ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ՝ 2-րդ խմբի քննիչի թեկնածուներին

13.12.2017

Դեկտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեում մեծ հանդիսավորությամբ դիպլոմներ և միաժամանակ աշխատանքի նշանակման հրամաններ հանձնվեցին Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին՝ 2017 թվականի երկրորդ խմբի քննիչի թեկնածուներին: Դիպլոմներ ստացան քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված 27 անձ, որոնցից 25-ը՝ նաև նշանակման հրամաններ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում:

 

Հանդիսությանը ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, հյուրեր:

 

Աղվան Հովսեփյանի խոսքով՝ դիպլոմների հետ միաժամանակ աշխատանքի նշանակման հրամաններ հանձնելն արդեն իսկ ձևավորված ավանդույթ է Քննչական կոմիտեում:

 

Ավելին՝ տարիներ շարունակ ոլորտում աշխատանքի նշանակելու, պաշտոններ տալու, կոչումներ ստանալու և նման այլ գործընթացներում մշտապես դիտարկվել են կոռուպցիոն երևույթներ, իսկ այսօր նշանակումը կախված է բնակության վայրից, ընտանեկան կարգավիճակից, ցուցաբերած առաջադիմությունից, գիտելիքից: Ավելին՝ նշանակման վայրը պայմանավորված է այն հանգամանքով, թե որ ստորաբաժանումում սկսնակ քննիչը կարող է դառնալ փորձառու: «Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն Առաքելյան, անձնակազմին, դասախոսական կազմին, բոլոր նրանց, ովքեր օժանդակել են հերթական սերնդի քննիչներին ուսուցանելու գործում»,-նշեց Աղվան Հովսեփյանը:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց ներկաներին Ակադեմիայի շրջանավարտների հերթական սերնդին դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ հանձնելու կապակցությամբ և բարի երթ մաղթեց քննիչի չափազանց պատասխանատու, բայց և պատվաբեր ճանապարհին:

 

«Վստահեցնում եմ՝ բարդություններն ավելի շատ են լինելու, քան ուսումնառության ընթացքում էին, բայց նաև լիահույս եմ, որ ձեռքբերած գիտելիքները, հմտությունները, ունակությունները ծառայեցնելով ի նպաստ ձեր մասնագիտական գործառույթների իրականացման՝ մոտ ապագայում կարձանագրեք հաջողություններ: Կցանկանայի, որ ձեր քննած գործերից հաճույք ստանաք, քննության որակի տեսանկյունից արդյունքը ձեզ գոհացներ և միշտ գիտակցեիք, որ մարդկանց ճակատագրերը լուծելով, արդար լուծումներ տալով ոչ միայն ներքին բավարարվածություն ունեք, այլև կարևոր գործ եք արել մեր հասարակության, պետության համար»,-նշեց Ս. Առաքելյանը և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի ղեկավարությանը, դասընթացավարներին, քննական և բողոքարկման հանձնաժողովների անդամներին:

 

Նշենք, որ քննիչի թեկնածուների ուսումնառությունը տևել է 7 և կես ամիս՝ 2017 թվականի ապրիլի 3-ից նոյեմբերի 28-ը (ներառյալ՝ փորձաշրջանը):