Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2021 թվականի ունկնդիրներին՝ քննիչի թեկնածուներին
Մայիսի 7-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրներին՝ ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց:
Ռեկտորը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մրցութային փուլը հաջողությամբ հաղթահարելու և Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ: «Լիահույս եմ՝ ուսումնառությունը հաջող ավարտելուց հետո առաջիկայում կնշանակվեք և կաշխատեք որպես քննիչ: Իսկ քննիչի աշխատանքը քրեական արդարադատության հիմքն է, այն չափազանց կարևոր գործ է՝ բարդ և պատասխանատու,-նշեց ռեկտորը և հավելեց,-ուրախ եմ, որ որոշել եք այդ պատվաբեր գործով զբաղվել և այդ ծանր բեռը կրել»:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց ուսումնական գործընթացը, առանձնահատկությունները, պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 30 ունկնդիր: Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է մայիսի 10-ին և նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 14-ին, որը ներառում է նաև եռամսյա փորձաշրջանը: Ուսուցումն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով՝ 106 ակադեմիական ժամ տևողությամբ: Համավարակով պայմանավորված՝ ուսուցման առաջին հատվածը նախատեսված է անցկացնել առցանց եղանակով: