ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

855

03.11.2017

Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ Ակադեմիայի շրջանավարտներին

Նոյեմբերի 3-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի 2017 թվականի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց 1-ին խմբի ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնմանը:

 

Արդեն ավանդույթ է դարձել, որ քննիչի թեկնածուներն ավարտական դիպլմների հետ միասին ստանում են նաև աշխատանքի նշանակման հրամանները. այսօրը ևս բացառություն չէր: Արդարադատության ակադեմիան ավարտեց 24 քննիչի թեկնածու, որոնք մասնագիտական պատրաստում են ստացել 7 և կես ամիս (ներառյալ փորձաշրջանը)՝ 2017 թվականի փետրվարի 20-ից հոկտեմբերի 17-ը:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը շնորհավորեց շրջանավարտներին և հաջողություններ մաղթեց քննչական աշխատանքում: Դիմելով քննիչի թեկնածուներին՝ Ա. Հովսեփյանն ասաց. «Քննչական կոմիտեի հիմնական գործառույթները դուք եք կատարում, ուստի ուզում եմ՝ ամեն օր ձեր աշխատանքում աչքի ընկնենք գիտելիքով, կազմակերպական ունակություններով»:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց բոլոր ներկաներին՝ քննիչի թեկնածուների հերթական սերնդի ուսուցման ավարտի կապակցությամբ: «Այսօրվա պայմաններում միայն համարձակ մարդն է ընդունակ ընտրել քննիչի մասնագիտությունը, որովհետև քաջ գիտակցում է՝ ինչ պատասխանատվություն է կրելու իր ուսերին:

 

Տարբեր առիթներով, տարբեր լսարաններում միշտ ասում եմ՝ քրեական արդարադատության հիմքում հենց քննիչի գործառույթների իրականացումն է, դրանք որակով իրականացնելուց է հաճախ կախված արդարադատության հաղթանակը»,-նշեց Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը շրջանավարտներին մաղթեց բարի երթ և անփորձանք ծառայություն:

 

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվեցին Արդարադատության ակադեմիայի մի խումբ դասախոսներ: Վահե Ենգիբարյանը, Սերգեյ Մարաբյանը, Դավիթ Թումասյանը պարգևատրվեցին «Համագործակցության համար» մեդալներով, իսկ Տիգրան Հովհաննիսյանը՝ «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով:

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից շնորհակալագրեր ստացան Ակադեմիայում քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամներ Տիգրան Պողոսյանը և Գոհար Հակոբյանը՝ Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրած անձանց մասնագիտական պատրաստմանն ուղղված աշխատանքներին ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունենալու համար:

854

02.11.2017

Եռօրյա վերապատրաստում բաց աղբյուրների կիրառման վերաբերյալ

Նոյեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկել է եռօրյա վերապատրաստում քննիչների համար՝ նվիրված բաց աղբյուրների կիրառմանը: Մասնակցում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները, նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

Վերապատրաստումն իրականացվում է Ակադեմիայի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի հետ համատեղ, իսկ դասախոսում են Միացյալ Նահանգների մասնագետները՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյից ժամանած փորձագետ, գործառնությունների մասնագետ Ամիրա Լաուրերը, ինչպես նաև ԹՊԻՀ գրասենյակի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը:

 

Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ հիշեցնելով, որ վերջին մի քանի ամիսներին համատեղ ջանքերի շնորհիվ բազմաթիվ ձեռնարկներ են կյանքի կոչվել:

 

Խոսելով միջոցառման բովանդակային հարցերի մասին՝ պրոռեկտորը նշեց. «Գաղտնիք չէ, որ կյանքի զարգացման արդի փուլում սոցիալական ցանցերը, էլեկտրոնային տարատեսակ աղբյուրները քրեական գործերի քննության համար ունեն կարևոր նշանակություն, հետևաբար հիշյալ թեմատիկայով նման վերապատրաստումները, քննարկումները, սեմինարները չափազանց կարևոր են»:

 

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Ադի Հոլովեյն իր խոսքում շեշտեց, որ երեք օրերի ընթացքում մանրամասն կներկայացվի ԱՄՆ-ում քննիչների կողմից բաց աղբյուրների կիրառման փորձառությունը, տեղեկատվության հայթայթման և օգտագործման մեթոդները, առանձնահատկությունները: Ավելին՝ նրա խոսքով Հայաստանը և ԱՄՆ-ն կարող են ավելի շատ համագործակցել այս ոլորտում:

853

27.10.2017

Առաջատար հաշտարար Դանիել Ուայնշտայնի դասախոսությունը՝ Ակադեմիայում

Հոկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայում հաշտարարության ինստիտուտին առնչվող հիմնախնդիրների և արդի զարգացումների վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ից ժամանած առաջատար հաշտարար, նախկին դատավոր Դանիել Ուայնշտայնը: Դասախոսությանը ներկա էին գործող դատավորներ, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, ինչպես նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներ:

 

Արդարադատության ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և իր խոսքում կարևորեց քննարկմանը նաև փաստաբանական համայնքի ներկայացուցիչների ներգրավումը: Նրա խոսքով՝ հաշտարարությանն առնչվող խնդիրները և զարգացումները կարևոր նշանակություն ունեն արդի իրավագիտության, մասնավորապես՝ արդարադատության ոլորտի ու դրա պատշաճ իրականացման համար:

 

Վաշինգտոնում գործող միջազգային հաշտարարության առաջատար իրավաբանական գրասենյակի աշխատակից, փաստաբան և հաշտարար Մուշեղ Մանուկյանը ներկայացրեց հյուրին՝ իբրև փորձառու նախկին դատավոր և այժմյան հեղինակավոր հաշտարար:

 

Դանիել Ուայնշտայնը ԱՄՆ-ում բարդ քաղաքացիական գործեր վարող հայտնի հաշտարարներից է: Նա հաշտարարության զարգացման նախաձեռնողներից է, ինչպես նաև ԱՄՆ-ում դասախոսություններ է կարդում երիտասարդ հաշտարարների և իրավաբանների համար։ Դատավոր Ուայնշտայնը ԱՄՆ-ում և արտասահմանում հայտնի է որպես բարդ, բազմաբնույթ և լայնածավալ խնդիրներին լուծում առաջարկող առաջատար հաշտարար։ 2014 թվականին Վեճերի լուծման «Քարդոզո» ամսագրի կողմից պարգևատրվել է «Խաղաղության միջազգային պաշտպան» մրցանակով։

 

Դանիել Ուայնշտայնը լսարանին ներկայացրեց հաշտարարության ներդրման դժվարությունները, խնդիրները, նաև առավելությունները, խոսեց դատարանի և հաշտարարության՝ որպես փոխլրացնող և ոչ փոխարինող ինստիտուտների մասին: Դասախոսությունը հետաքրքրական քննարկման վերածվեց՝ հարց ու պատասխանի ձևաչափով:

852

26.10.2017

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն արժանացել է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի հուշամեդալի

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Կիևում հոկտեմբերի 25-ին մասնակցել է Ուկրաինայում դատախազական կրթության իրականացման 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որն անցկացվել է Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայում:

 

Հանդիսությանը ներկա էին Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավորներ, հավատարմագրված դեսպաններ, Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ, գիտնականներ, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:

 

Տոնական միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ նշելով, որ այսօր Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիան լուրջ կրթական և գիտական կառույց է՝ հագեցած ժամանակակից նյութատեխնիկական բազայով, որտեղ պատրաստվում և վերապատրաստվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ Ուկրաինայի ամբողջ դատախազական համակարգի համար:

 

Ս. Առաքելյանը շնորհավորել է Ակադեմիայի ռեկտորին, աշխատակազմին, պրոֆեսորադասախոսական կազմին, ունկնդիրներին, շրջանավարտներին և հույս հայտնել, որ այսուհետ ևս Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիան շարունակաբար զարգանալու է: Սերգեյ Առաքելյանն առանձնահատուկ շեշտել է, որ երկու երկրների ակադեմիաները գործընկերային ամուր կապեր ունեն, ինչը հետագա արդյունավետ համագործակցության հավատ է ներշնչում:

 

Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի կողմից Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն արժանացել է հուշամեդալի՝ արդյունավետ համագործակցության համար:

851

16.10.2017

Ակադեմիան ու GIZ-ը կշարունակեն համագործակցությունը՝ նոր ծրագրի շրջանակում

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Մայերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և վերոնշյալ ծրագրի փորձագետ Անի Չիլինգարյանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են GIZ-ի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ 2018 թվականին մեկնարկելիք երկամյա ծրագրի շրջանակում:

 

Ակադեմիայի ռեկտորը բարձր է գնահատել GIZ-ի հետ համատեղ աշխատանքը՝ կարևորելով գործընկեր կառույցի զգալի դերը փորձագետների ներգրավման, տարբեր դասախոսությունների, մասնագիտական քննարկումների անցկացման հարցերում և համագործակցության այլ ոլորտներում:

 

Ավելին՝ Սերգեյ Առաքելյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ՝ վստահություն հայտնելով, որ դրանց իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքները արդյունավետ կլինեն: Առաջարկները վերաբերում են Ակադեմիայի գործունեությանն առնչվող համապատասխան հարցերի վերաբերյալ եվրոպացի մասնագետների խորհրդատվական աջակցության տրամադրմանը, փորձագետների պարբերական այցերի և դասախոսությունների կազմակերպմանը՝ մասնագիտական պատրաստում և վերապատրաստում անցնող ունկնդիրների համար քրեաիրավական, քաղաքացիաիրավական, վարչաիրավական ոլորտներում:

 

Ռեկտորը նաև առանձնահատուկ շեշտել է Ակադեմիայի դասընթացավարների վերապատրաստումների անհրաժեշտությունը՝ դասավանդման նոր մեթոդների, եվրոպական համանման կառույցների փորձի հետ ծանոթանալու նպատակով:

 

«Ակադեմիան կարևորագույն դեր է խաղում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակում»,-նշել է «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի տարածաշրջանային ղեկավարը և կարևորել բարձրացված հարցերը: Ավելին՝ Թ. Մայերը ողջունել է ռեկտորի առաջարկները և վստահություն հայտնել, որ դրանք արդեն անելիքների տեսքով կներառվեն գործողությունների ծրագրում և կքննարկվեն նոյեմբերին կայանալիք աշխատաժողովին:

850

16.10.2017

Դիպլոմներ 2017թ. շրջանավարտ-դատավորի թեկնածուներին

Հոկտեմբերի 16-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի 2017 թվականի ունկնդիրների՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին:

 

Այս տարի Ակադեմիայում շուրջ 7.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորի 19 թեկնածու՝ քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացումներով, որոնցից 3-ը՝ Արցախի Հանրապետությունից: Ընդ որում Արցախից առաջին անգամ են դատավորի թեկնածուները Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցել:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց շրջանավարտներին և դիպլոմներ հանձնեց նրանց: Ռեկտորի խոսքով՝ օրը նշանակալի է ունկնդիրների համար, քանի որ բավական երկար ու բարդ ճանապարհ են անցել այս օրվան արժանանալու համար:

 

«Ցանկացած կառույցի մասին, հատկապես՝ կրթական, դատում են այդ կառույցի շրջանավարտների ձեռքբերումներով, հաջողություններով, իրենց պարտականությունների կատարման նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Վստահ եմ, որ Ակադեմիան այդ առումով շատ վստահելի ձեռքերում է: Կարծում եմ՝ ձեր կայացրած դատավճիռները, վճիռները, որոշումները, որպես դատավոր տարբեր միջավայրերում հանդես գալը հիմք են դառնալու, որ միայն դրական տպավորություններ ու կարծիքներ ձևավորվեն այն կրթօջախի մասին, որի շրջանավարտն եք»,-նշեց ռեկտորը և մաղթեց ձեռքբերումներով լի և երկարատև գործունեություն:

 

Դատավորի թեկնածուների խմբի անունից Ակադեմիայի շրջանավարտ Դավիթ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին, Ակադեմիայի ողջ անձնակազմին և մաղթեց շրջանավարտներին կամք և վճռականություն: «Ցանկանում եմ, որ մենք, որպես դատավորներ, մեր գործունեության ընթացքում իրավունքը տանք իրական հասցեատիրոջը»,-ասաց ունկնդիր-շրջանավարտը:

 

Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորի թեկնածուների ուսուցումն իրականացվել է 2017թ. փետրվարի 27-ից հոկտեմբերի 13-ը՝ չորս հատվածով (ներառյալ ավելի քան 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար սահմանված էր 1044, քրեաիրավական մասնագիտացմամբ ունկնդիրների համար՝ 1046 և վարչաիրավական՝ 982 ակադեմիական ժամ:

 

Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

849

13.10.2017

Խորհրդաժողով՝ նվիրված փողերի լվացման գործերի քննության արդի հարցերին

Հոկտեմբերի 12-ին և 13-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում անցկացվեց խորհրդաժողով՝ «Փողերի լվացման գործերի քննության արդի հարցերը» թեմայով: Խորհրդաժողով անցկացնելու նախաձեռնությունն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Արդարադատության ակադեմիայի միջև համագործակցության արդյունքում:

 

Երկօրյա խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային անվտանգության ծառայություններից, Գլխավոր դատախազություններից, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանից, Ընդհանուր իրավասության դատարանից, Ֆինանսների նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ոստիկանությունից, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Արդարադատության ակադեմիայից, Ֆինանսական դիտարկումների կենտրոնից:

 

Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը և Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Բացմանը ելույթով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը: Նրանք նաև վարում էին խորհրդաժողովի աշխատանքները:

 

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Դանիել Ազատյանը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի շրջանակում մասնակիցները կկիսվեն իրենց գիտելիքով և փորձով թեմայի վերաբերյալ առկա խնդիրների և մտահոգությունների շուրջ: «Իհարկե, ոլորտում կան նաև բազմաթիվ հաջողություններ, առաջընթաց՝ հաշվի առնելով վերջին տարիների օրենսդրական փոփոխությունները, կայացված դատավճիռները, բայց նման քննարկումները կարծես թե թույլ կտան ոլորտի զարգացումներին համահունչ լինել»,-նշեց Դանիել Ազատյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիային և անձամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանին այս նախաձեռնությունը միասին կյանքի կոչելու համար և ապագայում նման այլ միջոցառումներ կազմակերպելու հույս հայտնեց:

 

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ այս խորհրդաժողովը Ակադեմիայի և ՖԴԿ-ի միջև համագործակցության հերթական քայլերից է: «Տեսական, գործնական նշանակության խնդիրներին անդրադառնալով՝ մենք փորձում ենք վիճակի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այդ առումով նախատեսում ենք վերապատրաստման դասընթաց մշակել Ակադեմիայի ունկնդիրների համար: Եթե այսօր կարողանանք բացահայտել խնդիրների հիմնական մասը, որոնք այսօր մեր պրակտիկ աշխատողների առջև ծառանում են, ապա այդ դասընթացի մշակումը մոտ ապագայում կկարողանանք իրականացնել»,-նշեց ռեկտորը:

 

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվեցին փողերի լվացման գործերով կայացված մի քանի դատավճիռներ, հնչեցին տարբեր ելույթներ՝ նվիրված փողերի լվացման գործերի քննության արդի հարցերին, ներկայացվեցին նաև 2018 թվականին ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության առանցքային խնդիրները, իրականացվելիք վարույթները, ինչպես նաև Հանձնաժողովի, իրավապահ մարմինների հնարավոր համագործակցության շրջանակները: Հնչեցին մի շարք հարցեր, տեղի ունեցավ ակտիվ քննարկում, ներկաները փոխանակվեցին մտքերով:

 

Հատկանշական է, որ խորհրդաժողովի ընթացքում ներկայացվեց նաև «Փողերի լվացման հանցագործությունների քննության առանձնահատկությունները» մեթոդական ուղեցույցը, որը բոլորովին վերջերս է մշակվել իրավապահ մարմինների կողմից՝ Գլխավոր դատախազության համակարգմամբ: Աշխատանքներին ակտիվորեն ներգրավված է եղել նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոնը: Ուղեցույցը նախատեսված է փողերի լվացման և դրան նախորդող հանցագործությունների քննություն իրականացնող քննիչների, դատախազների և հետաքննիչների համար:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը նշեց, որ բավական ծավալուն և որակյալ աշխատանք է իրականացվել, ինչը լավ հիմք կարող է լինել Ակադեմիայի ունկնդիրների վերապատրաստման համար: Քննարկվեց նման թեմայով դասընթաց մշակելու և Ակադեմիայում վերապատրաստում անցնող քննիչների և դատախազների համար նախատեսված ուսուցման ծրագրերում ընդգրկելու հարցը: Ռեկտորը հնարավոր համարեց նաև, որ այն առանձին դասընթաց դառնա Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող քննիչների, դատախազների և քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների համար:

848

09.10.2017

Սեմինար՝ վարչական դատավարության արդի հարցերի վերաբերյալ

Արդարադատության ակադեմիայում այսօր մեկնարկել է երկօրյա սեմինար վարչական դատավարության արդի հարցերի վերաբերյալ: Սեմինարն անցկացվում է Ակադեմիայի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության արդյունքում՝ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում:

 

Մասնակցում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վարչական դատարանի դատավորները, իսկ սեմինարը վարում են գերմանացի փորձագետները՝ Հեսեն երկրամասի Գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսը, Քոբլենցի վարչական դատարանի փոխնախագահ Կլաուս Մայերը: Սեմինարին ներկա է նաև «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի փորձագետ Անի Չիլինգարյանը:

 

Սեմինարի մեկնարկից առաջ ներկաներին ողջունեց Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

 

«Վարչական արդարադատությունը հանրային իրավահարաբերությունների պատշաճ կենսագործման կարևորագույն գրավականներից է և հիշյալ բնագավառում առաջացող տարատեսակ հիմնախնդիրները պատշաճ լուծման անհրաժեշտություն ունեն: Դրանք հանդիսանում են իրավական պետության կայացման կարևորագույն երաշխիք:

 

Այդ է պատճառը, որ GIZ-ի երևանյան գրասենյակի նման միջոցառում կազմակերպելու նախաձեռնությունը ընդունեցինք մեծ ուրախությամբ, քանզի կարևոր ենք համարում հիշյալ հիմնախնդիրների հետ կապված նմանատիպ կարևորագույն քննարկումների կազմակերպումը»,-նշեց պրոռեկտորը: Ա. Մանասյանը նաև շնորհակալություն հայտնեց գերմանացի փորձագետներին իրենց կարևորագույն փորձը ներկայացնելու, ինչպես նաև դատավորներին հրավերն ընդունելու, սեմինարին մասնակցելու և, բնականաբար, իրենց փորձը ևս քննարկմանը ներդնելու համար:

 

Գերմանացի փորձագետներին ողջունեց և համատեղ արդյունավետ աշխատանք մաղթեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

 

«Սա մեր առաջին այցը չէ Արդարադատության ակադեմիա, մենք այստեղ եղել ենք նաև այս ամռանը և առաջին նախապատրաստական քննարկումներն ենք ունեցել Ակադեմիայի ռեկտոր պարոն Սերգեյ Առաքելյանի հետ»,- նշեց Վոլֆգանգ Ռայմերսը և իր խոսքում մեծապես կարևորեց նման սեմինարի անցկացումը:

 

Սեմինարի ընթացքում փորձագետները դատավորների հետ կիսվեցին գերմանական փորձով, ակտիվ քննարկում ծավալեցին թեմայի շուրջ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում, խնդիրներ առաջադրվեցին, կիրառման եղանակներ ներկայացվեցին և այլն: Սեմինարի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ հոկտեմբերի 10-ին:

847

29.09.2017

Տեղի ունեցավ Կառավարման խորհրդի հերթական նիստը

 

Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հերթական նիստը՝ Խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ներկա էին խորհրդի անդամներ Արթուր Հովհաննիսյանը (ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ), Համլետ Ասատրյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր), Հովսեփ Բեդևյանը (ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ), Գևորգ Բաղդասարյանը (ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ), Րաֆֆի Ասլանյանը (Երևան քաղաքի դատախազ): Նիստին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

 

Ռեկտորի ներկայացմամբ Խորհուրդը հաստատեց Արդարադատության ակադեմիայի 2018 թվականի ուսուցման ծրագրերը, որոնք նախատեսված են վերապատրաստում անցնող ունկնդիրների համար: Խորհուրդը միաձայն հաստատեց նաև Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները՝ նոր խմբագրությամբ:

846

28.09.2017

Համաժողով՝ նվիրված դատական իշխանությանը վերաբերող նոր կարգավորումներին

Սեպտեմբերի 28-ին Երևանում անցկացվեց «Դատական իշխանությունը՝ ՀՀ-ում սահմանադրաիրավական բարեփոխումների լույսի ներքո» խորագրով համաժողովը: Այն կազմակերպել էին Արդարադատության ակադեմիան և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի (ՄԽՎ ԺԶՄՄԻ) երևանյան մասնաճյուղը:

 

Համաժողովի բացմանը ելույթով հանդես եկան ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի տնօրեն, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը և Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը:

 

Համաժողովի մասնակիցների շրջանակը բավական լայն էր, մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, միջազգային փորձագետներ, հյուրեր:

 

«Սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները ենթարկվել են լայնածավալ փոփոխությունների, ինչի տրամաբանական շարունակությունն է այժմ համապատասխան սահմանադրական օրենքների մշակումն ու քննարկումը: Այս հանգամանքը և այն, որ դատական իշխանության բնականոն գործունեությունը իրավական պետության կայացման կարևորագույն գրավականներից է, թեման և միջոցառումը բացառիկ հրատապ են դարձնում»,-բացման խոսքում նշեց Անահիտ Մանասյանը:

 

Համաժողովի ընթացքում հնչեցին մի շարք զեկուցումներ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, իրավ. գիտ, թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում անկախ դատական իշխանության կազմակերպման հիմունքներին, խոսեց դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծման, գործունեության առանձնահատկությունների մասին:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆ. Գագիկ Ղազինյանի զեկուցումը վերաբերում էր բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակին, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆ. Սերժիկ Ավետիսյանն իր զեկուցման մեջ խոսեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների նշանակության մասին սահմանադրաիրավական բարեփոխումների համատեքստում: Անահիտ Մանասյանի զեկուցումը նվիրված էր ՀՀ-ում սահմանադրական արդարադատության ինստիտուտի բարեփոխումներին:

 

Զեկուցումով հանդես եկավ նաև ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ փորձագետ, Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի խորհրդական, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆ. Ալեքսեյ Կարցովը: Հնչեցին նաև մի շարք հարցեր ուղղված բանախոսներին, տեղի ունեցավ մտքերի փոխանակում: Համաժողովը եզրափակեց ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ մասնաճյուղերի հետ աշխատանքների բաժնի պետ Ռոման Ամբուրցևը: