Երևան-Ստրասբուրգ տեսակոնֆերանս՝ դատավորների մասնակցությամբ
Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում՝ մասնավորապես, Արդարադատության ակադեմիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկատվական և հրատարակչական բաժնի միջև ստորագրված համաձայնագրի հիմքով դեկտեմբերի 12-ին և 13-ին Ակադեմիայում անցկացվեց Երևան-Ստրասբուրգ տեսակոնֆերանս «ՄԻԵԴ վերջին վճիռները Հայաստանի Հանրապետության վերաբերյալ (հատուկ անդրադարձ ՄԻԵԿ 6-րդ հոդվածին և 5-րդ հոդվածի 3-րդ մասին)» թեմայով: Ստրասբուրգից տեսակոնֆերանսը վարում էին ԵԽ փորձագետ Վիկտորիա Չերնիյչուկը, ՄԻԵԴ Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը, փաստաբան, ՄԻԵԴ իրավաբան Արման Զրվանդյանը: Երևանում՝ Արդարադատության ակադեմիայում մասնակցում էին ՀՀ տարբեր ատյանների դատարանների դատավորներ:
Եվրոպայի Խորհուրդը նման ձևաչափով կոնֆերանսներ իրականացնում է արդեն երկու տարի: Հայաստանի հետ ուղիղ տեսակապով նման երկու կոնֆերանս է անցկացվել. սա առաջինն էր Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ:
Տեսակոնֆերանսի առաջին օրը Արման Զրվանդյանը բավական հանգամանալի ներկայացրեց, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ինչ դիմումներ են ներկայացվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առանձնացնելով գանգատների հիմնական խմբերը, խախտումները և այլն: Վիկտորիա Չերնիյչուկն էլ ներկայացրեց «Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի» գործով ՄԻԵԴ Մեծ պալատի վճռի վերլուծությունը:
Երկրորդ օրը տեսակոնֆերանսը վարում էր ՄԻԵԴ Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը: Նա լսարանին ներկայացրեց այն հիմնական սկզբունքները և գործիքները, որոնցով Եվրոպական դատարանը գործում է, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը և այդ առնչությամբ Եվրոպական դատարանի մոտեցումները: Դասախոսության մի հատվածն էլ նվիրված էր Հայաստանում արդարադատության մատչելիության հետ կապված խնդիրներին:
Երկօրյա տեսակոնֆերանսը բավական հետաքրքիր և ակտիվ քննարկման վերածվեց, դատավորները թեմային առնչվող բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսներին: