Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին նվիրված սեմինար՝ Արդարադատության ակադեմիայում
Հունիսի 2-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց երեխաների իրավունքների պաշտանության հիմնահարցերին նվիրված սեմինար, որը վարում էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ, Նորվեգիայում երեխաների իրավունքների նախկին պաշտպան Ռեիդար Հեջերմանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքացիաիրավական և վարչական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուները, ինչպես նաև փաստաբաններ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար պարոն Էմիլ Ամիրխանյանը:
Էմիլ Ամիրխանյանը նշեց, որ Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերը միշտ եղել են և շարունակում են մնալ Արդարադատության ակադեմիայի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Ակադեմիայի ուսումնական ծրագրերում մեծ թիվ են կազմում երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերին նվիրված թեմաները: Ավելին, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվում է <<Խոցելի տուժողների, վկաների և կասկածյալների մասնակցությամբ գործերի քննությունը>> դասընթացի նյութը, որտեղ անդրադարձ կկատարվի նաև անչափահասների մասնակցությամբ և նրանց վերաբերյալ գործերով քննչական գործողությունների կատարման առանձնահատկություններին:
Ռեիդար Հեջերմանը նշեց, որ իր հիմնական առաքելությունն է աջակցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին էլ ավելի արդյունավետ իրականացնել երեխաների իրավունքների պաշտպանությունը: Վերջինս մեծապես կարևորեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նախատեսվող երեխաների իրավունքների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծումը:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք իրավական հարցեր, մասնավորապես` անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում, երեխաների հարցաքննության բարենպաստ միջավայրի ստեղծում, անվճար իրավաբանական խորհրդատվության իրականացում, հաշտարարի ինստիտուտի դերի կարևորում (Նորվեգիայում, ըստ վիճակագրության, 50% դեպքերում հաշտարարի ինստիտուտը արդյունավետ է լինում):
Դասախոսության ավարտին Ռեիդար Հեջերմանը պատասխանեց նաև թեմային առնչվող ներկաներին հետաքրքրող հարցերին: