Ռեկտորն ամփոփեց Ակադեմիայի 2017 թվականի գործունեությունը
Դեկտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը աշխատակազմին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեվերջյան ամփոփ հաշվետվությունը: Ելույթի ընթացքում ռեկտորն ամփոփեց աշխատանքային տարին՝ այն որակելով արդյունավետ և ընդհանուր առմամբ հաջողված: Աշխատանքներ կատարվել են Ակադեմիայի գործունեության նպատակների ու խնդիրների կենսագործման գրեթե բոլոր ուղղություններով: Մասնավորապես՝ հաշվետու տարում Ակադեմիան իրականացրել է շուրջ 2100 ունկնդրի մասնագիտական պատրաստում, վերապատրաստում, հատուկ ուսուցում, նաև լրացուցիչ ուսուցում: Ձևավորվել և առավել խորացվել են Ակադեմիայի և միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա համանման կառույցների միջև հարաբերությունները: Այդ համատեքստում Ակադեմիան դիտարկվել է որպես վստահելի գործընկեր: Ռեկտորն իր խոսքում անդրադարձավ ինչպես ուսումնական գործընթացում իրականացված աշխատանքներին, այնպես էլ շենքի և հարակից տարածքի բարեկարգման, գույքի ձեռքբերման հարցերին. այդ առումով ևս տարին հաջողված էր: Հատկանշական է, որ Սերգեյ Առաքելյանի խոսքն ուղղված էր ոչ միայն կատարված աշխատանքներին, այլև զարգացման ուղղությամբ նախանշված անելիքներին:
Գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ռեկտորը բարեխիղճ աշխատանքի և Ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ավանդի համար «Շնորհակալագրեր» հանձնեց Ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանին, Գիտական աշխատանքի գծով Անահիտ Մանասյանին, Աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանին, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Աննա Օհանյանին, Հասմիկ Ավետիսյանին, Էմիլ Արիստակեսյանին, Գոհար Գևորգյանին, Գուրգեն Գրիգորյանին, Հասմիկ Գևորգյանին, Դավիթ Այդինյանին, Վահան Աթոյանին:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց աշխատակազմին համատեղ աշխատանքի համար և շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, հաջողականություն, բարօրություն, նորանոր ձեռքբերումներ: