Ավարտական վկայականներ՝ վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին
Մարտի 27-ին Արդարադատության ակադեմիայում ավարտվեց Հատուկ քննչական ծառայության քննիչների խմբի վերապատրաստման դասընթացը: Այդ կապակցությամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց խմբում ընդգրկված 7 ունկնդրի: Ռեկտորը շնորհավորեց վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Վերապատրաստումը մեկնարկել էր մարտի 6-ից: ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսուցումն անցկացվել է 30 ակադեմիական ժամ ծավալով։ Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ՀՔԾ քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդի հիմնահարցերի, կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի, խոշտանգումների քրեաիրավական բնութագրի և քննության առանձնահատկությունների, ընտրական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման (փողերի լվացում) հանցագործության որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված և արտասահմանում գտնվող գույքի, ակտիվների և այլ արժեքների վերադարձման հիմնախնդիրների վերաբերյալ:
Ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին՝ առաջին քննաշրջանին ընդառաջ
Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների քննաշրջանին ընդառաջ և ձևավորված ավանդույթի համաձայն՝ մարտի 24-ին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց 2021 թվականի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ: Դատախազի 30 թեկնածուների մի մասը հանդիպմանը միացել էր տեսակապով, հարցեր տալու հնարավորություն նրանք նույնպես ունեցան:
Ավարտվել է ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդելու է ընդհանուր մասնագիտական դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը: Այն անցկացվելու է համակարգչայնացված եղանակով՝ թեսթային տարբերակով:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման, գնահատման, արդյունքների բողոքարկման կարգերի առանձնահատկությունները, նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Ռեկտորը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է քննությունը սահմանված կարգով և օբյեկտիվության շրջանակներում անցկացնելու համար և հաջող քննաշրջան մաղթեց ունկնդիրներին:
Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է «Կորոնավիրուսը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդեսին
Մարտի 22-ին առցանց եղանակով անցկացվեց «Կորոնավիրուսը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդեսը: Այն ռումիներեն է, նախատեսվում է առաջիկայում թարգմանել նաև հայերեն: Միջոցառումը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալան, Ռումինիայի Մագիստրատուրայի ազգային ինստիտուտի տնօրեն Քրիստինա Ռոտառու-Ռադուն, դատավորներ, դատախազներ և իրավական ոլորտի այլ մասնագետներ:
Սերգեյ Առաքելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և կարևորեց ուղեցույցի դերը արդարադատության ոլորտում համավարակի հետևանքով ստեղծված մարտահրավերներին լուծումներ գտնելու հարցում:
Հայաստանի, Մոլդովայի, Ռումինիայի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով՝ համավարակի հետևանքով ինչ խնդիրների են առնչվել, ինչպես են դրանք հաղթահարել և ազգային ինչպիսի հեռանկարներ են տեսնում այդ պայմաններում:
Մասնավորապես, Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց ՀՀ իրավիճակը՝ ինչպես երկրում տարածվեց կորոնավիրուսը, ինչ փոփոխություններ տեղի ունեցան ուսումնական գործընթացում, որ դեպքերում այն բացասաբար ազդեց մարդու հիմնարար իրավունքների վրա, ինչպիսի լուծումներ տրվեցին խնդիրներին և այլն:
Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին փորձի փոխանակման հնարավորության համար՝ հույս ունենալով առաջիկայում հանդիպել առցանց ձևաչափից դուրս:
Համագործակցության նոր հեռանկարներ IRZ-ի հետ
Մարտի 9-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի ներկայացուցիչների հետ. նրանցից երկուսը հանդիպմանը միացել էին Գերմանիայից՝ տեսակապով:
Ռեկտորը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նրանց Ակադեմիայի հետ համագործակցելու հարցում դրսևորած հետաքրքրվածության համար:
«Ակադեմիան ոչ միայն հետաքրքրված է, այլև բաց է միջազգային գործընկերների, այդ թվում՝ IRZ-ի հետ հարաբերությունների խորացմամբ և ընդլայնմամբ, քանի որ համագործակցության շրջանակում հնարավորություն է ստեղծվում որոշակի դրական պրակտիկա ձևավորել մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների պատրաստման և վերապատրաստման գործընթացները բարելավելու ուղղությամբ»,- նշեց ռեկտորը:
Հյուրերը երախտագիտություն են հայտնել հանդիպման համար և ռեկտորի հետ քննարկել ՀՀ արդարադատության համակարգի ամրապնդմանն ուղղված արդիական հարցեր: Մասնավորապես, քննարկվել են դասընթացավարների պատրաստմանը, գերմանացի փորձագետների ներգրավմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացների առանձնահատկություններին և մինչդատական վարույթ իրականացնող դատավորների ինստիտուտի առանձնացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել ամենասեղմ ժամկետներում սկսել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ:
ԵԱՏՄ դատարանի դատավորների դասախոսությունը՝ Ակադեմիայում
Մարտի 2-ին Արդարադատության ակադեմիայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը և դատավոր Ալեքսանդր Ֆեդորցովը հանդես եկան «Միջազգային իրավական նորմերի դերը իրավապահ մարմինների և ԵԱՏՄ դատարանի ամենօրյա գործունեության մեջ՝ ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ: Ներկա էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորներ և Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք:
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը իր երախտագիտությունը հայտնեց հրավերն ընդունելու համար և հույս հայտնեց, որ տարվա ընթացքում նմանատիպ ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորություն կլինի: Ռեկտորն ընդգծեց ԵԱՏՄ դատարանի դատավորի դերը ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում:
Էռնա Հայրիյանը ներկայացրեց դատարանի գործունեության առանձնահատկությունները և հպարտությամբ նշեց, որ ԵԱՏՄ-ն, ի դեմս դատարանի, չափազանց ակտիվ է աշխատում: «Մեզ արդեն ընդունում են որպես միջազգային դատարան, և աշխատում ենք խիստ ծանրաբեռնված: ԵԱՏՄ դատարանն իր գործունեության 6 տարիների ընթացքում քննել է այնքան գործ, որքան ԵՄ դատարանը չի քննել իր գործունեության առաջին 10 տարում»,- նշեց Է. Հայրիյանը:
Ալեքսանդր Ֆեդորցովը, նախքան քննարկվող թեմային անդրադառնալը, խոսեց Բելառուսում նախկինում գործող տնտեսական դատարանների, դատական համակարգի փոփոխությունների մասին: «Այսօր, վերակազմավորումից հետո, Բելառուսի դատական համակարգը լիարժեք գործում է, բայց քննարկվում է նաև Սահմանադրական դատարանը բարեփոխումների ենթարկելու և մեկ ամբողջական դատական իշխանություն ձևավորելու հարցը»,- նշեց դատավորը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին: Մասնավորապես, հետաքրրքվեցին՝ արդյո՞ք տնտեսական դատարանները որոշումներ կայացնելիս կարող են հղում տալ ԵԱՏՄ դատարանի վճիռներին: Ալ. Ֆեդորցովը պատասխանեց՝ դատարանի կայացրած որոշումները ԵԱՏՄ հանձնաժողովի և վեճի կողմերի համար են, ինչպես նաև իրենց կողմից տրված խորհրդատվական եզրակացությունները որոշիչ դեր ունեն կոնսենսուսի բացակայության պատճառով լուծում չստացած մի շարք տնտեսական վեճերի համար:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և շեշտեցին, որ չնայած համավարակին, սիրով եկել են կիսվելու իրենց փորձով:
Ակադեմիայի ռեկտորը մասնակցեց ԵԽ ծրագրի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հանդիպմանը
Փետրվարի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի միջոցառումները համակարգող հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը, որն անցկացվում էր առցանց եղանակով:
Ռեկտորը ողջունել է հանդիպման մասնակիցներին և իր խոսքում ընդգծել վերոնշյալ ծրագրի կարևորությունը:
Ծրագիրը իրականացվում է ԵԽ-ի կողմից՝ 2019-2022թթ․ Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը Հայաստանում՝ համաձայն կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական եվրոպական ստանդարտների։
«Մեծ պատիվ է համագործակցել Հայաստանի արդարադատության ակադեմիայի հետ». «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար
Փետրվարի 22-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելը, ղեկավարի օգնական Յոնաթան Նովակը, երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսուցման ծրագրերի մշակման և հաստատման ընթացակարգը, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները, միջազգային համագործակցությունը և այլն:
«Հայաստանը, այսօր գտնվելով շատ ծանր իրավիճակում, իրավական ոլորտում համագործակցությամբ, համատեղ ծրագրեր իրականացնելով նաև, վերականգնվելու կարիք ունի: Ուստի սիրով առաջարկում ենք համագործակցել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ և համատեղ ծրագրեր իրականացնել»,-նշեց Թոմաս Շրապելը:
Ռեկտորը սիրով ընդունեց համագործակցության առաջարկը և պատրաստակամություն հայտնեց գործակցել՝ մատնանշելով հստակ ուղղություններ: Ավելին՝ ռեկտորը նկատեց, որ հիմնադրամի տասնամյակների պատմությունը վկայում է, որ ցանկացած նախաձեռնություն դրական արդյունքներ է արձանագրել, ուստի այսօր առավել քան կարևոր է իրավական պետության ամրապնդման և զարգացման համար հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա անելիքները, պայմանավորվեցին ժամկետների հարցում:
Հյուրերն Ակադեմիայում էին առաջին անգամ, ուստի նաև ծանոթացան շենքային պայմաններին, եղան լսարաններում, գրադարանում, դատական նիստերի դահլիճում:
Մեկնարկեց Ակադեմիայի 2021 թվականի ուսումնական տարին
Փետրվարի 22-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ուսումնական գործընթացը մեկնարկեց «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումներ» դասընթացով: Այս տարի ունկնդիրների թվում են դատախազի 31 թեկնածու. նրանցից մեկը Արցախի Հանրապետությունից է:
Մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ մինչև 2021 թ. հոկտեմբերի 8-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է:
Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2021 թվականի դատախազի թեկնածուներին
Փետրվարի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2021 թվականի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ռեկտորը մինչ մասնագիտական պատրաստման մեկնարկը հանդիպում է ունկնդիրների հետ, ծանոթացնում Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկություններին, պատասխանում հետաքրքրող հարցերին: Սերգեյ Առաքելյանը ողջունեց խմբում ընդգրկված 30 թեկնածուներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ. «Լիահույս եմ՝ բոլորդ բարեհաջող կավարտեք և մոտ ապագայում կհամալրեք դատախազական համակարգը»,- նշեց ռեկտորը:
Դատախազների թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն: Այս տարի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է փետրվարի 22-ին և տևելու է 7 ամիս 2 շաբաթ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Արդարադատության ակադեմիան գործընկերների հետ համատեղ կազմակերպում է սնանկության իրավունքի վերաբերյալ խորացված առցանց դասընթաց
Փետրվարի 12-ին տեղի ունեցավ սնանկության իրավունքի վերաբերյալ խորացված առցանց դասընթացի մեկնարկային միջոցառումը:
Դասընթացը կազմակերպում է Արդարադատության ակադեմիան՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային իրավունքի զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դասընթացը մշակվել է Աջակցություն Հայաստանի բարձրագույն դատական խորհրդին՝ Հայաստանի սնանկության նոր դատարանին գործառնական աջակցության և կարողությունների զարգացման միջոցով ծրագրի շրջանակում:
Առցանց դասընթացն իրականացվելու է ներպետական և միջազգային պրակտիկայի մանրամասն վերլուծությամբ: Նպատակն է զարգացնել իրավական ոլորտի մասնագետների կարողությունները սնանկության ոլորտին առնչվող հարցերում:
Դասընթացի մեկնարկային միջոցառմանը ներկա էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդարադատության ակադեմիայի անունից պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց մասնակիցներին և իր խոսքում ընդգծեց ընտրված թեմայի կարևորությունը և դրա արդիականությունը՝ հույս հայտնելով, որ դասընթացը, փորձի փոխանակումը արդյունավետ կլինեն հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի և, հատկապես՝ ՀՀ սնանկության դատարանի և սնանկության գործեր քննող դատավորների համար: