Հեռաուսուցման վարչության պետի համահեղինակությամբ նոր ուղեցույց է հրատարակվել
Լույս է տեսել <<Իրավական ոլորտի մասնագետների կրթություն մարդու իրավունքների բնագավառում>> (HELP - Human Rights Education for Legal Professionals) համաեվրոպական ծրագրի իրավական ոլորտի մասնագետների ուսուցման և վերապատրաստման մեթոդաբանական նոր ուղեցույցը, որի համահեղինակներից է Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ, Եվրոպայի խորհրդի հեռաուսուցման և էլեկտրոնային ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ Արտաշես Խուրշուդյանը:
HELP ծրագիրը ստեղծել է համաեվրոպական հեռաուսուցման, էլեկտրոնային ուսուցման, հիբրիդային ուսուցման և ինքնաուսուցման համար համընդհանուր էլեկտրոնային հարթակ Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների իրավական ոլորտի մասնագետների համար: Այն միակ համաեվրոպական ցանցն է, որն իրականացնում է իրավական և հարակից (ոչ մասնագիտական) առարկաների ուսուցում Եվրոպայի խորհրդի 47 երկրների իրավական ոլորտի մասնագետների՝ դատավորների, դատախազների և այլոց համար:
Մեթոդաբանական այս ուղեցուցը հասանելի է ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային և էլեկտրոնային-ինտերակտիվ տարբերակներով: Այն մշակվել է Եվրոպայի խորհրդի բոլոր երկրներում իրավական ոլորտի մասնագետների ուսուցումն ու շարունակական վերապատրաստումն ավելի արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու նպատակով:
Մեթոդաբանական ուղեցույցը ներկայացնում է հեռաուսուցման, էլեկտրոնային ուսուցման, հիբրիդային ուսուցման և ինքնաուսուցման եղանակներով իրավական ոլորտի մասնագետների համար ուսուցման և վերապատրաստման ծրագրերի անցկացման նորարարական մեթոդներն ու սկզբունքները: