Արդարադատության ակադեմիայում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Նոյեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի ծրագրի ավագ պատասխանատու Մերի Կատվալյանը։
Ռեկտորը ներկայացրել է Ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի միջև առկա համագործակցությունը՝ ընդգծելով այն ընդլայնելու և առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու կարևորությունը։ Այս համատեքստում ռեկտորը կարևորել է Մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագրի (HELP) դասընթացները Ակադեմիայի ուսումնական ծրագրերում ներառելը, ինչը թույլ կտա ապահովել դասընթացների երկարաժամկետ ազդեցությունը դատավորների, դատախազների և քննիչների մասնագիտական պատրաստման վրա։
Ռեկտորը ներկայացրել է համագործակցության նաև այլ հնարավոր ուղղություններ։ Դրանցից են դատավորների կարիքների գնահատման հիման վրա նոր շարունակական դասընթացների մշակումը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով արդյունավետ քննության վերաբերյալ ուսումնական ծրագրի ներդրումը, ինչպես նաև ուսումնական նյութերի և ձեռնարկների մշակումը։ Ռեկտորն առանձնահատուկ կարևորել է վերապատրաստողների պատրաստման (TOT) դասընթացները։ Դրանց միջոցով Եվրոպայի խորհրդի չափանիշներով վերապատրաստված ազգային փորձագետներն իրենց հերթին կվերապատրաստեն արդարադատության ոլորտի մասնագետներին։ Անդրադարձ է կատարվել նաև արդարադատության ոլորտում արհեստական բանականության կիրառմանը և ատելության խոսքի հիմնախնդիրներին։
Մաքսիմ Լոնգանգեն իր հերթին նշել է, որ Ակադեմիան Եվրոպայի խորհրդի առանցքային գործընկերներից է և ներգրավված է Հայաստանում իրականացվող ծրագրերի գերակշիռ մասում։ Նա ողջունել է HELP դասընթացները Ակադեմիայի ուսումնական ծրագրում ներառելու նախաձեռնությունը և հայտնել Եվրոպայի խորհրդի աջակցությունը։ Գրասենյակի ղեկավարը նշել է նաև, որ արդարադատության ոլորտում արհեստական բանականության կիրառումը Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից է։
Կողմերն ընդգծել են Ակադեմիայի ներուժը՝ որպես Եվրոպայի խորհրդի չափանիշների ներդրման և մասնագիտական կրթության հարթակ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները աշխատանքային մակարդակով՝ համագործակցության կոնկրետ ուղղությունները հստակեցնելու նպատակով։