ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Քննարկման թեման էլեկտրոնային մոնիթորինգն էր

01.12.2016

Դեկտեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիա այցելեց և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի երկարաժամկետ փորձագետ Մարտին Սեդոնը (Մեծ Բրիտանիա): Փորձագետը Հայաստանում է <<Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը>> ծրագրի շրջանակում՝ խորհրդատվական բնույթի քննարկումներ անցկացնելու նպատակով:

 

Մարտին Սեդոնը հանդիպման ընթացքում խոսեց պրոբացիոն ծառայության դերի և էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների գործածության մասին: «Էլեկտրոնային մոնիթորինգը» ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների միջոցով հսկողությունն է քրեական արդարադատության գործընթացում ներգրավված անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ: Մոնիթորինգն իրականացվում է անձին ամրակցված հեռակառավարվող սարքավորման միջոցով: Փորձագետը ներկայացրեց էլեկտրոնային մոնիթորինգի ոլորտում դրական փորձը, դրա կիրառությունը եվրոպական երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում:

 

Մ. Սեդոնին հետաքրքրում էր Հայաստանի դատավորների մոտեցումները պրոբացիոն ծառայության նպատակահարմարության վերաբերյալ:

 

Ռեկտորը ներկայացրեց Արդարադատության ակադեմիայում անցկացվող դատավորների վերապատրաստումներից հետաքրքրական մանրամասներ ու նաև ապագայում նախանշված ծրագրեր:

 

Փորձագետը ներկայացրեց հունվարից Հայաստանում պիլոտային ծրագրի շրջանակում կիրառվելիք տնային ռեժիմի պայմաններում էլեկտրոնային մոնթորինգի սարքավորումներից մեկը, դրա կիրառման ձևերն ու պայմանները, առավելություններն ու թերությունները:

 

<<Սարքավորումները թանկարժեք են, բայց հուսալի և լայնորեն կիրառվում են եվրոպական 21 երկրներում, նաև Միացյալ Նահանգներում>>,-նշեց ԵԽ փորձագետը՝ ավելացնելով, որ ազատազրկման վայրերը կբեռնաթափվեն, եթե դատավորներն իրենց ավանդական մոտեցումները փոխեն:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց հյուրին հետաքրքիր քննարկման և օգտակար տեղեկատվության համար:

 

Հանդիպման ավարտին փորձագետը ակադեմիայի գրադարանին նվիրեց <<Էլեկտրոնային մոնիթորինգի ստանդարտները և էթիկական հարցերը>> ձեռնարկը: