Էմիլ Ամիրխանյանը՝ HELP ծրագրի տարեկան համաժողովին
Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտորի պաշտոնակատար, պրոռեկտոր էմիլ Ամիրխանյանի գլխավորությամբ հունիսի 16-ից 17-ը մասնակցել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթական՝ HELP (Human Rights Education for Legal Professionals) ծրագրի տարեկան համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Ակադեմիայի հեռավար ուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը, ով նաև հանդիսանում է ԵԽ հեռավար ուսուցման ծրագրերի մշակման մեթոդոլոգիական խմբի փորձագետ:
Այս անգամ այն նվիրված էր ներպետական նախադեպային իրավունքի ներդաշնակեցմանը և հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդաբանության կատարելագործմանն առնչվող հարցերին:
Համաժողովի մասնակիցներն աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով քննարկումներ են ծավալել աշխատանքային երեք առանձին խմբերով՝ վերհանելով իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման առանձնահատկությունները՝ մեթոդաբանական մոտեցումներ, գնահատման գործիքների ազդեցություն և այլն:
Էմիլ Ամիրխանյանը, ով նաև հանդիսանում է Հայաստանում HELP ծրագրի կոորդինատորը, համաժողովին ներկա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մասնակիցներին է ներկայացրել Ակադեմիայի կողմից մշակված, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին վերաբերող դասընթացներն ու դրանց ուսուցման մեթոդաբանությանն առնչվող մի շարք հարցեր:
Ներկայացվել է նաև իրավական ոլորտի մասնագետների շրջանում HELP ծրագրի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ իրազեկման ապահովման ուղղությամբ կատարված քայլերը և առաջիկա անելիքները:
Համաժողովի շրջանակում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող այլ թեմաներ, նաև ուրվագծվել են հետագա անելիքները: