ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Հունիսի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը, Ծրագրի ղեկավարի տեղակալ Նարինե Գասպարյանը, Դատարանների կառավարման բաղադրիչի ղեկավար Արմենակ Մինասյանցը, Դատավորների գործունեության գնահատման և վերապատրաստման խորհրդատու Արման Խաչատրյանը, «Մենեջմենթ Սիսթեմս Ինթերնեյշընըլ» կազմակերպության տեխնիկական հարցերով տնօրեն Մերեդիթ Քլեր Բամբրիկը։
Ռեկտորը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ Ակադեմիան միջազգային կառույցների հետ գործակցության հարուստ փորձ ունի և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին Ակադեմիայի հանդեպ դրսևորած հետաքրքրության համար: Ռեկտորը նաև հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, միջազգային տարբեր գործընկերների հետ իրականացված և իրականացվող աշխատանքները:
Մարկ Լասմանը բարձր գնահատեց Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առաքելության միջև առկա համագործակցությունը, ինչպես նաև պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի հետ: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակվել են նախնական գնահատողական զեկույցներ և պատրաստ են դրանցում արտացոլված եզրահանգումների հիման վրա սկսել հիմնական աշխատանքները:
Ի պատասխան գործընկերների հարցերի՝ ռեկտորը հստակ առաջարկներ ներկայացրեց՝ շեշտելով, որ դրանց շուրջ արդեն իսկ բովանդակային քննարկումներ եղել են Ծրագրի բաղադրիչների ղեկավարների հետ: Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում նոր ուսուցման ծրագրերի ներդրման որոշումը կախված է Ակադեմիայի Կառավարման խորհրդից, ուստի ռեկտորը նշեց, որ ճիշտ կլինի նաև առանձին հանդիպել Արդարադատության նախարարության, դատական իշխանության, դատախազության, քննչական մարմինների ներկայացուցիչների հետ:
Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում նորից հանդիպել՝ աշխատանքային քննարկման շրջանակում հստակեցնել դրանց իրականացման հնարավորությունները: