Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։
Մշակվել է նոր հեռավար դասընթաց՝ Ակադեմիայի, EBRD-ի և IDLO-ի համագործակցության արդյունքում
Ապրիլի 22-ին առցանց եղանակով անցկացվեց Արդարադատության ակադեմիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) համագործակցության արդյունքում մշակված հեռավար դասընթացին նվիրված մեկնարկային միջոցառումը: Դասընթացը, որը կոչվում է «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» նախատեսված է քաղաքացիական գործեր քննող դատավորների համար:
Միջոցառմանը ներածական խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր իրավախորհրդատու Վերոնիկա Բրադաուտանուն, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լյուբոմիր Պետրուլջեսկովը:
Անահիտ Մանասյանն իր խոսքում նշեց Ակադեմիայի և միջազգային գործընկեր կառույցների միջև առկա համագործակցության արդյունավետության մասին, ինչպես նաև ընդգծեց այդ համագործակցության արդյունքում մշակված հեռավար նոր դասընթացի կարևորությունը:
Վեբինարի ընթացքում ներկայացվեցին էլեկտրոնային ուսուցման դասընթացին առնչվող բովանդակային, նաև տեխնիկական հարցեր՝ սկսած դասընթացի թեմաներից և նյութերից մինչև դասընթացի կառուցվածք և առանձնահատկություններ:
ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Արդարադատության ակադեմիա
Ապրիլի 21-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Ռեկտորը ջերմորեց ողջունեց հյուրին՝ ընդգծելով, որ Իտալիայի դեսպանության հետ Ակադեմիայի հարաբերությունները բավական բեղմանավոր են եղել և մի քանի հանդիպումներից հետո շոշափելի արդյունքներ արձանագրել: «Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին Ակադեմիայում հյուրընկալել ենք Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի մեր գործընկերներին: Այցի շրջանակում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մեր համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ, քննարկել համագործակցության հուշագրի տեքստը: Ստորագրմանը նվիրված միջոցառումը պետք է տեղի ունենար դեռևս անցյալ տարի, սակայն, համավարակով և այլ խոչընդոտներով պայմանավորված, այն հետաձգվել է»,-նշեց ռեկտորը և Ակադեմիայի անունից երախտագիտություն հայտնեց Իտալիայի դեսպանության ներկայացուցիչներին, որ քայլեր են ձեռնարկում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Ջիովանի Նիկոլա Դիոնիսին իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և կարևորեց Ակադեմիայի և դեսպանության միջև առկա սերտ կապերը, նաև նշեց, որ Ակադեմիայի և Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի միջև համագործակցության հուշագիրը հավանաբար հնարավոր կլինի ստորագրել այս տարվա երկորդ կեսին:
Վեբինար՝ նվիրված սնանկության իրավունքին
Ապրիլի 19-ին անցկացվեց «Սնանկության իրավունք. ներպետական և միջազգային պրակտիկա» խորագրով խորացված դասընթացի փակման միջոցառումը՝ առցանց եղանակով: Միջոցառումը կազմակերպել էին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպությունը (IDLO), ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ: Դասընթացին մասնակցել են ՀՀ սնանկության դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ, ինչպես նաև դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք:
Վեբինարին ներածական խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ինչպես նաև գործընկեր կառույցների ներկայացուցիչները:
Անահիտ Մանասյանը ողջունեց մասնակիցներին, կարևորեց վերոնշյալ թեմատիկայով դասընթացի անցկացումը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունավետությունը:
Դասընթացը վարում էին ազգային և միջազգային փորձագետներ:
Եռօրյա սեմինար՝ քաղաքացիական գործեր քննող դատավորների համար
Ապրիլի 16-ից 18-ը Ծաղկաձորում անցկացվեց «Պարզեցված և արագացված վարույթներ, կորպորատիվ վեճերի նոր կանոնները» թեմայով դասընթաց քաղաքացիական գործեր քննող դատավորների համար: Եռօրյա դասընթացն անցկացվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում դատական ներուժի զարգացում-քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը» ծրագրի շրջանակում՝ Արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ:
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ով իր խոսքում կարևորեց Ակադեմիայի և միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության միջև արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ համագործակցությունը շարունակական է լինելու:
Ակադեմիայում տեղի ունեցավ «Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը
Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ «Մեդիա իրավունք» կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է Ակադեմիայի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ:
Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը ողջունեց ներկաներին և ընդգծեց միջոցառման և ծրագրի կարևորությունը: Ս. Առաքելյանը երախտագիտություն հայտնեց գերմանական հիմնադրամին և հայաստանյան ներկայացուցչությանը Ակադեմիայի նախաձեռնությանն օպերատիվ արձագանքելու և կարճ ժամանակում այն իրականություն դարձնելու համար: «Դասընթացը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների, դատախազների շրջանում»,-նշեց ռեկտորը և շնորհակալություն հայտնեց մասնակիցներին:
Ներկաներին հեռավար եղանակով ողջունեց նաև Հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը և նշեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը Հայաստանում գործում է արդեն 12 տարի, և սա առաջին պաշտոնական համագործակցությունն է Ակադեմիայի հետ:
Ծրագրի դասընթացավարները, որոնք իրավունքի և մեդիայի ոլորտի լավագույն փորձագետներից են, ներկայացրին ծրագիրը, հիմնական թեմաները, դասընթացների անցկացման ձևաչափը և այլն:
Ներկաները քննարկեցին դասընթացի անցկացմանն առնչվող կազմակերպական մի շարք հարցեր՝ նշելով, որ ընտրված թեման չափազանց արդիական է և խիստ կարևոր։
Արդարադատության ակադեմիայում մեկնարկել են դատավորների և դատախազների վերապատրաստման դասընթացները
Ապրիլի 12-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին 2021 թվականի վերապատրաստման դասընթացները ինչպես դատավորների, այնպես էլ դատախազների համար: Վերապատրաստումն անցկացվում է համապատասխան ուսուցման ծրագրերով: Դատավորների խմբում ընդգրկված է 22 ունկնդիր, դատախազների խմբում՝ 17 ունկնդիր:
Ուսումնառության ժամաքանակը յուրաքանչյուր դատավորի և դատախազի համար 80 ակադեմիական ժամ է։ Ուսումնառությունն իրականացվում է երկու փուլով, յուրաքանչյուրը՝ 40 ակադեմիական ժամ (մեկ շաբաթ) տևողությամբ:
Թե՛ դատավորների, թե՛ դատախազների վերապատրաստումն իրականացվում է հատուկ, ընդհանուր մասնագիտական և հեռավար ուսուցման ձևով դասավանդվող դասընթացների մոդուլների հիման վրա։
Առկա ուսուցման ձևով վերապատրաստման ժամանակացույց է սահմանվել 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսները՝ ընդհանուր մասնագիտական, և սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները՝ հատուկ մասնագիտական առարկաներով, իսկ հեռավար ուսուցման ձևով՝ 2021 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսները:
Մեկնարկեց 2021 թվականի դատախազի թեկնածուների առաջին քննաշրջանը
Ապրիլի 9-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց առաջին քննությունը: Օրեր առաջ է ավարտվել ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդում է ընդհանուր մասնագիտական դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը՝ թեստային եղանակով: Քննության մեկնարկից առաջ ունկնդիրներին հանդիպեց Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը և հաջողություն մաղթեց նրանց:
Դատախազների թեկնածուների այս խմբի մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ փետրվարի 22-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 8-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է:
Քննությունն անցկացվեց հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Ավարտական վկայականներ՝ վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին
Մարտի 27-ին Արդարադատության ակադեմիայում ավարտվեց Հատուկ քննչական ծառայության քննիչների խմբի վերապատրաստման դասընթացը: Այդ կապակցությամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց խմբում ընդգրկված 7 ունկնդրի: Ռեկտորը շնորհավորեց վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Վերապատրաստումը մեկնարկել էր մարտի 6-ից: ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսուցումն անցկացվել է 30 ակադեմիական ժամ ծավալով։ Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ՀՔԾ քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդի հիմնահարցերի, կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի, խոշտանգումների քրեաիրավական բնութագրի և քննության առանձնահատկությունների, ընտրական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման (փողերի լվացում) հանցագործության որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված և արտասահմանում գտնվող գույքի, ակտիվների և այլ արժեքների վերադարձման հիմնախնդիրների վերաբերյալ:
Ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին՝ առաջին քննաշրջանին ընդառաջ
Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրների քննաշրջանին ընդառաջ և ձևավորված ավանդույթի համաձայն՝ մարտի 24-ին Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց 2021 թվականի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ: Դատախազի 30 թեկնածուների մի մասը հանդիպմանը միացել էր տեսակապով, հարցեր տալու հնարավորություն նրանք նույնպես ունեցան:
Ավարտվել է ունկնդիրների ուսումնառության առաջին հատվածը, որին հաջորդելու է ընդհանուր մասնագիտական դասընթացներ ընդգրկող միասնական քննությունը: Այն անցկացվելու է համակարգչայնացված եղանակով՝ թեսթային տարբերակով:
Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրեց քննությունների անցկացման, գնահատման, արդյունքների բողոքարկման կարգերի առանձնահատկությունները, նաև պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Ռեկտորը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է քննությունը սահմանված կարգով և օբյեկտիվության շրջանակներում անցկացնելու համար և հաջող քննաշրջան մաղթեց ունկնդիրներին: