ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

744

25․12․2015

Դիպլոմներ դատավորի և դատախազի թեկնածուներին

Դեկտեմբերի 25-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2015 թվականի ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին: Հանդիսությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ դատական իշխանության ղեկավարներ, Ակադեմիայի դասախոսներ, հյուրեր: 

 

Այս տարի Արդարադատության ակադեմիայում շուրջ 9.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 10 անձ՝ քրեական մասնագիտացմամբ, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 14 անձ, որոնցից 3-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: 

 

<<Այսօր ամփոփում ենք ուսումնական հերթական շրջափուլը և մեծ լավատեսությամբ քայլում առաջ: 2015 թվականին կարողացանք որոշակիորեն ամփոփել 2014 թվականի արդյունքները, այն բացթողումները, թերությունները, որոնք ունեինք և ավելի մեծ ծավալով ուսումնասիրել մեր գործընկերների փորձը: 2015 թվականին ավելի հարթ տարի ունեցանք, ինչը մեզ համար լավատեսության առիթ է տալիս: Մենք պատրաստվում ենք շարունակական կատարելագործել մեր ուսումնական ծրագրերը, ուսումնական նյութերը և դասավանդման մեթոդաբանությունը, դրանք համապատասխանեցնել օրվա արդիական խնդիրներին և պահանջներին, կրթության ժամանակակից տեխնոլոգիաներին>>,-իր ելույթում նշեց ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանը, ապա ավելացրեց. <<Կրթությունը այն ոլորտն է, որտեղ պարտվողներ չկան, բոլորը շահող են: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ մենք միայն բարիք ենք ստեղծում և մեր լավ աշխատանքը ընդամենը բարիքի ծավալն է մեծացնում>>:

 

Շնորհավորելով ունկնդիր-շրջանավարտներին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հորդորեց մղումներում լինել ազնիվ, որոշումներում՝ անաչառ, դատելուց էլ՝ արդար: Նախարարը նաև երախտիքի և գնահատանքի խոսքեց ասաց՝ ուղղված Արդարադատության ակադեմիային և ռեկտորին: <<Արդարադատության ակադեմիայի ռեկտոր պարոն Մելիքյանի անհատական ջանքերի և նվիրումի շնորհիվ է, որ այսօր փաստում ենք Արդարադատության ակադեմիայի կայացած լինելը>>,-նշեց ՀՀ արդարադատության նախարարը:


ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կարծիքով ևս այսօր Արդարադատության ակադեմիան ունակ է որակյալ կադրեր պատրաստել և վերապատրաստել մեր արդարադատության համակարգի համար, ինչը, ըստ նրա, առաջին հերթին ակադեմիայի ռեկտոր պարոն Մելիքյանի ձեռքբերումն է:


<<Կարճ ժամանակահատվածում Արդարադատության ակադեմիան կայացավ և այն այսօր դատական ու դատախազական համակարգերի համար անկասկած բարիքներ է բերում>>,-իր ելույթում նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

 

Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի և դատախազի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2015թ. փետրվարի 23-ից դեկտեմբերի 11-ը՝ հինգ հատվածով (ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ժամկետի տևողությունը կազմել է 1230 ակադեմիական ժամ, որից 400 ժամը դասընթացներն էին, 40 ժամը` քննաշրջանը, 770 ժամը` փորձաշրջանը, 20 ժամը` հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ժամաքանակը:


Տեղեկացնենք, որ ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

743

11.12.2015

Համագործակցության նոր հուշագիր է կնքվել

Դեկտեմբերի 9-ից 11-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում, Վիեննայում մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) 4-րդ խորհրդաժողովին:


Այցի շրջանակում Ռուբեն Մելիքյանը և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի տնօրեն և գործադիր քարտուղար Մարտին Կրոյտները համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել:

 

Հայաստանի Հանրապետությունը 2014թ. մարտի 15-ից պաշտոնապես հանդիսանում է Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի անդամ: Հեղինակավոր այս կառույցի գործունեությունն ուղղված է կոռուպցիան կանխելուն եւ արդյունավետ կերպով հաղթահարելուն՝ այդ նպատակի իրականացման համար ապահովելով հակակոռուպցիոն կրթության եւ մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն, նախաձեռնելով կոռուպցիայի ոլորտին վերաբերող տարբեր ուսումնասիրություններ, տրամադրելով տեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ խրախուսել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջազգային համագործակցությունն ու կապերի հաստատումը։

742

10.11.2015

Ակադեմիայի հեռաուսուցման ծրագրերն արժանացել են բարձր գնահատանքի

<<Մենք խիստ տպավորված ենք ու հաճելիորեն զարմացած, թե որքան որակյալ, մտածված և առաջադիմական մեթոդների կիրառմամբ են մշակված հեռաուսուցման դասընթացները>>,-պատասխանելով լրագրողների` hեռաուսուցման ծրագրերի մասին հարցին, նշեցին ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի միջազգային դատական կապերի տնօրեն Միրա Գուր-Արիան և կրթական հարցերով ավագ մասնագետ Ջեյմս Բուքենանը:

 

Այս օրերին Հայաստանում են դատական ոլորտում վերապատրաստում իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկի՝ ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի ներկայացուցիչները: Առիթը Արդարադատության ակադեմիայում անցկացվող <<Մանկավարժական կարողությունների զարգացում. դատավորների ուսուցման տեխնիկան և արվեստը>> թեմայով երկօրյա դասընթացն էր:
Ամերիկյան հեղինակավոր կենտրոնի առաջատար փորձագետները, ծանոթանալով Ակադեմիայի գործունեությանը, մասնավորապես՝ Ակադեմիայի կողմից մշակված հեռաուսուցման դասընթացներին, չափազանց բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ հեռաուսուցման նյութերը հաջողված են թե՛ բովանդակային, թե՛ կառուցվածքային առումներով:

 

<<Մեզ զարմացրեց, թե ծրագրերի մշակողները ինչպես են ուսումնասիրել և հաշվի առել այն բոլոր կարիքները, որոնք երկարաժամկետ կտրվածքով կարող են առաջանալ դատավորների մոտ: Մյուս կողմից՝ շատ զգուշավոր մոտեցում է ցուցաբերվել՝ հաշվի առնելով այն, թե ինչքան ժամանակ իրականում դատավորները կարող են տրամադրել հեռաուսուցմանը>>,-ընդգծեց Միրա Գուր-Արիան: Նրա խոսքով՝ կառուցվածքից ոչ պակաս կարևոր է նաև այն, որ ծրագրերի մշակման աշխատանքային խումբը մեծ նշանակություն է տվել հեռաուսուցման փաթեթի արտաքին գրավչությանը, ինչը կարող է ստիպել ուսումնառուին նորից վերադառնալ այդ նյութերին:

 

Հեռաուսուցման ամբողջական փաթեթը հյուրերը լուսանկարել են, որպեսզի Միացյալ Նահանգներ վերադառնալուն պես ներկայացնեն իրենց գործընկերներին՝ իբրև լավ փորձի օրինակ:

 

http://justiceacademy.am/#615

741

06.11.2015

Հաշտարարությանը նվիրված աշխատաժողով՝ Արդարադատության ակադեմիայում

Նոյեմբերի 5-6-ը Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ մեդիացիային (հաշտարարությանը) նվիրված աշխատաժողով, որը վարում էին Նյու Յորքի հարավային շրջանի դատավորներ Սիդնեյ Շթայնը և Քեվին Քասթլը:

 

Իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ՀՀ-ում ներդրված այս նոր ինստիտուտի հիմնական նպատակն է օրենսդրորեն ամրագրել վեճերի արտադատական լուծման մեխանիզմները՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով բեռնաթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև մասնագիտացված մեդիատորների (հաշտարարների) միջոցով առաջացած վեճերի հանդեպ ցուցաբերել ավելի արհեստավարժ մոտեցում:

 

Աշխատաժողովի բացմանը ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը: Նրա խոսքով՝ այս ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի դատավորներին ծանոթանալ լավագույն պրակտիկային, որը կա մեդիացիայի ոլորտում և դրանում դատավորների դերակատարմանը: <<Մեդիացիան կողմերին հնարավորություն է տալիս խնդիրները լուծել ավելի էժան և արագ>>,-նշեց փոխդեսպանը:

 

Երկօրյա աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և Առաջին ատյանի դատարանների դատավորներ:

 

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ առևտրի նախարարության միջազգային առևտրի օրենսդրության մշակման ծրագրի (CLDP) հետ համագործակցության շրջանակում:

740

04.11.2015

Վերապատրաստման համատեղ դասընթացներ՝ դատավորների և փաստաբանների համար

2015 թվականի մարտի 7-ին Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ իրականացվում են դատավորների և փաստաբանների վերապատրաստման համատեղ դասընթացներ:
Նախորդ շաբաթվա ընթացքում անցկացված համատեղ դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը, այդ թվում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրները:

 

Հայաստանի Հանրապետությունում ընթացող սահմանադրաիրավական բարեփոխումների համատեքստում հատուկ շեշտադրում է արվել քրեական դատավարության վերոնշյալ փուլում առկա խնդիրների ու դրանց լուծումների վրա՝ ուղղված քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի հավասարակշիռ պաշտպանության ապահովմանը:

 

Տեղեկացնենք, որ նախատեսվում է նման դասընթացները դարձնել շարունակական:

739

01.11.2015

Հայաստանում են դատական կրթության ոլորտի առաջատար փորձագետները

Հայաստանում են դատական ոլորտում վերապատրաստում իրականացնող առաջատար կազմակերպություններից մեկի՝ ԱՄՆ դաշնային դատական կենտրոնի ներկայացուցիչները:

 

Հոկտեմբերի 29-30-ը Արդարադատության ակադեմիան հյուրընկալել էր կենտրոնի միջազգային դատական կապերի տնօրեն Միրա Գուր-Արիային և կրթական հարցերով ավագ մասնագետ Ջեյմս Բուքենանին: Հանդիպման առիթը <<Մանկավարժական կարողությունների զարգացում. դատավորների ուսուցման տեխնիկան և արվեստը>> թեմայով երկօրյա դասընթացն էր:
Ծրագրին մասնակցում էին ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ, դատավորներ, քննիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Փաստաբանների դպրոցից:

 

Ողջունելով հյուրերին` Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը համոզմունք է հայտնել, որ իրականացվող ծրագրի շնորհիվ ակադեմիայի դասախոսները ավելի կհմտանան պրոֆեսիոնալ իրավաբաններ վերապատրաստելու գործում:
Դասընթացի շրջանակում մասնակիցները փորձագետների հետ միասին տեսական նյութի և գործնական օրինակների հիման վրա, ուսուցման ժամանակակից հնարքներ կիրառելով, քննարկումներ էին ծավալում, խմբային աշխատանքներ կատարում:

738

21.10.2015

Ակադեմիայի պատվիրակության այցը Գերմանիա

Արդարադատության ակադեմիայի պատվիրակությունը հոկտեմբերի 12-ից 15-ը ուսումնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր:

737

17.09.2015

Բարի գալուստ Արդարադատության ակադեմիայի վիրտուալ տարածք

Այսօրվանից գործարկվել է Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքէջը՝ www.justiceacademy.am հասցեով:
Նպատակ ունենալով ապահովել Ակադեմիայի գործունեության հրապարակայնությունը՝ այն հնարավորինս համապարփակ տեղեկատվություն է տրամադրում ոչ միայն Ակադեմիայի կառուցվածքի, գործառույթների ու նպատակների մասին, այլ նաև ներկայացնում է տեղեկատվություն մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող թիրախային խմբերի ուսումնական ծրագրերի, միջազգային համագործակցության, ընթացիկ միջոցառումների և Ակադեմիայի կողմից իրականացվող այլ աշխատանքների վերաբերյալ:

 

Ողջունելով հյուրերին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ ակադեմիան այսուհետ իր ներկայությունն ապահովելու է նաև վիրտուալ իրականությունում: Այս առումով ռեկտորը հատուկ ընդգծեց, որ կայքը հանրության առաջ բաց ու թափանցիկ աշխատելու կարևորագույն գործառույթ է իրականացնելու:

 

Շնորհավորելով ներկաներին՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ շարունակական ուսուցման գործընթացում կայքերը չափազանց մեծ նշանակություն ունեն՝ այդ համատեքստում մեծապես կարևորելով նորաստեղծ կայքի դերը:


www.justiceacademy.am կայքի գործարկմամբ միաժամանակ մեկնարկում է դատավորների և դատախազների հեռաուսուցման եղանակով վերապատրաստման դասընթացը: Այն իրականացվելու է կայքէջի <<Հեռաուսուցում>> բաժնի միջոցով, որտեղ առկա են <<Ժամանակի և սթրեսի կառավարում>> և <<Փաստարկում և հռետորիկա>> դասընթացների նյութերը: Հեռաուսուցման դասընթացի տևողությունը 10 շաբաթ է, նախատեսվում է մինչև տարեվերջ վերապատրաստել շուրջ 200 դատավոր և 300 դատախազ:


Արդարադատության ակադեմիան մշակել է հեռաուսուցման իր ուրույն մեթոդոլոգիան, որն առանձնանում է իր մատչելիությամբ: Մասնավորապես, ունենալով անգամ համակարգչային տարրական գիտելիքներ, վերապատրաստվողները կարող են արդյունավետորեն մասնակցել հեռաուսուցման դասընթացներին:

 

Տեղեկացնենք, որ www.justiceacademy.am կայքը ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի <<Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը>> համատեղ ծրագրի շրջանակում:

736

31.08.2015

Ակադեմիայում տրվեց դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման մեկնարկը

Օգոստոսի 31-ից մեկնարկել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նոր խմբի մասնագիտական պատրաստումը: Այն տևելու է շուրջ 9,5 ամիս (ներառյալ փորձաշրջանը): Խմբում ընդգրկված է դատավորի 11 թեկնածու՝ վարչական և քաղաքացիական մասնագիտացումներով:

 

Օրը տոնական էր ոչ միայն դատավորի թեկնածուների համար: Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան Եվրոպայի Խորհրդի HELP ծրագրի շրջանակում հեռաուսուցման եղանակով իրականացված վերապատրաստման 1-ին փորձնական դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ավարտական վկայագրեր հանձնեց: Նշենք, որ վերապատրաստմանը մասնակցել են դատավորներ, դատախազներ, դատավորի օգնականներ, քննիչներ: Դասընթացը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Հինգ շաբաթվա ընթացքում մասնակիցները առցանց յուրացրել են թեման, կատարել առաջադրանքները, հանձնել ավարտական թեստը:

 

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնակիցներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս ծրագիրը մեծ կարևորություն ունի: «Հեռաուսուցման եղանակով վերապատրաստում իրականացնելը բարդ խնդիր է և մեծ պատասխանատվություն է պահանջում, բայց մենք այդ ճանապարհն ենք ընտրել: Մենք առաջինն ենք, որ փորձարկեցինք հեռաուսուցման այս կուրսի հայերեն տարբերակը, որը և հաջողությամբ ավարտվեց»,-ասաց ռեկտորը: 

 

Միջոցառման ավարտին Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարը հանդես եկավ դասախոսությամբ: 

735

24.07.2015

Տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը

Հուլիսի 24-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը:

 

Նիստին ներկա էին խորհրդի անդամներ Արսեն Մկրտչյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), Երվանդ Խունդկարյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ), Հովսեփ Բեդևյանը (ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ), Համլետ Ասատրյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր) և Հակոբ Մարտիրոսյանը (Արագածոտնի մարզի դատախազ): Նիստին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

 

Նիստի ընթացքում խորհուրդը քննարկեց և միաձայն հաստատեց քաղաքացիական և վարչական մասնագիտացումներով դատավորների թեկնածուների նոր խմբի ուսումնական գործընթացը 2015 թվականի օգոստոսի 31-ից սկսելու մասին ռեկտորի առաջարկը: Ակադեմիայի ունկնդիրների նոր խմբի ուսումնական գործընթացն ապահովելու նպատակով Խորհուրդը նոր խմբագրությամբ հաստատեց դատավորի թեկնածուների մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը: Այն ընդգրկում է նաև օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես՝ հաշտարարի ինստիտուտին և անհատական տվյալների պաշտպանությանը վերաբերող հիմնահարցերը:

 

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր դատավորների և դատախազների վերապատրաստման ժամանակացույցին: Դատավորները մեկ շաբաթ տևողությամբ՝ առկա ուսուցման եղանակով վերապատրաստում կանցնեն սեպտեմբերի 28-ից դեկտեմբերի 18-ը, իսկ դատախազները՝ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 18-ը: Դատավորների և դատախազների՝ հեռաուսուցման եղանակով վերապատրաստումը կիրականացվի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը՝ տասը շաբաթ տևողությամբ:

 

Խորհրդի նիստում որոշվեց նաև, որ Ակադեմիայում անկախ աուդիտ իրականացնող անձի նշանակումը կիրականացվի հրապարակային հայտարարության հիման վրա՝ մրցութային կարգով: