Դատական կարգադրիչների առաջին ուսումնական ձեռնարկը՝ հայերեն
Լույս է տեսել <<Դատական կարգադրիչների ծառայության հիմունքներ>> ուսումնական ձեռնարկը, որը հրատարակվել է Արդարադատության ակադեմիայի երաշխավորությամբ:
Մարտի 12-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը հանդիպել է գրքի հեղինակային խմբի հետ: Ուսումնական ձեռնարկը հեղինակել են ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչության պետ, Ռուստամ Մախմուդյանը, Երևանի տարածաշրջանային N2 պետական քոլեջի դասախոս Լուսինե Մաիլյանը, Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի վերակենդանացման, անհետաձգելի բուժօգնության, աղետների բժշկության ամբիոնի վարիչ Արթուր Մարտիրոսյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանը: Ձեռնարկը կազմել և խմբագրել է Ակադեմիայի ռեկտորի կրթական հարցերով խորհրդական Ռոբերտ Փոլադյանը:
Ձեռնարկում արտացոլված են դատական կարգադրիչների ծառայության՝ որպես պետական ծառայության հատուկ տեսակի, էթիկետի, առաջին բուժական և հոգեբանական օգնության հիմունքները, ինչպես նաև գիտելիքներ՝ դրանց կիրառման առանձնահատկությունների մասին: Այն գրվել է դատական կարգադրիչների վերապատրաստման ծրագրի չափորոշիչներին համապատասխան, իսկ թեմաներն ընտրվել են՝ հաշվի առնելով ՀՀ դատական պրակտիկայի հրատապ պահանջները, ինչպես նաև տեղական և օտարերկրյա փորձի ուսումնասիրության արդյունքները:
Կարևորելով ձեռնարկի դերը կարգադրիչների ուսուցման գործում՝ հատկապես, որ այն մայրենիով առաջին փորձն է, Ակադեմիայի ռեկտորը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներին, ովքեր մեծ նվիրումի, երկարատև ու բարեխիղճ աշխատանքի արդյունքում ստեղծել են ուսումնական այնպիսի ձեռնարկ, որի անհրաժեշտությունը խիստ զգացվում էր: Նրա խոսքով՝ այն լուրջ ներդրում է իրավական կրթության ապահովման գործում: Ռեկտորը նաև նշեց, որ դատական կարգադրիչներն իրենց առջև դրված խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար քաջատեղյակ պետք է լինեն ոչ միայն գործող օրենսդրությանը, իրավական ակտերին, այլև աշխատանքի արդյունավետ մեթոդներին ու եղանակներին: Նրանց առօրյա աշխատանքի կատարելագործումը պահանջում է մասնագիտական գիտելիքների խոր իմացություն, գործնական հմտություններ, պատշաճ վարք և աշխատանքի բարձր կազմակերպվածություն, որոնց նպաստելու նպատակ է հետապնդում ձեռնարկը: Այն իրավամբ կարող է դառնալ դատական կարգադրիչների սեղանի գիրքը:
Տեղեկացնենք, որ դատական կարգադրիչների ծառայությունը գործում է ՀՀ դատական դեպարտամենտի կազմում և իր լիազորությունների շրջանակում ապահովում է արդարադատության իրականացման գործընթացը՝ դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգությունը, դատական նիստերի դահլիճում դատավորի կարգադրությունների կատարումը, ինչպես նաև դատարանի գույքի և դատարանի շենքի սպասարկման տարածքների պահպանությունը: