ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Արդարադատության ակադեմիայում անցկացվել է վերապատրաստում՝ նվիրված դատավորի էթիկային և դատական արհեստին

12.11.2026

Նոյեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվել է վերապատրաստում՝ նվիրված դատավորի էթիկային և դատական արհեստին (judgecraft): Վերապատրաստումը նախատեսված էր քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հավակնորդների համար:


Բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը՝ ընդգծելով, որ դատավորի մասնագիտական հեղինակությունն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը ձևավորվում են ոչ միայն իրավական գիտելիքների և կայացված դատական ակտերի, այլև մասնագիտական էթիկայի, անաչառության, դատավարական արդարության սկզբունքների պահպանման և պատշաճ հաղորդակցության միջոցով։ Ռեկտորը կարևորել է նաև միջազգային լավագույն փորձի, մասնավորապես՝ շվեդ գործընկերների գործնական փորձառության փոխանցումը՝ որպես դատավորի թեկնածուի հավակնորդների մասնագիտական կարողությունների զարգացման միջոց։


Վերապատրաստումն իրականացվել է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ սերտ համագործակցությամբ, որը կայուն գործընկերության շարունակությունն է: Միջոցառմանը ներկա էր ադմինիստրացիայի պատվիրակությունը՝ ծրագրի համակարգող, Շվեդիայի գլխավոր դատավոր Բյորն Լինդենի, ծրագրի համակարգող, իրավախորհրդատու, նախագծի թիմի ղեկավար Ալիսիա Մոսսմանի և ծրագրի կրտսեր պատասխանատու Ինեսա Ռուբինյանի կազմով: Փորձի փոխանակման նպատակով Ակադեմիայում էր նաև Բոսնիա և Հերցեգովինայում իրականացվող ծրագրի ղեկավար, իրավախորհրդատու Սեբաստիան Նիլհամմերը:


Վերապատրաստումը վարել են միջազգային փորձագետներ՝ Ստոկհոլմի շրջանային դատարանի դատավորներ Յանինա Կաստևիկը և Հաննա Հալոնստենը, և ազգային փորձագետ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը: Քննարկվել են հետևյալ թեմաները.


•    դատավորի դերը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը,
•    դատավորի էթիկան գործնականում և էթիկական երկընտրանքների հաղթահարման ուղիները,
•    դատավարական արդարության կարևորությունը և դրա ապահովումը դատավորի ամենօրյա մասնագիտական գործունեության ընթացքում,
•    դատական ակտերի հստակ և մատչելի կազմումը:


Վերապատրաստումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ համադրելով տեսական քննարկումները և գործնական առաջադրանքները։ Դատական պրակտիկայից վերցված օրինակների հիման վրա մասնակիցները փոքր խմբերով վերլուծել են մասնագիտական տարբեր իրավիճակներ, քննարկել հնարավոր լուծումները և փոխանակվել փորձառությամբ։


Առաջիկայում նախատեսվում են համագործակցության նոր նախաձեռնություններ: