Ակադեմիայի պատվիրակությունը՝ HELP ծրագրի համաժողովին
Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ հունիսի 4-5-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթական՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովին: Այս անգամ այն նվիրված էր մարդու իրավունքների ուսուցման գործընթացում իրավաբանների և այլ մասնագետների փոխհարաբերություններին և դրանց առնչվող հարցերին:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Ակադեմիայի հեռավար ուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ով նաև հանդիսանում է ԵԽ հեռավար ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ, ինչպես նաև Գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանը: Վերջինս Հայաստանում HELP ծրագրի կոորդինատորն է: Մեր պատվիրակությունը համաժողովին ներկա ԵԽ 47 անդամ երկրների մասնակիցներին ներկայացրել է Ակադեմիայի կողմից մշակված հեռաուսուցման փաթեթը, որն ընդգրկում է <<Սթրեսի և ժամանակի կառավարում>> դասընթացի համար նախատեսված համապատասխան նյութեր: Փաթեթը մասնակիցների շրջանում բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել, քննարկվել են գործընկեր երկրների համապատասխան կառույցների շահառուների վերապատրաստման համար այն թարգամանելու և ներդնելու հնարավորությունները: Այս պահին Ակադեմիայում մշակվում է նաև մեկ այլ՝ <<Հռետորիկա և փաստարկում>> դասընթացի փաթեթը, որի սեղմ տարբերակը ևս առաջիկայում հասանելի կդառնա եվրոպացի գործընկերներին:
Հայաստանում HELP ծրագրի կոորդինատոր Էմիլ Ամիրխանյանը ներկայացրել է իրավական ոլորտի մասնագետների շրջանում HELP ծրագրի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ իրազեկման ապահովման ուղղությամբ կատարված քայլերը և առաջիկա անելիքները: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության ակադեմիայի կողմից համատեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ 4 դասընթացների մասով (<<ՄԻԵԴ նախադեպային իրավունքի հիմնահարցերը քրեական գործերով>>, <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը քաղաքացիական դատավարությունում>>, <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը վարչական դատավարությունում>>, <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության պաշտպանության ոլորտում>>) մշակվել են դասավանդման նյութեր: Բացի այդ, ավարտին են հասցվում <<Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի հիմունքները>> դասընթացի մշակման աշխատանքները, որի դասավանդումը նախատեսվում է իրականացնել HELP ուսուցման հարթակի միջոցով: Համաժողովի շրջանակում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ, նաև ուրվագծվել են 2016թ.-ի անելիքները:
Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է Ժնևյան համաժողովին
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հրավերով, մայիսի 28-29-ը Ժնևում մասնակցել է համաժողովի՝ նվիրված Միջազգային մարդասիրական իրավունքի գծով վերապատրաստումների նոր ռազմավարության մշակմանը: Համաժողովին մասնակցել է 30-ից ավելի ներկայացուցիչ բոլոր աշխարհամասերից:
Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրավունքի ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման իրենց երկրի փորձը՝ ինչպես բովանդակային, այնպես էլ կառուցվածքային առումներով:
Ռ.Մելիքյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է մեր երկրի փորձը՝ Արդարադատության ակադեմիայի գործունեության համատեքստում: Ակադեմիայի ռեկտորն անդրադարձել է մասնագիտական պատրաստման ու վերապատրաստման անցկացմանը, կրթական գործի արդյունավետ կազմակերպման մեխանիզմներին՝ հատուկ շեշտադրելով հեռավար ուսուցման ռազմավարության կարևորությունը: Խորհրդաժողովի արդյունքներով ձեռք են բերվել գործակցության պայմանավորվածություններ:
ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազների այցը Ակադեմիա
Մայիսի 26-ին Արդարադատության ակադեմիա են այցելել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ու ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի ուղեկցությամբ հյուրերը` ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Էմիլ Բաբայանը շրջայց են կատարել, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին, հետևել լսարաններում ընթացող դասերին: Հայկական երկու հանրապետությունների Գլխավոր դատախազները եղել են նաև այն քննասենյակում, որտեղ այդ պահին ընթանում էր դատախազի 16 թեկնածուների <<Դատախազի մասնագիտական էթիկա>> առարկայի գրավոր քննությունը: Ընդգծելով գիտելիքի բացառիկ կարևորությունն արդի ժամանակաշրջանում՝ Գևորգ Կոստանյանն Ակադեմիայի ունկնդիրներին կոչ է արել լավ սովորել, անընդհատ կատարելագործվել, քայլել իրավունքի զարգացմանը համընթաց:
Այնուհետև անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիայի կողմից կատարված աշխատանքը, առաջիկա ծրագրերը՝ առանձնահատուկ շեշտելով մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցերը:
Հյուրերը հետաքրքրվել են այս պահին Ակադեմիայում ԼՂՀ-ից մասնագիտական պատրաստում անցնող դատախազի 5 թեկնածուների ուսումնական առաջադիմությունից՝ հատուկ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղին հարկավոր են բացառապես որակյալ ու բանիմաց մասնագետներ: Ակադեմիայում ուսումնառությունը հաջողությամբ ավարտելու դեպքում հենց այդ կադրերն են համալրելու ԼՂՀ դատախազական համակարգը:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կապահովի զարգացման նոր հեռանկարներ:
Արդյունավետ աշխատաժողով՝ Հայաստանի և ԱՄՆ դատավորների մասնակցությամբ
Մայիսի 11-12-ը Արդարադատության ակադեմիայում անցկացվեց <<Սնանկություն, լուծարում և մտավոր սեփականության իրավունքի հարցերը սնանկության վարույթում>> երկօրյա աշխատաժողով: ԱՄՆ առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Արդարադատության ակադեմիայի համագործակցության արդյունքում անցկացվող աշխատաժողովին մասնակցեց 21 դատավոր ՀՀ վճռաբեկ դատարանից, ինչպես նաև Երևանի և մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից: Աշխատաժողովն անցկացրին ԱՄՆ սնանկության գործերով դատարանի գլխավոր դատավոր Նանսի Ալքիստն ու ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Մարվին Գարբիսը: Աշխատաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վուդվորդ Կլարկ Փրայսը, CLDP-ի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը գոհունակությամբ նշեց, որ աշխատաժողովը հնարավորություն է ստեղծում Հայաստանի Հանրապետությունում գործող դատավորներին ծանոթանալ Միացյալ Նահանգների՝ որպես այս ոլորտում առաջատար երկրներից մեկի փորձին, ինչը, նրա համոզմամբ, կօգտագործվի մեր դատական պրակտիկան առավել կատարելագործելու համար:
Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ԱՄՆ-ում գործող փորձառու դատավորների հետ քննարկել սնանկության գործերի վարույթում առկա հիմնահարցերը, մասնավորապես քննարկման առարկա դարձան անձանց սնանկ ճանաչելու, լուծարման և սնանկության վարույթում մտավոր սեփականության օբյեկտների տնօրինման վերաբերյալ ԱՄՆ օրենսդրական կարգավորումները և դատական պրակտիկան:
«Հիշում եմ և պահանջում»
Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը և ունկնդիրները` ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի շուրջը և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշելու, հիշեցնելու և պահանջելու մասին.
Ակադեմիայի պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ
Ապրիլի 10-ին Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է: Այցի շրջանակում նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ դատաիրավական համակարգի միջև կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերով համագործակցության իրականացման խնդիրների քննարկումը, ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի և ԼՂՀ դատախազության հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրումը:
Վաղ առավոտյան պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց, հարգանքի տուրք մատուցեց ազատամարտում զոհվածների հիշատակին, ծաղիկներ խոնարհեց հուշակոթողին:
Աշխատանքային այցը մեկնարկեց ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ հանդիպումով: Ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նախարարին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների պատրաստման, դատավորների ու դատախազների, ինչպես նաև դատական ու դատախազության համակարգերի աշխատողների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Ռուբեն Մելիքյանը նշեց, որ 2015 թվականին Ակադեմիայի ունկնդիրների թվում են դատախազի 5 թեկնածու Արցախից, ովքեր ուսումնառությունը հաջողությամբ ավարտելուց հետո համալրելու են ԼՂՀ դատախազական համակարգը: Նախատեսվում է սույն թվականի աշնանը Արդարադատության ակադեմիայում նաև ԼՂՀ դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստում իրականացնել:
ԼՂՀ արդարադատության նախարարը կարևորեց ԼՂՀ դատավորների և դատախազների որակյալ մասնագիտական պատրաստման և վերապատրաստման հարցերը, ինչը, նախարարի համոզմամբ, Արդարադատության ակադեմիան կապահովի:
Հուշագիր՝ Ակադեմիայի և ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի միջև
Այցի շրջանակում Ակադեմիայի պատվիրակությանը հյուրընկալեց նաև ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահը: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ, Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Նարինե Նարիմանյանը համագործակցության վերաբերյալ փոխմբռման հուշագիր ստորագրեցին:
Կարևորելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դատական համակարգերի կատարելագործումն ու գործունության արդյունավետության բարձրացումը՝ կողմերն ընդգծեցին երկկողմ շփումների ակտիվացման անհրաշետությունը:
Արդարադատության ակադեմիան ԼՂՀ դատավորների, դատավորների թեկնածուների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումն իրականացնելու է համապատասխանաբար առկա և հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանը և ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնակատար Մարատ Ավանեսյանը:
Քննարկվեցին դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստմանն առնչվող հարցեր: Այս տարեվերջին Ակադեմիայի ունկնդիրների թվում առաջին անգամ կլինեն նաև դատավորի թեկնածուներ ԼՂՀ-ից:
Հուշագիր՝ Ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև
Պատվիրակությունը եղավ նաև ԼՂՀ գլխավոր դատախազությունում: Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:
Հուշագրի համաձայն՝ Արդարադատության ակադեմիայում նախատեսվում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրված անձանց և դատախազների պատշաճ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում, ինչպես նաև նպաստել երկու պետությունների դատախազության համակարգերի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը: Հուշագրի նպատակներից է նաև համագործակցությունը գիտական ոլորտում:
Փոխըմբռման հուշագրի պաշտոնական արարողությունից հետո կողմերը քննարկեցին որակյալ կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցեր: Արդարադատության ակադեմիայում այս տարի մասնագիտական պատրաստում է ստանում դատախազի 5 թեկնածու՝ ՀՀ դատավորի և դատախազի թեկնածուների հետ ուսուցման միասնական ծրագրով: Այս կերպ, ըստ Ռ. Մելիքյանի, նաև մասնագիտական հետագա շփումներ ունենալու հիմքեր են դրվում, ինչն ավելի հեռանկարային նշանակություն ունի:
Կարևորելով Ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը՝ Ռուբեն Մելիքյանը երկու հանգամանք առանձնացրեց: Նախ՝ համապատասխան իրավական հարաբերությունները կարգավորելու նպատակով իրավական հիմքի վրա են դրվում համագործակցության զարգացման հեռանկարները, ապա՝ ապահովում է մասնագիտական պատրաստման գործընթացում ԼՂՀ դատախազի և դատավորի թեկնածուների ներգրավումը:
Հուշագրի տեքստը ԼՂՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում՝ http://www.genprocnkr.am/2011-02-18-09-13-34/2011-02-18-09-18-51/493-2015-04-11-12-52-36?lang
Արցախի պետական համալսարանում
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ, այցելեց Արցախի պետական համալսարան: Պատվիրակության անդամներին ընդունեց համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մանուշ Մինասյանը:
Ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, նաև խոսեց ուսումնական գործընթացին առնչվող հարցերի մասին: Հանդիպման ընթացքում կարևորվեց գրագետ և բանիմաց շրջանավարտներ ունենալու հարցը, քանի որ Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի այսօրվա ուսանողներից շատերը կարող են լինել Ակադեմիայի վաղվա ունկնդիրները:
Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը ԱրՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առաջ հանդես եկավ դասախոսությամբ: Այն նվիրված էր ժամանակակից քրեական դատավարության զարգացման ուղղություններին: Քննարկվող թեմայի շրջանակում և՛ դասախոսներին, և՛ ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ էին: Պատասխանելով ներկաների հարցերին՝ ռեկտոր Ռ. Մելիքյանը խոսեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի առանձին դրույթների և դրանց կարևորության մասին:
Ուսանողները երախտագիտություն հայտնեցին այցի և դասախոսության համար՝ ցանկություն հայտնելով նման ձևափափով հանդիպումները հաճախակի դարձնել: ԱրՊՀ ռեկտորն իր հերթին կարևորեց այս հանդիպումը,՝ այն համարելով չափազանց օգտագակար ապագա իրավաբանների համար:
Արդարադատության ակադեմիայի ռեկտորը նաև ներկա գտնվեց համալսարանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ուսանողական նկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:
Արդարադատության ակադեմիայի պատվիրակության աշխատանքային այցը ԼՂՀ ամփոփ ներկայացվել է Արցախի ՀԸ եթերում:
Դասախոսություն-քննարկում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
Արդարադատության ակադեմիան նախաձեռնել է միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մեկնարկը տրվեց դասախոսություն-քննարկմամբ, որը վարեց միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանը:
Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների և դատախազների թեկնածուների, նաև աշխատակազմի առջև Վլ. Վարդանյանը հանդես եկավ <<Ցեղասպանությունը՝ միջազգային իրավունքի համատեքստում>> թեմայով դասախոսությամբ: Նա անդրադարձավ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգին, Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների նկատմամբ այդ հայեցակարգի կիրառելիությանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության նկատմամբ ՄԱԿ-ի 1948թ. <<Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի>> գործողության հնարավորությանը:
Միջազգային իրավունքի մասնագետը հանգամանալից խոսեց միջազգային իրավունքում ցեղասպանության հիմքերի, վաղեմության ժամկետի, թուրքական կողմի փաստարկների և դրանց դեմ առկա հնարավոր հակափաստարկների մասին: Բանախոսը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Դրանք վերաբերում էին ցեղասպանության ճանաչման գործընթացին, դրա հետևանքներին, տարածքների փոխհատուցման մասին իրավական հիմնավորումներին, նոր սերնդի իրավաբանների անելիքներին:
Կարևորելով նման հանդիպումների անցկացումը՝ Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մեզանում Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին չափազանց քիչ է խոսվում, մինչդեռ իրավաբանները շատ ասելիք ու անելիք ունեն այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ այս հարցում էմոցիաների հետ մեկտեղ լուրջ փաստարկներ ունենք, որոնք անհրաժեշտ հիմք են Հայոց ցեղասպանության իրավական ճանաչման համար:
Հակակոռուպցիոն քաղաքականության առաջատար մասնագետը՝ Արդարադատության ակադեմիայում
Արդարադատության ակադեմիան ապրիլի 2-ին հյուրընկալել էր հակակոռուպցիոն քաղաքականության առաջատար մասնագետ, բրիտանական <<Integrity Action>> միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Ֆրեդրիկ Գալթունգին:
Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ հանդիպումից հետո Ֆ. Գալթունգը Ակադեմիայի ունկնդիրների առջև հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված հանրային կառավարման ոլորտում հակակոռուպցիոն նոր ռազմավարություններին և դրանց իրականացման գործնական հարցերին:
Վերջին 20 տարիներին Ֆրեդրիկ Գալթունգը կոռուպցիայի վերահսկողության վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 40 երկրում՝ աշխատելով կառավարությունների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, տարբեր ընկերությունների ու հիմնադրամների, զարգացման գործակալությունների հետ:
Միջազգային փորձագետը դասախոսություններով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, դրանց թվում են Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի համալսարանները: Կարևորելով արդարադատության բացառիկ դերը կոռուպցիայի նվազեցման գործում՝ բանախոսը ոչ միայն ներկայացրեց որոշ տեսական դրույթներ, այլև անդրադարձավ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի ներկա իրավիճակին՝ վերլուծելով և գնահատելով տարբեր երկրների դրական և բացասական փորձը: Քննարկվող թեմայի շրջանակում միջազգային փորձագետը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Փոխըմբռման հուշագիր՝ Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև
Մարտի 7-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն ու ՀՀ Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը փոխըմբռման հուշագիր ստորագրեցին՝ համատեղ դասընթացներ իրականացնելու վերաբերյալ:
Մանրամասները՝ www.iravaban.net կայքի պատրաստած տեսանյութում:
Մեկնարկեց 2015 թվականի ուսումնական գործընթացը
Արդարադատության ակադեմիայում 2015 թվականի ուսումնական գործընթացի մեկնարկը տրված է:
Փետրվարի 23-ից սկսվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Այս տարի Ակադեմիայի ունկնդիրների թիվը 26 է՝ դատավորների 10 և դատախազների 16 թեկնածու: Ընդ որում՝ Ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական պատրաստում են ստանում դատախազի 5 թեկնածուներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է մոտ 10 ամիս (2015 թվականի փետրվարի 23-ից դեկտեմբերի 11-ը), որն ընդգրկում է լսարանային ուսուցում (4 կրթական հատվածով) և ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջան (հունիսի 8-ից հոկտեմբերի 16-ը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1230 ակադեմիական ժամ է:
Ուսուցման ծրագրով նախատեսված է և՛ մասնագիտական, և՛ հարակից առարկաների դասավանդում: Որպես դատավորների և դատախազների թեկնածուների կրթական ծրագրերի մերձեցման գործընթացի դրսևորում՝ Ակադեմիայում որոշ դասընթացների ուսուցանումն իրականացվելու է համատեղ: