ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Արդարադատության ակադեմիա
Ապրիլի 21-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:
Ռեկտորը ջերմորեց ողջունեց հյուրին՝ ընդգծելով, որ Իտալիայի դեսպանության հետ Ակադեմիայի հարաբերությունները բավական բեղմանավոր են եղել և մի քանի հանդիպումներից հետո շոշափելի արդյունքներ արձանագրել: «Դեռևս 2019 թվականի հոկտեմբերին Ակադեմիայում հյուրընկալել ենք Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի մեր գործընկերներին: Այցի շրջանակում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մեր համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ, քննարկել համագործակցության հուշագրի տեքստը: Ստորագրմանը նվիրված միջոցառումը պետք է տեղի ունենար դեռևս անցյալ տարի, սակայն, համավարակով և այլ խոչընդոտներով պայմանավորված, այն հետաձգվել է»,-նշեց ռեկտորը և Ակադեմիայի անունից երախտագիտություն հայտնեց Իտալիայի դեսպանության ներկայացուցիչներին, որ քայլեր են ձեռնարկում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:
Ջիովանի Նիկոլա Դիոնիսին իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և կարևորեց Ակադեմիայի և դեսպանության միջև առկա սերտ կապերը, նաև նշեց, որ Ակադեմիայի և Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի միջև համագործակցության հուշագիրը հավանաբար հնարավոր կլինի ստորագրել այս տարվա երկորդ կեսին: