ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Նոր առցանց դասընթացի ներկայացում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ

14.12.2017

Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում ներկայացվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» վերաբերյալ Եվրոպայի խորհրդի HELP առցանց ուսուցման դասընթացը: Ակադեմիայի և ԵԽ համագործակցության շրջանակում դասընթացը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցվել է Ակադեմիայի կողմից՝ ի դեմս դասընթացավար Լուսինե Սարգսյանի: Այն նախատեսված է դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների և իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

 

Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը, ներկայացուցիչներ ԵԽ HELP բաժնից, ՀՀ արդարադատության նախարարությունից, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, հյուրեր:

 

Արդարադատության ակադեմիայի անունից ներկաներին ողջունեց Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և շնորհակալություն հայտնեց ԵԽ գործընկերներին համագործակցության համար: «Գաղտնիք չէ, որ թեմային առնչվող խնդիրները ժամանակակից աշխարհում ամենացավոտներից են և, բնականաբար, իրենց համարժեք լուծումներն են պահանջում, ուստի Արդարադատության ակադեմիան կարևորում է այս թեմատիկան»,-նշեց պրոռեկտորը: Նրա խոսքով՝ դասընթացը մշակվել է HELP հեռաուսուցման պլատֆորմի հիման վրա և աչքի է ընկնում ինտերակտիվությամբ:

 

Նատալյա Վուտովան նախ շնորհավորեց ներկաներին նախօրեին ՀՀ ԱԺ-ի կողմից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի ընդունման կապակցությամբ և նշեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման պայքարի թեման մեծ կարևորություն ունի ԵԽ-ի համար: «Հայ ժողովուրդը հպարտանալու տեղ ունի, քանի որ սա սովորական օրենքի ընդունման գործընթաց չէր: Իրականում ցույց տրվեց, որ միջազգային չափանիշները համահունչ են ազգի մշակույթին և ավանդույթներին: Կարծում եմ՝ այս օրենքի ընդունումից հետո Հայաստանն այլևս նույն պետությունը չի լինելու, և դուք դա ցույց տվեցիք»,-նշեց Ն. Վուտովան:

 

Վիգեն Քոչարյանն իր խոսքում ևս օրինագծի ընդունումը խորհրդանշական քայլ համարեց՝ այն դիտարկելով իբրև Հայաստանի վճռականության դրսևորում ստանձնած միջազգային պարտավորությունների և եվրոպական ընդհանուր արժեքների շրջանակում:

 

Էմիլ Ամիրխանյանը կարևորեց նոր օրենքի ընդունման պայմաններում մասնագիտական շրջանակներում իրազեկվածության բարձրացումը և շեշտեց Փաստաբանների պալատի շահագրգռվածությունը դասընթացին հնարավորին մեծ թվով փաստաբաններ ներգրավելու հարցում:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվեց իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների առցանց ուսուցման HELP եվրոպական ծրագիրը, քննարկում ծավալվեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ եվրոպական չափանիշների և օրենքների մասին, ներկայացվեցին տեսակետներ թեմայի առնչությամբ եվրոպական և ազգային մակարդակում իրավական զարգացումների շուրջ:

 

Դասընթացի ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ստացան գրանցվել ԵԽ HELP կայքէջում՝ հեռավար եղանակով վերապատրաստում անցնելու նպատակով: Առաջին փուլը փորձնական է, նախատեսվում է հետագայում դասընթացը ընդլայնել՝ ներգրավելով ավելի մեծ թվով ունկնդիրների: