ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության այցը Ակադեմիա

18.12.2017

Դեկտեմբերի 18-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց այս օրերին Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությանը, որի կազմում են ԺՀՄԻԳ Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբան և նույն բաժնի ղեկավարի տեղակալ Անդրեա Հուբերը: Հանդիպմանը ներկա էին նաև Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել իրավական և դատական բարեփոխումների ռազմավարության զարգացման առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ին ուղղված հայցին ի պատասխան: Այցի նպատակն է քննարկել նախնական կալանքին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև գնահատել Հայաստանում դատավորների և դատախազների անկախության ոլորտում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ օժանդակության հնարավորությունը:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին և երախտագիտություն հայտնեց Ակադեմիայի գործունեությամբ հետաքրքրված լինելու և համագործակցության համապատասխան ծրագրեր մշակելու համար: Ս. Առաքելյանը հյուրերին ներկայացրեց Ակադեմիայի գործունեության  առանձնահատկությունները, համագործակցության հնարավոր ուղղությունները:

 

Պատվիրակության անդամների խոսքով՝ դատախազության ֆունկցիոնալ անկախության երաշխիքների գնահատման հիման վրա նախատեսվում է համապատասխան ծրագիր մշակել և մի շարք միջոցառումներ իրականացնել: Թեև հիմնական գործընկերը Գլխավոր դատախազությունն է, բայց հյուրերը նշեցին, որ Ակադեմիան ևս կարող է ընդգրկվել ծրագրում և առաջարկեցին համապատասխան ուղղություններ մշակել և փոխադարձ օգտակար լինել: Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց համագործակցել՝ մատնանշելով հստակ ուղղություններ և այդ առումով հաշվի առնելով ուսումնական ծրագրերի առանձնահատկությունները, թիրախային խմբերի կարիքները և այլն: ԺՀՄԻԳ ներկայացուցիչների համար չափազանց հետաքրքրական էր նաև Ակադեմիայի հեռաուսուցման բնագավառում ունեցած փորձը:

 

Սերգեյ Առաքելյանը վստահություն հայտնեց, որ համագործակցությունը մոտ ապագայում դրական արդյունք կտա: