ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Երկօրյա վերապատրաստում թրաֆիքինգի վերաբերյալ

01.06.2023

Հունիսի 1-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և  զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված» մոդուլով երկօրյա վերապատրաստումը: 


Միջոցառումը կազմակերպել է Ակադեմիան՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ՝ «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում: Մասնակցում էին դատախազներ, քննիչներ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ:


Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը՝ ընդգծելով ընտրված թեմայի հրատապությունն ու կարևորությունը: «Մեր հնարավորությունների շրջանակում փորձում ենք պայքարել թրաֆիքինգի դեմ՝ նպաստելով արդարադատության համակարգի ներկայացուցիչների գիտելիքների զարգացմանը»,- նշեց Մ. Ամյանը՝ տեղեկացնելով, որ նշված մոդուլը հետագայում ընդգրկվելու է Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորների, դատախազների, քննիչների ուսումնական ծրագրում: 


 «Կարծում եմ այս դասընթացից առավելագույնը կքաղեք և արդյունքում կկարողանաք ձեր գործողություններում ապահովել զոհակենտրոն մոտեցումները՝ նպաստելով քրեական վարույթների արդյունավետ քննությանը»,- նշեց Ծրագրի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը: 


Վերապատրաստումը վարում էին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանը և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Տիգրան Պողոսյանը: