Համագործակցության հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև
Մարտի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության միջև համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Հուշագիրը ստորագրել են ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով երկկողմ համագործակցությունը՝ Ակադեմիայի ռեկտորն իր ելույթում նշեց, որ Ակադեմիան և ՄԱԿ ՓԳՀ-ն ցանկանում են համատեղ աշխատել՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցում դատական մարմինների դերակատարումն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով: Ակադեմիայում նախատեսվում է վերը նշված թեմաներով մշակել և ներդնել վերապատրաստման հեռաուսուցման և առկա ուսուցման ծրագրեր:
Իր խոսքում պարոն Քրիստոֆ Բիրվիրթը՝ ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչը Հայաստանում, բարձր գնահատեց Հայաստանում ապաստանի համակարգի զարգացման գործում առկա առաջընթացը և այն դերը, որը Հայաստանը կատարում է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց պաշտպանություն տրամադրելու գործում: Նա նշեց. «Քանի որ ապաստանի հիմնական ինստիտուտների հիմնադրման գործընթացը մոտեցել է ավարտին, կարողությունների զարգացման, վերապատրաստման և տեխնիկական աջակցության մեր ջանքերն այժմ ուղղվում են կարողությունների հարմարեցմանը փոփոխվող կարիքներին և որոշումների կայացման գործընթացի որակի հետագա բարելավմանը»:
Պարոն Բիրվիրթը շեշտադրեց դատական համակարգի կարևոր դերակատարությունը փախստականների պաշտպանության, փախստականների, այլ տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում պետությունների կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը ապահովելու գործում: Նա նշեց, որ դատական համակարգի դերը ընդգրկում է իրավունքի և խնդիրների մի շարք բնագավառներ, ներառյալ առաջին ատյանում կարգավիճակի վերաբերյալ որոշումների վերանայումը, որոշակի հանգամանքներում ապօրինի սահմանահատման համար փախստականներին պատժի չենթարկելու սկզբունքի պահպանումը, փաստաթղթավորման և սոցիալական ծառայությունների հասանելիության ապահովումը: Նա իր ելույթն ավարտեց՝ նշելով. «Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է փախստականների պաշտպանության Հայաստանի համակարգի հետագա ամրապնդման ուղղությամբ, քանի որ այն կհամակարգի մեր համագործակցությունը և կհզորացնի զսպումների և հակակշիռների գործառույթն իրականացնելու դատարանների կարողությունները»:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ օմբուդսմենի գրասենյակն իր գործունեության ընթացքում արձանագրել է վերոնշյալ ոլորտի իրազեկվածության բավարար մակարդակի պակաս: Նրա խոսքով՝ կողմերի համագործակցությունը թույլ կտա խորացնել Ակադեմիայում վերապատրաստվողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծել փախստականների իրավունքների պաշտպանության համար:
Տեղեկացնենք, որ հուշագրի հիմքը հանդիսանում է «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» 2015-2017թթ. տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է բարելավել տարածաշրջանում ապաստանի տարածքը և փախստականներին ու ապաստան հայցողներին պաշտպանության տրամադրման մեթոդները: Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միջազգային չափանիշներին համապատասխան փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերին՝ ծրագիրը կօգնի վերհանել և վերացնել տարբեր մակարդակներում առկա խնդիրները, ներառյալ դատական համակարգում, որը կարևոր երաշխիք է ապաստանի հարցերով զբաղվող լիազոր մարմինների կողմից որոշումների կայացման որակն ապահովելու հարցում:
Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը խորհրդանշում է փախստականների, ապաստան հայցողների, այլ տեղահանված բնակչության և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ուժեղացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ փորձագիտական հմտություններն ու գիտելիքները համախմբելու, ամրապնդված համագործակցությունն ու համակարգումը միավորելու և փոխգործակցության հնարավորություններն օգտագործելու միջոցով: Նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի 2016-2017թթ. ուսումնական ծրագրում ներառել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչվող միջազգային և ներպետական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
Մեկնարկել է 2016 թվականի ուսումնական գործընթացը
Արդարադատության ակադեմիայում մարտի 1-ից մեկնարկում է 2016 թվականի ուսումնական գործընթացը՝ դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Այս տարի Ակադեմիայում մասնագիտական պատրաստում է անցնելու դատախազի 8 թեկնածու, որից 3-ը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև քննիչի 50 թեկնածու՝ երկու խմբերով:
Ուսումնական գործընթացի մեկնարկին ընդառաջ ակադեմիա էին այցելել թեկնածուները: Ողջունելով ունկնդիրներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է նրանց դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկվելու կապակցությամբ: Ռեկտորի խոսքով՝ ունկնդիրների համար սկսվում է կրթական մի շրջափուլ, որի հաջող ավարտի արդյունքում նրանք կհամալրեն մեր իրավապահ մարմինների համակարգը և կլինեն պրոֆեսիոնալ դատախազներ և քննիչներ:
Ռ. Մելիքյանն ունկնդիրներին է ներկայացրել ուսումնական գործընթացին առնչվող մանրամասներ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Տեղեկացնենք, որ դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է շուրջ 10 ամիս՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Քննիչների թեկնածուների ուսումնառության տևողությունը շուրջ ութ ամիս է՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը:
Թե՛ դատախազների, թե՛ քննիչիների թեկնածուների համար ուսուցման ծրագրով նախատեսված է և՛ մասնագիտական, և՛ հարակից առարկաների դասավանդում:
Հաստատվել են 2016 թվականի ուսուցման ծրագրերը
Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանը: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում և տարեկան վերապատրաստում անցնող թիրախային խմբերի ուսուցման ծրագրերի հաստատումը: Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են դատավորների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների, ինչպես նաև դատախազների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, դատախազության աշխատակազմի պետական ծառայողների 2016 թվականի ուսուցման ծրագրերը:
Թաթոյանն այն մարդն է, որ ունի արդարության զգացողություն և ազնվություն. Ռուբեն Մելիքյան
Ինչպես հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածու է առաջադրված՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու իրավաբան Նարեկ Ալոյանը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ իր նախընտրած թեկնածուն Արման Թաթոյանն է: Նա նշեց նախընտրելի թեկնածուի կարևոր հատկանիշները՝ մասնագիտական և անձնական բարձր որակներ: Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը միասին աշխատել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման հանձնախմբում: Ռ. Մելիքյանը նշեց, որ Արման Թաթոյանի թե Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, թե արդարադատության նախարարությունում աշխատանքի ընթացքում ձեռք է բերել այնպիսի կարևոր մասնագիտական հմտություններ, որոնք կարևոր են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը որակյալ կատարելու համար: Ռուբեն Մելիքյանը կարևորեց նաև նրա անձնային որակները՝ հաստատակամությունը, կազմակերպական հմտությունները, արդարամտությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/116037.html
© iravaban.net կայք
Դիպլոմներ քննիչի թեկնածուներին
Փետրվարի 10-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 15 ունկնդիր-շրջանավարտների՝ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնմանը: Ակադեմիան ճանապարհեց շրջանավարտների հերթական սերնդին, որն առաջինն է Քննչական կոմիտեի համար: Շրջանավարտներից հինգը հենց այսօր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, նշանակվեցին քննիչի պաշտոնում:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծեց նորավարտ կադրերի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքի անփոխարինելի դերը: Պարոն Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման կազմակերպման կապակցությամբ:
«Արդարադատության իրականացման ողջ գործընթացը, քննիչի բոլոր գործողությունները կարգավորված են միմիայն օրենքով: Յուրաքանչյուր հասարակությունում, պետությունում քննիչի աշխատանքն այնքանով է արժևորվում, որ նրա գործողությունները կանոնակարգվում են միայն ու միայն օրենքով: Մեզանում չկա քննչական գործողության, ապացույցների ձեռքբերման որևէ ընթացակարգ, որ կանոնակարգվի մեկ այլ նորմատիվ ակտով, առավել ևս՝ գերատեսչական կամ ենթաօրենսդրական ակտով: Միշտ պետք է գիտակցեք, որ յուրաքանչյուր խախտում բացթողում օրենքի խախտում է: Դուք դա արդեն գիտեք, անցել եք համապատասխան վերապատրաստում և պատրաստ եք համալրելու քննչական բանակը», - խոսքն ուղղելով շրջանավարտներին՝ ասաց Ա.Հովսեփյանը և հույս հայտնեց, որ Ակադեմիայի այսօրվա շրջանավարտը վաղը կկարողանա առավել պրոֆեսիոնալ կատարել իր մասնագիտական առաքելությունը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն իր հերթին նշեց, որ ակադեմիան շահագրգիռ է՝ քննչական ոլորտում մրցունակ կադրեր պատրաստելու հարցում: Նրա խոսքով՝ ակադեմիայի ուսուցման ծրագրերը կազմելիս հաշվի են առնվել քննչական աշխատանքի առանձնահատկությունները:
Հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ քնննչական կոմիտեի նախագահը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանին պարգևատրեց <<Համագործակցության համար>> մեդալով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրամաններով քննիչների պատրաստման և վերապատրաստման գործում աչքի ընկած մի քանի դասախոսներ արժանացան շնորհակալագրերի:
Լուսանկարները՝ www.investigative.am-ի
Էմիլ Ամիրխանյանը՝ HELP-ի նոր դասընթացի մշակման աշխատանքային խմբում
Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals - «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար») ծրագրի շրջանակում մշակվող նոր դասընթացի աշխատանքային խմբում: Խումբը կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից ընտրված 5 փորձագետներից:
Փետրվարի 3-ին Էմիլ Ամիրխանյանը Ստրասբուրգում մասնակցել է աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը: Առաջիկա ամիսներին նախատեսվում է մշակել <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության պաշտպանության ոլորտում>> դասընթացը, որը դասավանդվելու է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների իրավական ոլորտի մասնագետներին՝ HELP ծրագրի հեռաուսուցման հարթակի միջոցով:
Տեղեկացնենք, որ աշխատանքային խմբի առաջին հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված դասընթացի ձևաչափի, ուսումնական նյութերի և այլ խնդիրների հետ, ինչպես նաև մշակվել է դասընթացի ծրագիրը: Նախատեսվում է դասընթացի մշակման աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա հունիսի վերջ:
Ակադեմիայի կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ նորացված կազմով: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով խորհրդի անդամ է վերանշանակվել Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև խորհրդի նոր անդամ է նշանակվել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր Խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը, ով գաղտնի քվերակությամբ ընտրվեց միաձայն՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ ցանկանալով ակտիվ և բեղմնավոր աշխատանք:
Վերջին մեկ տարում Կառավարման խորհուրդը նախագահում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Է. Բաբայանին կատարած աշխատանքի համար այն համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն Խորհրդի անդամի կարգավիճակում ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ: Է. Բաբայանն էլ նշեց, որ հետագայում ևս ակտիվ կաշխատեն միասին՝ իրագործելով իրենց առաջ դրված խնդիրները:
Տեղեկացնենք, որ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը.
Երվանդ Խունդկարյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ, Խորհրդի նախագահ
Արսեն Մկրտչյան – ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Հովսեփ Բեդևյան – ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Համլետ Ասատրյան – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Էմիլ Բաբայան – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Արթուր Դավթյան – Երևան քաղաքի դատախազ
Րաֆֆի Ասլանյան – Շիրակի մարզի դատախազ
Դիպլոմներ դատավորի և դատախազի թեկնածուներին
Դեկտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2015 թվականի ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին: Հանդիսությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ դատական իշխանության ղեկավարներ, Ակադեմիայի դասախոսներ, հյուրեր:
Այս տարի Արդարադատության ակադեմիայում շուրջ 9.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 10 անձ՝ քրեական մասնագիտացմամբ, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 14 անձ, որոնցից 3-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
<<Այսօր ամփոփում ենք ուսումնական հերթական շրջափուլը և մեծ լավատեսությամբ քայլում առաջ: 2015 թվականին կարողացանք որոշակիորեն ամփոփել 2014 թվականի արդյունքները, այն բացթողումները, թերությունները, որոնք ունեինք և ավելի մեծ ծավալով ուսումնասիրել մեր գործընկերների փորձը: 2015 թվականին ավելի հարթ տարի ունեցանք, ինչը մեզ համար լավատեսության առիթ է տալիս: Մենք պատրաստվում ենք շարունակական կատարելագործել մեր ուսումնական ծրագրերը, ուսումնական նյութերը և դասավանդման մեթոդաբանությունը, դրանք համապատասխանեցնել օրվա արդիական խնդիրներին և պահանջներին, կրթության ժամանակակից տեխնոլոգիաներին>>,-իր ելույթում նշեց ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանը, ապա ավելացրեց. <<Կրթությունը այն ոլորտն է, որտեղ պարտվողներ չկան, բոլորը շահող են: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ մենք միայն բարիք ենք ստեղծում և մեր լավ աշխատանքը ընդամենը բարիքի ծավալն է մեծացնում>>:
Շնորհավորելով ունկնդիր-շրջանավարտներին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հորդորեց մղումներում լինել ազնիվ, որոշումներում՝ անաչառ, դատելուց էլ՝ արդար: Նախարարը նաև երախտիքի և գնահատանքի խոսքեց ասաց՝ ուղղված Արդարադատության ակադեմիային և ռեկտորին: <<Արդարադատության ակադեմիայի ռեկտոր պարոն Մելիքյանի անհատական ջանքերի և նվիրումի շնորհիվ է, որ այսօր փաստում ենք Արդարադատության ակադեմիայի կայացած լինելը>>,-նշեց ՀՀ արդարադատության նախարարը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կարծիքով ևս այսօր Արդարադատության ակադեմիան ունակ է որակյալ կադրեր պատրաստել և վերապատրաստել մեր արդարադատության համակարգի համար, ինչը, ըստ նրա, առաջին հերթին ակադեմիայի ռեկտոր պարոն Մելիքյանի ձեռքբերումն է:
<<Կարճ ժամանակահատվածում Արդարադատության ակադեմիան կայացավ և այն այսօր դատական ու դատախազական համակարգերի համար անկասկած բարիքներ է բերում>>,-իր ելույթում նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2015թ. փետրվարի 23-ից դեկտեմբերի 11-ը՝ հինգ հատվածով (ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ժամկետի տևողությունը կազմել է 1230 ակադեմիական ժամ, որից 400 ժամը դասընթացներն էին, 40 ժամը` քննաշրջանը, 770 ժամը` փորձաշրջանը, 20 ժամը` հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ժամաքանակը:
Տեղեկացնենք, որ ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համագործակցության նոր հուշագիր է կնքվել
Դեկտեմբերի 9-ից 11-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում, Վիեննայում մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) 4-րդ խորհրդաժողովին:
Այցի շրջանակում Ռուբեն Մելիքյանը և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի տնօրեն և գործադիր քարտուղար Մարտին Կրոյտները համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել:
Հայաստանի Հանրապետությունը 2014թ. մարտի 15-ից պաշտոնապես հանդիսանում է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ: Հեղինակավոր այս կառույցի գործունեությունն ուղղված է կոռուպցիան կանխելուն եւ արդյունավետ կերպով հաղթահարելուն՝ այդ նպատակի իրականացման համար ապահովելով հակակոռուպցիոն կրթության եւ մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն, նախաձեռնելով կոռուպցիայի ոլորտին վերաբերող տարբեր ուսումնասիրություններ, տրամադրելով տեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ խրախուսել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային համագործակցությունն ու կապերի հաստատումը։
Ակադեմիայի հեռաուսուցման ծրագրերն արժանացել են բարձր գնահատանքի
<<Մենք խիստ տպավորված ենք ու հաճելիորեն զարմացած, թե որքան որակյալ, մտածված և առաջադիմական մեթոդների կիրառմամբ են մշակված հեռաուսուցման դասընթացները>>,-պատասխանելով լրագրողների` hեռաուսուցման ծրագրերի մասին հարցին, նշեցին ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի միջազգային դատական կապերի տնօրեն Միրա Գուր-Արիան և կրթական հարցերով ավագ մասնագետ Ջեյմս Բուքենանը:
Այս օրերին Հայաստանում են դատական ոլորտում վերապատրաստում իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկի՝ ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի ներկայացուցիչները: Առիթը Արդարադատության ակադեմիայում անցկացվող <<Մանկավարժական կարողությունների զարգացում. դատավորների ուսուցման տեխնիկան և արվեստը>> թեմայով երկօրյա դասընթացն էր:
Ամերիկյան հեղինակավոր կենտրոնի առաջատար փորձագետները, ծանոթանալով Ակադեմիայի գործունեությանը, մասնավորապես՝ Ակադեմիայի կողմից մշակված հեռաուսուցման դասընթացներին, չափազանց բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ հեռաուսուցման նյութերը հաջողված են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումներով:
<<Մեզ զարմացրեց, թե ծրագրերի մշակողները ինչպես են ուսումնասիրել և հաշվի առել այն բոլոր կարիքները, որոնք երկարաժամկետ կտրվածքով կարող են առաջանալ դատավորների մոտ: Մյուս կողմից՝ շատ զգուշավոր մոտեցում է ցուցաբերվել՝ հաշվի առնելով այն, թե ինչքան ժամանակ իրականում դատավորները կարող են տրամադրել հեռաուսուցմանը>>,-ընդգծեց Միրա Գուր-Արիան: Նրա խոսքով՝ կառուցվածքից ոչ պակաս կարևոր է նաև այն, որ ծրագրերի մշակման աշխատանքային խումբը մեծ նշանակություն է տվել հեռաուսուցման փաթեթի արտաքին գրավչությանը, ինչը կարող է ստիպել ուսումնառուին նորից վերադառնալ այդ նյութերին:
Հեռաուսուցման ամբողջական փաթեթը հյուրերը լուսանկարել են, որպեսզի Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես ներկայացնեն իրենց գործընկերներին՝ իբրև լավ փորձի օրինակ:
http://justiceacademy.am/#615