Վերապատրաստողների վերապատրաստում և նոր դասընթացների քննարկում
Հունիսի 24-ից 26-ը Ծաղկաձորում անցկացվեց վերապատրաստողների եռօրյա վերապատրաստում` նվիրված խափանման միջոց կալանավորմանը ինչպես նաև խոցելի տուժողների/վկաների և կասկածյալների ներգրավմամբ իրականացվող քննությանը: Դասընթացին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Վերապապատրաստման մասնակիցները առաջիկայում կդասավանդեն Արդարադատության ակադեմիայում:
Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցնող ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակվել է 4 դասընթաց (մոդուլ), որոնցից երկուսը մանրամասն քննարկվել են այս վերապատրաստման ընթացքում, իսկ մյուս երկուսը ներկայացվել էին դեռևս հունիսի սկզբին: Այս անգամ փորձագետների կողմից ներկայացվել են <<Մինչդատական կալանքը և քննության հարակից հիմնախնդիրները>> և <<Խոցելի տուժողների/վկաների և կասկածյալների մասնակցությամբ իրականացվող քննությունը>> դասընթացները:
Նոր մշակված դասընթացները ներառվելու են Արդարադատության ակադեմիայի ուսուցման ծրագրերում: Դասընթացների նյութերը նախատեսվում է հրատարակել նաև առանձին ձեռնարկներով:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի <<Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ>> համատեղ ծրագրի շրջանակում: Դասընթացը վարում էին Եվրոպայի խորհրդի միջազգային և տեղական փորձագետներ Խուան Կառլոս Դա Սիլվան (Իսպանիա), Վեյն Ջորդաշը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև տեղական փորձագետներ, Արդարադատության ակադեմիայի դասախոսներ Արա Ղազարյանը և Դավիթ Թումասյանը: