Համագործակցության հեռանկարների քննարկում IRZ-ի ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվեցին Ակադեմիայի և հիմնադրամի միջև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ռեկտորը մատնանշեց IRZ-ի հետ համագործակցության հստակ ուղղություններ՝ հաշվի առնելով արդեն իսկ ունեցած դրական փորձը: Ներկայացվեցին ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ՝ հատուկ շեշտադրելով մեթոդաբանության վերաբերյալ դասընթացավարների վերապատրաստումների անցկացման անհրաժեշտությունը: Սերգեյ Առաքելյանն առաջարկեց դատախաղեր անցկացնել Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների մասնակցությամբ՝ հրավիրելով նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներին: Ռեկտորի խոսքով՝ դա գիտելիքի ձեռքբերման հնարավորություն է, որը մոտեցնում է պրակտիկային: Ս. Առաքելյանը նաև առաջարկեց տեսակոնֆերանսներ կազմակերպել՝ եվրոպական առաջատար փորձագետների ներգրավմամբ: Ռեկտորը հավաստիացրեց, որ ունկնդիրների շրջանում կարիքների գնահատում կանցկացվի՝ հետագա քայլերի արդյունավետությունն ապահովելու նպատակով:
IRZ հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը ողջունեց ռեկտորի առաջարկները և նշեց, որ դրանք կքննարկվեն և կներառվեն հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագրում՝ իրականություն դառնալու պարտադիր պայմանով: