուցման ծրագրում:
Հարցերի դեպքում զանգահարել 060 46 00 74 հեռախոսահամարով:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Հունիսի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը, Ծրագրի ղեկավարի տեղակալ Նարինե Գասպարյանը, Դատարանների կառավարման բաղադրիչի ղեկավար Արմենակ Մինասյանցը, Դատավորների գործունեության գնահատման և վերապատրաստման խորհրդատու Արման Խաչատրյանը, «Մենեջմենթ Սիսթեմս Ինթերնեյշընըլ» կազմակերպության տեխնիկական հարցերով տնօրեն Մերեդիթ Քլեր Բամբրիկը։
Ռեկտորը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ Ակադեմիան միջազգային կառույցների հետ գործակցության հարուստ փորձ ունի և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին Ակադեմիայի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար: Ռեկտորը նաև հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային տարբեր գործընկերների հետ իրականացված և իրականացվող աշխատանքները:
Մարկ Լասմանը բարձր գնահատեց Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առաքելության միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի հետ: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակվել են նախնական գնահատողական զեկույցներ և պատրաստ են դրանցում արտացոլված եզրահանգումների հիման վրա սկսել հիմնական աշխատանքները:
Ի պատասխան գործընկերների հարցերի՝ ռեկտորը հստակ առաջարկներ ներկայացրեց՝ շեշտելով, որ դրանց շուրջ արդեն իսկ բովանդակային քննարկումներ եղել են Ծրագրի բաղադրիչների ղեկավարների հետ: Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում նոր ուսուցման ծրագրերի ներդրման որոշումը կախված է Ակադեմիայի Կառավարման խորհրդից, ուստի ռեկտորը նշեց, որ ճիշտ կլինի նաև առանձին հանդիպել Արդարադատության նախարարության, դատական իշխանության, դատախազության, քննչական մարմինների ներկայացուցիչների հետ:
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում նորից հանդիպել՝ աշխատանքային քննարկման շրջանակում հստակեցնել դրանց իրականացման հնարավորությունները:
Քննական օր Ակադեմիայում
Հունիսի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրների քննաշրջանը:
Ուսուցման ծրագրի համաձայն՝ քննաշրջանի ընթացքում նախատեսվում է անցկացնել երկու քննություն: Առաջին քննությունն անցկացվեց բանավոր եղանակով:
Մեկնարկեց դատախազների թեկնածուների առաջին քննաշրջանը
Հունիսի 8-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը:
Ավարտվել է ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է միասնական քննությունը՝ թեստային եղանակով:
Դատախազների թեկնածուների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս՝ ներառյալ փորձաշրջանը:
Լրացուցիչ վերապատրաստում դատավորների համար
Հունիսի 5-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է որակավորման հատուկ ստուգմանը չմասնակցած կամ որակավորման հատուկ ստուգումը չհաղթահարած դատավորների 2023 թվականի լրացուցիչ վերապատրաստումը: Խմբում ընդգրկված է 12 ունկնդիր:
Վերապատրաստումը նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 5-ին:
Աշխատաժողով՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով
Հունիսի 2-ից 4-ը Դիլիջանում անցկացվեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը մինչդատական քրեական վարույթի շրջանակներում» թեմայով աշխատաժողով: Միջոցառումը կազմակերպել էին Արդարադատության ակադեմիան Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ: Աշխատաժողովը վարում էին փորձագետներ Լյալ Ս. Սունգան (Ռ.Վալլենբերգ ինստիտուտի դասախոս) և Արսեն Նիկողոսյանը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Արդարադատության ակադեմիայի դասընթացավար):
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց ազգային և միջազգային փորձագետներին և կարևորեց ընտրված թեմայի նշանակությունն ու արդիականությունը: Ռեկտորի խոսքով՝ մշակված դասընթացն ընդգրկվելու է ոչ միայն դատավորների, այլև դատավորի թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև դատախազների և քննիչների ուսուցման ծրագրերում:
Աշխատաժողովին մասնակցում էին քրեական մասնագիտացմամբ դատավորներ և Ակադեմիայի աշխատակիցներ:
Երկօրյա վերապատրաստում թրաֆիքինգի վերաբերյալ
Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված» մոդուլով երկօրյա վերապատրաստումը:
Միջոցառումը կազմակերպել է Ակադեմիան՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում: Մասնակցում էին դատախազներ, քննիչներ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ:
Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը՝ ընդգծելով ընտրված թեմայի հրատապությունն ու կարևորությունը: «Մեր հնարավորությունների շրջանակում փորձում ենք պայքարել թրաֆիքինգի դեմ՝ նպաստելով արդարադատության համակարգի ներկայացուցիչների գիտելիքների զարգացմանը»,- նշեց Մ. Ամյանը՝ տեղեկացնելով, որ նշված մոդուլը հետագայում ընդգրկվելու է Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորների, դատախազների, քննիչների ուսումնական ծրագրում:
«Կարծում եմ այս դասընթացից առավելագույնը կքաղեք և արդյունքում կկարողանաք ձեր գործողություններում ապահովել զոհակենտրոն մոտեցումները՝ նպաստելով քրեական վարույթների արդյունավետ քննությանը»,- նշեց Ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:
Վերապատրաստումը վարում էին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տիգրան Պողոսյանը:
Աշխատանքային քննարկում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Մայիսի 31-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:
Ռեկտորը կարևորեց Ակադեմիայի և Հիմնադրամի միջև իրականացվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում քննարկվեց համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրի կատարման ընթացքը:
Նախատեսվում է մշակել և հրատարակել համապատասխան ձեռնարկ, որի համար փորձագետներն արդեն ընտրված են, նաև քննարկումներ անցկացնել և պիլոտային դասընթացներ կազմակերպել: Ավելին՝ նախատեսվում է դատարանի անկախության եվրոպական չափանիշներին նվիրված այդ դասընթացը հետագայում նաև ներդնել պարտադիր ուսումնական գործընթացում: