ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

774

20.09.2016

«Ներսես Շնորհալի» հուշամեդալներ՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը և Հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով պարգևատրվել են Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալներով:

 

Սեպտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ հուշամեդալների հանձնման արարողությունը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, հանձնելով հուշամեդալները, շնորհավորեց պարգևատրվածներին և հատուկ ընդգծեց ակադեմիայի կայացման գործում նրանց ունեցած մեծ ներդրումը:

 

«Այդ արդյունքը չէր գրանցվի, եթե չլինեին իրենց գործին նվիրված աշխատակիցներ՝ ի դեմս Ակադեմիայի նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանի:

 

Կառույցի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ նաև Էմիլ Ամիրխանյանը, որի կազմած աշխատանքային ծրագրերը բարձր գնահատականի են արժանանում և՛ տեղացի, և՛ միջազգային գործընկերների կողմից:

 

Ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև Արտաշես Խուրշուդյանի կատարած աշխատանքը՝ Ակադեմիայում հեռավար ուսուցման համակարգի ներդրման գործում, որն օրինակելի է դարձել Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություն:

 

Լուսանկարները՝ www.moj.am

773

15.09.2016

<<Փախստականների իրավունք>>. մշակվել և ներդրվել է հեռաուսուցման նոր դասընթաց

Արդարադատության ակադեմիան՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ մշակել է հեռաուսուցման նոր դասընթաց, որը նվիրված է փախստականների իրավունքին: Դասընթացը նախատեսված է ՀՀ վարչական դատարանի դատավորների համար: Դասընթացի մեկնարկը սեպտեմբերի 15-ին է, ընդհանուր տևողությունը՝ 10 շաբաթ: Փախստականների միջազգային իրավունքին նվիրված հեռաուսուցման փաթեթն ու անհրաժեշտ բոլոր մեդիա նյութերը հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ justiceacadamy.am հասցեով: Բացի այդ՝ Արդարադատության ակադեմիան մշակել է նաև էլեկտրոնային ուսուցման պլատֆորմ <<Փախստականների իրավունք>> դասընթացը էլեկտրոնային ուսուցման ձևաչափով մատուցելու համար:

 

Հեռաուսուցման նոր դասընթացը բարձր գնահատականի է արժանացել գործընկեր կազմակերպությունների կողմից: Օրերս ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր սեմինար-քննարկում իր գործընկեր կառույցների հետ, որի ընթացքում Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է <<Փախստականների իրավունք>> հեռաուսուցման դասընթացը, մասնավորապես՝ այդ դասընթացի ինքնուրույն ուսուցման համար նախատեսված ակադեմիայի կայքի էլեկտրոնային էջը (justiceacademy.am) և նորաստեղծ էլեկտրոնային պլատֆորմը (elearn.justiceacademy.am), որի միջոցով իրականացվելու է այդ դասընթացի էլեկտրոնային ուսուցումը:
Էլեկտրոնային էջը բաց է բոլոր հետաքրքրվողների համար, իսկ էլեկտրոնային պլատֆորմը՝ միայն գրանցված օգտատերերի համար:

 

<<Փախստականների իրավունք>> դասընթացի կարևորությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին աշխարհում նկատվում է փախստականների թվի աճ, ինչն էական ազդեցություն է ունեցել և ունի Հայաստանի Հանրապետության վրա, որը բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների և տեղահանված անձանց թվով առաջատարներից է Եվրոպայում։ Հանգամանք, որը հրատապ է դարձնում փախստականների իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացությունն ու դրա հիման վրա համապատասխան քայլերի իրագործումը:

772

29.07.2016

Դիպլոմներ երրորդ սերնդի շրջանավարտներին

Հուլիսի 29-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտին:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց և դիպլոմներ հանձնեց ակադեմիայի երրորդ սերնդի շրջանավարտներին՝ դատավորների 9 թեկնածուներին (7-ը՝ քաղաքացիաիրավական, 2-ը՝ վարչաիրավական մասնագիտացումներով):

 

Նրանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է 2015թ. օգոստոսի 31-ից 2016թ. հունիսի 17-ը՝ հինգ հատվածով, ընդհանուրը՝ 1230 ակադեմիական ժամով, ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

 

Մասնագիտական շուրջ 9,5 ամսվա ուսուցումը նպատակաուղղված էր ունկնդիրների՝ դատավորի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը, կարողությունների խորացմանը և հմտությունների ձևավորմանը:

 

Լսարանային ուսուցումն իրականացվել է ընդհանուր, հատուկ մասնագիտական և հարակից դասընթացների մոդուլների հիման վրա։

 

Ունկնդիրները մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնել են 20  (քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ) և 23 (վարչաիրավական մասնագիտացմամբ) քննություն:

 

Ռեկտոր Ս. Առաքելյանը հույս հայտնեց, որ շրջանավարտներն ի զորու են անել հնարավորը, որպեսզի նպաստեն դատական համակարգի բարելավմանը, արդարադատության և դատավորի հանդեպ հասարակության վստահության բարձրացմանը:

 

<<Դուք նոր ժամանակի և նոր սերնդի դատավորներ եք դառնում, իսկ դա նշանակում է, որ ձեր պատասխանատվության ու պրոֆեսիոնալ արդյունավետության նկատմամբ պահանջները չափազանց մեծ են:

 

Վստահ եմ, որ ուժ, եռանդ և գիտելիք չեք խնայի ձեր առջև դրված խնդիրները լավագույնս լուծելու, արդարադատության ոլորտին նոր շունչ հաղորդելու համար>>,-իր ելույթում նշեց ռեկտորը:

 

Շրջանավարտներին շնորհավորեց նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների նախագահ Երվանդ Խունդկարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա շրջանավարտները գիտակցում են այն բարձր պատասխանատվությունը, որ դրվելու է յուրաքանչյուրի վրա դատավորի բարձր առաքելությունն իրականացնելիս:

 

<<Առաքելություն, որովհետև յուրաքանչյուրն իր գործունեության հիմնական նպատակ պետք է դարձնի անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, որակյալ և անաչառ արդարադատության իրականացումը>>,-իր ելույթում նշեց Ե. Խունդկարյանը:

 

<<Ակադեմիան կայացել է այս տարիների ընթացքում՝ որպես դատական իշխանության կադրային ապահովման առանձին ինստիտուտ>>,-իր ելույթում շեշտեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը՝ միաժամանակ ողջունելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով շրջանավարտներին:

 

Երախտիքի խոսքով հանդես եկան նաև ակադեմիայի շրջանավարտները: Ռուստամ Մախմուդյանի խոսքն ուղղված էր ակադեմիայի ղեկավարությանն ու աշխատակազմին, իսկ Նաիրա Մխիթարյանն անկեղծորեն նշեց, որ գրեթե 9,5 ամսվա մասնագիտական ուսուցման ընթացքում իրենք բազմապատկել են իրենց մասնագիտական գիտելիքները, ունակությունները, բարձրացել է իրավական գիտակցությունը, այժմ հասել է արդարադատության իրականացման ժամանակը:

 

Ավելին, շրջանավարտները հավաստիացրին, որ իրենց գործունեությամբ կնպաստեն ակադեմիայի անունն ու հեղինակությունը բարձրացնելուն:

771

19.07.2016

Օրը քննական է քննիչի թեկնածուների համար

Արդարադատության ակադեմիայում քննաշրջանը շարունակվում է, որը սահմանված կարգով անցկացվում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում ուսուցման յուրաքանչյուր հատվածի ավարտից հետո: Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման առաջին խմբի քննաշրջանը մեկնարկել է հուլիսի 18-ին և կավարտվի հուլիսի 23-ին: Այսօր 26 ունկնդիր բանավոր քննություն է հանձնել <<Կրիմինալիստիկական մեթոդիկայի արդի հարցերը>> դասընթացից:

 

Տեղեկացնենք, որ քննիչների թեկնածուների ուսուցումը կազմակերպվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2016թ. փետրվարի 18-ի թիվ 5-Ա որոշման հիման վրա մշակված ուսուցման ծրագրի համաձայն: Այն նպատակ ունի ձևավորել ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ, ընդլայնել մասնագիտական գիտելիքների ծավալը ընդհանուր, հատուկ և հարակից մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա։ Ուսուցման ծրագրով նախատեսված է ուսումնառության՝ դասընթացների (ներառյալ՝ քննաշրջանի) և փորձաշրջանի ընդհանուր ժամաքանակը՝ 1670 ակադեմիական ժամ: Ուսումնառության տևողությունը շուրջ ութ ամիս է (2016 թվականի մարտի 1-ից նոյեմբեր 4-ը)՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը:

770

18.07.2016

Մեկնարկեց դատախազի թեկնածուների հերթական քննաշրջանը

Հուլիսի 18-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց դատախազի թեկնածուների հերթական քննաշրջանը, որը սահմանված կարգով անցկացվում է մասնագիտական պատրաստման ընթացքում ուսուցման յուրաքանչյուր հատվածի ավարտից հետո:

 

Այսօր գրավոր քննություն հանձնեց դատախազի 11 թեկնածու <<Կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդի հարցերը>> առարկայից: Ուսուցման երրորդ հատվածին հաջորդող քննաշրջանը մեկնարկեց հուլիսի 18-ին և կշարունակվի մինչև օգոստոսի 5-ը:

 

Տեղեկացնենք, որ դատախազի թեկնածուների ուսուցումը կազմակերպվում է ակադեմիայի կողմից <<Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա մշակված ծրագրի համաձայն: Այն նպատակաուղղված է ունկնդիրների մոտ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը ընդհանուր, հարակից և հատուկ մասնագիտական դասընթացների մոդուլների հիման վրա:

 

Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը սահմանված է 1240 ակադեմիական ժամ: Դասընթացների (ներառյալ՝ քննաշրջանի) ընդհանուր ժամաքանակը 440 ակադեմիական ժամ է (ներառյալ՝ 40 ակադեմիական ժամ քննաշրջանի համար), իսկ հրավիրյալ դասախոսություններինը՝ 20 ակադեմիական ժամ:

 

Ուսումնառության տևողությունը 9,5 ամիս է (2016 թվականի մարտ 1-ից դեկտեմբերի 16-ը)՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը (օգոստոս 15-ից դեկտեմբեր 16-ը):

769

15.07.2016

Դասախոսություն պատերազմական հանցագործությունների կանխարգելման և քրեական հետապնդման վերաբերյալ

Հուլիսի 15-ին Արդարադատության ակադեմիայում <<Պատերազմական հանցագործությունների կանխարգելումը և քրեական հետապնդումը>> թեմայով բաց դասախոսությամբ հանդես եկավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային իրավախորհրդատու Անաստասիա Կուշլեյկոն:

 

Դասախոսությունից առաջ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լսարանին ներկայացրեց 1992 թվականից ի վեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը:

 

Անաստասիա Կուշլեյկոն դասախոսության ընթացքում անդրադարձավ պատերազմական հանցագործություններին և Ժնևի կոնվենցիաներին, ներկայացրեց միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների պատժումը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը պատերազմական հանցագործությունների կանխարգելման գործում և թեմային առնչվող մի շարք այլ հարցեր: Դասախոսությանը հաջորդեց քննարկում՝ հարց ու պատասխանի ձևաչափով:

768

14.07.2016

Ակադեմիայի 2016 թ. շրջանավարտներից հինգը նշանակվեցին դատավորի պաշտոնում

Արդարադատության ակադեմիայի 2016 թվականի ունկնդիր-շրջանավարտներից հինգը, ՀՀ Նախագահի հրամանագրերով, նշանակվել են դատավորի պաշտոնում.


1. Աննա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ - ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

2. Գրիգորի ՎԱՐԴԱՆՅԱՆ - ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

3. Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ - ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

4. Սիմա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ - ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր

5. Արման ՕՀԱՆՅԱՆ - ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:


ՀՀ Նախագահի հրամանագիրը դատավորներ նշանակելու մասին.

http://www.president.am

767

11.07.2016

Նոր դասընթաց ԵԽ երկրների իրավական ոլորտի մասնագետների համար

Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը հուլիսի 6-ից 8-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals - «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար») ծրագրի շրջանակում <<ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում>> դասընթացի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպմանը, որի ընթացքում ավարտին հասցվեցին դասընթացի մշակման աշխատանքները: Աշխատանքային խումբը կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից ընտրված 5 փորձագետներից, որոնք վերջին ամիսներին ակտիվորեն աշխատանքներ էին իրականացնում դասընթացի մշակման ուղղությամբ: Այն դասավանդվելու է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների իրավական ոլորտի մասնագետներին՝ HELP ծրագրի հեռաուսուցման հարթակի միջոցով:

 

Դասընթացի մեկնարկը նախատեսվում է կազմակերպել սույն թվականի օգոստոս ամսին՝ բալկանյան տարածաշրջանի երկրներում: Դասընթացում տեղ գտած իրավական հարցերն արդիական են նաև հայաստանյան իրավական համակարգի և իրավական ոլորտի մասնագետների համար:

766

04.07.2016

Հեռաուսուցման վարչության պետի համահեղինակությամբ նոր ուղեցույց է հրատարակվել

Լույս է տեսել <<Իրավական ոլորտի մասնագետների կրթություն մարդու իրավունքների բնագավառում>> (HELP - Human Rights Education for Legal Professionals) համաեվրոպական ծրագրի իրավական ոլորտի մասնագետների ուսուցման և վերապատրաստման մեթոդաբանական նոր ուղեցույցը, որի համահեղինակներից է Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ, Եվրոպայի խորհրդի հեռաուսուցման և էլեկտրոնային ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ Արտաշես Խուրշուդյանը:

 

HELP ծրագիրը ստեղծել է համաեվրոպական հեռաուսուցման, էլեկտրոնային ուսուցման, հիբրիդային ուսուցման և ինքնաուսուցման համար համընդհանուր էլեկտրոնային հարթակ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների իրավական ոլորտի մասնագետների համար: Այն միակ համաեվրոպական ցանցն է, որն իրականացնում է իրավական և հարակից (ոչ մասնագիտական) առարկաների ուսուցում Եվրոպայի խորհրդի 47 երկրների իրավական ոլորտի մասնագետների՝ դատավորների, դատախազների և այլոց համար: 

 

Մեթոդաբանական այս ուղեցուցը հասանելի է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային և էլեկտրոնային-ինտերակտիվ տարբերակներով: Այն մշակվել է Եվրոպայի խորհրդի բոլոր երկրներում իրավական ոլորտի մասնագետների ուսուցումն ու շարունակական վերապատրաստումն ավելի արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու նպատակով: 

 

Մեթոդաբանական ուղեցույցը ներկայացնում է հեռաուսուցման, էլեկտրոնային ուսուցման, հիբրիդային ուսուցման և ինքնաուսուցման եղանակներով իրավական ոլորտի մասնագետների համար ուսուցման և վերապատրաստման ծրագրերի անցկացման նորարարական մեթոդներն ու սկզբունքները:

765

28.06.2016

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

<<Արդարադատության ակադեմիա>> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 59-րդ կետի համաձայն՝ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցող յուրաքանչյուր հավակնորդ ներկայացնում է ծրագիր՝ ռեկտորի պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության ուղղությունների, բովանդակության և ակադեմիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Ղեկավարվելով կանոնադրության 54-րդ կետի պահանջով՝ հրապարակում ենք հավակնորդների ներկայացրած ծրագրերը:

 

Առաքելյան Սերգեյ

Թորոսյան Սարգիս

Շաքարյան Թամարա