Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է «Կորոնավիրուսը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդեսին
Մարտի 22-ին առցանց եղանակով անցկացվեց «Կորոնավիրուսը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդեսը: Այն ռումիներեն է, նախատեսվում է առաջիկայում թարգմանել նաև հայերեն: Միջոցառումը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալան, Ռումինիայի Մագիստրատուրայի ազգային ինստիտուտի տնօրեն Քրիստինա Ռոտառու-Ռադուն, դատավորներ, դատախազներ և իրավական ոլորտի այլ մասնագետներ:
Սերգեյ Առաքելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և կարևորեց ուղեցույցի դերը արդարադատության ոլորտում համավարակի հետևանքով ստեղծված մարտահրավերներին լուծումներ գտնելու հարցում:
Հայաստանի, Մոլդովայի, Ռումինիայի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով՝ համավարակի հետևանքով ինչ խնդիրների են առնչվել, ինչպես են դրանք հաղթահարել և ազգային ինչպիսի հեռանկարներ են տեսնում այդ պայմաններում:
Մասնավորապես, Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց ՀՀ իրավիճակը՝ ինչպես երկրում տարածվեց կորոնավիրուսը, ինչ փոփոխություններ տեղի ունեցան ուսումնական գործընթացում, որ դեպքերում այն բացասաբար ազդեց մարդու հիմնարար իրավունքների վրա, ինչպիսի լուծումներ տրվեցին խնդիրներին և այլն:
Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին փորձի փոխանակման հնարավորության համար՝ հույս ունենալով առաջիկայում հանդիպել առցանց ձևաչափից դուրս:
Համագործակցության նոր հեռանկարներ IRZ-ի հետ
Մարտի 9-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի ներկայացուցիչների հետ. նրանցից երկուսը հանդիպմանը միացել էին Գերմանիայից՝ տեսակապով:
Ռեկտորը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նրանց Ակադեմիայի հետ համագործակցելու հարցում դրսևորած հետաքրքրվածության համար:
«Ակադեմիան ոչ միայն հետաքրքրված է, այլև բաց է միջազգային գործընկերների, այդ թվում՝ IRZ-ի հետ հարաբերությունների խորացմամբ և ընդլայնմամբ, քանի որ համագործակցության շրջանակում հնարավորություն է ստեղծվում որոշակի դրական պրակտիկա ձևավորել մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների պատրաստման և վերապատրաստման գործընթացները բարելավելու ուղղությամբ»,- նշեց ռեկտորը:
Հյուրերը երախտագիտություն են հայտնել հանդիպման համար և ռեկտորի հետ քննարկել ՀՀ արդարադատության համակարգի ամրապնդմանն ուղղված արդիական հարցեր: Մասնավորապես, քննարկվել են դասընթացավարների պատրաստմանը, գերմանացի փորձագետների ներգրավմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացների առանձնահատկություններին և մինչդատական վարույթ իրականացնող դատավորների ինստիտուտի առանձնացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել ամենասեղմ ժամկետներում սկսել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ:
ԵԱՏՄ դատարանի դատավորների դասախոսությունը՝ Ակադեմիայում
Մարտի 2-ին Արդարադատության ակադեմիայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը և դատավոր Ալեքսանդր Ֆեդորցովը հանդես եկան «Միջազգային իրավական նորմերի դերը իրավապահ մարմինների և ԵԱՏՄ դատարանի ամենօրյա գործունեության մեջ՝ ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում» թեմայով դասախոսությամբ: Ներկա էին Ակադեմիայի ունկնդիրները՝ դատավորներ և Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք:
Ողջունելով հյուրերին՝ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը իր երախտագիտությունը հայտնեց հրավերն ընդունելու համար և հույս հայտնեց, որ տարվա ընթացքում նմանատիպ ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորություն կլինի: Ռեկտորն ընդգծեց ԵԱՏՄ դատարանի դատավորի դերը ԵԱՏՄ իրավունքի միատեսակ ընկալման և կիրառման ապահովման գործում:
Էռնա Հայրիյանը ներկայացրեց դատարանի գործունեության առանձնահատկությունները և հպարտությամբ նշեց, որ ԵԱՏՄ-ն, ի դեմս դատարանի, չափազանց ակտիվ է աշխատում: «Մեզ արդեն ընդունում են որպես միջազգային դատարան, և աշխատում ենք խիստ ծանրաբեռնված: ԵԱՏՄ դատարանն իր գործունեության 6 տարիների ընթացքում քննել է այնքան գործ, որքան ԵՄ դատարանը չի քննել իր գործունեության առաջին 10 տարում»,- նշեց Է. Հայրիյանը:
Ալեքսանդր Ֆեդորցովը, նախքան քննարկվող թեմային անդրադառնալը, խոսեց Բելառուսում նախկինում գործող տնտեսական դատարանների, դատական համակարգի փոփոխությունների մասին: «Այսօր, վերակազմավորումից հետո, Բելառուսի դատական համակարգը լիարժեք գործում է, բայց քննարկվում է նաև Սահմանադրական դատարանը բարեփոխումների ենթարկելու և մեկ ամբողջական դատական իշխանություն ձևավորելու հարցը»,- նշեց դատավորը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բանախոսներին: Մասնավորապես, հետաքրրքվեցին՝ արդյո՞ք տնտեսական դատարանները որոշումներ կայացնելիս կարող են հղում տալ ԵԱՏՄ դատարանի վճիռներին: Ալ. Ֆեդորցովը պատասխանեց՝ դատարանի կայացրած որոշումները ԵԱՏՄ հանձնաժողովի և վեճի կողմերի համար են, ինչպես նաև իրենց կողմից տրված խորհրդատվական եզրակացությունները որոշիչ դեր ունեն կոնսենսուսի բացակայության պատճառով լուծում չստացած մի շարք տնտեսական վեճերի համար:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար և շեշտեցին, որ չնայած համավարակին, սիրով եկել են կիսվելու իրենց փորձով:
Ակադեմիայի ռեկտորը մասնակցեց ԵԽ ծրագրի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հանդիպմանը
Փետրվարի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Մարդու իրավունքները կենսաբժշկության ոլորտում» ծրագրի միջոցառումները համակարգող հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը, որն անցկացվում էր առցանց եղանակով:
Ռեկտորը ողջունել է հանդիպման մասնակիցներին և իր խոսքում ընդգծել վերոնշյալ ծրագրի կարևորությունը:
Ծրագիրը իրականացվում է ԵԽ-ի կողմից՝ 2019-2022թթ․ Հայաստանի համար ԵԽ գործողությունների ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը Հայաստանում՝ համաձայն կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական եվրոպական ստանդարտների։
«Մեծ պատիվ է համագործակցել Հայաստանի արդարադատության ակադեմիայի հետ». «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար
Փետրվարի 22-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելը, ղեկավարի օգնական Յոնաթան Նովակը, երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսուցման ծրագրերի մշակման և հաստատման ընթացակարգը, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները, միջազգային համագործակցությունը և այլն:
«Հայաստանը, այսօր գտնվելով շատ ծանր իրավիճակում, իրավական ոլորտում համագործակցությամբ, համատեղ ծրագրեր իրականացնելով նաև, վերականգնվելու կարիք ունի: Ուստի սիրով առաջարկում ենք համագործակցել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ և համատեղ ծրագրեր իրականացնել»,-նշեց Թոմաս Շրապելը:
Ռեկտորը սիրով ընդունեց համագործակցության առաջարկը և պատրաստակամություն հայտնեց գործակցել՝ մատնանշելով հստակ ուղղություններ: Ավելին՝ ռեկտորը նկատեց, որ հիմնադրամի տասնամյակների պատմությունը վկայում է, որ ցանկացած նախաձեռնություն դրական արդյունքներ է արձանագրել, ուստի այսօր առավել քան կարևոր է իրավական պետության ամրապնդման և զարգացման համար հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա անելիքները, պայմանավորվեցին ժամկետների հարցում:
Հյուրերն Ակադեմիայում էին առաջին անգամ, ուստի նաև ծանոթացան շենքային պայմաններին, եղան լսարաններում, գրադարանում, դատական նիստերի դահլիճում:
Մեկնարկեց Ակադեմիայի 2021 թվականի ուսումնական տարին
Փետրվարի 22-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի ունկնդիրների՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Ուսումնական գործընթացը մեկնարկեց «ՀՀ սահմանադրական իրավունքի գիտության և սահմանադրական արդարադատության արդի միտումներ» դասընթացով: Այս տարի ունկնդիրների թվում են դատախազի 31 թեկնածու. նրանցից մեկը Արցախի Հանրապետությունից է:
Մասնագիտական պատրաստումը, համաձայն Արդարադատության ակադեմիայի կողմից մշակված համապատասխան ուսուցման ծրագրի, տևելու է 7 ամիս և 2 շաբաթ՝ մինչև 2021 թ. հոկտեմբերի 8-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը: Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1026 ակադեմիական ժամ է:
Ակադեմիայի ռեկտորը հանդիպեց 2021 թվականի դատախազի թեկնածուներին
Փետրվարի 19-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց Ակադեմիայի 2021 թվականի դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հետ:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ռեկտորը մինչ մասնագիտական պատրաստման մեկնարկը հանդիպում է ունկնդիրների հետ, ծանոթացնում Ակադեմիայում ուսումնառության առանձնահատկություններին, պատասխանում հետաքրքրող հարցերին: Սերգեյ Առաքելյանը ողջունեց խմբում ընդգրկված 30 թեկնածուներին և շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ. «Լիահույս եմ՝ բոլորդ բարեհաջող կավարտեք և մոտ ապագայում կհամալրեք դատախազական համակարգը»,- նշեց ռեկտորը:
Դատախազների թեկնածուների ուսումնառությունն անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրի համաձայն: Այս տարի մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է փետրվարի 22-ին և տևելու է 7 ամիս 2 շաբաթ՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
Արդարադատության ակադեմիան գործընկերների հետ համատեղ կազմակերպում է սնանկության իրավունքի վերաբերյալ խորացված առցանց դասընթաց
Փետրվարի 12-ին տեղի ունեցավ սնանկության իրավունքի վերաբերյալ խորացված առցանց դասընթացի մեկնարկային միջոցառումը:
Դասընթացը կազմակերպում է Արդարադատության ակադեմիան՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային իրավունքի զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դասընթացը մշակվել է Աջակցություն Հայաստանի բարձրագույն դատական խորհրդին՝ Հայաստանի սնանկության նոր դատարանին գործառնական աջակցության և կարողությունների զարգացման միջոցով ծրագրի շրջանակում:
Առցանց դասընթացն իրականացվելու է ներպետական և միջազգային պրակտիկայի մանրամասն վերլուծությամբ: Նպատակն է զարգացնել իրավական ոլորտի մասնագետների կարողությունները սնանկության ոլորտին առնչվող հարցերում:
Դասընթացի մեկնարկային միջոցառմանը ներկա էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդարադատության ակադեմիայի անունից պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց մասնակիցներին և իր խոսքում ընդգծեց ընտրված թեմայի կարևորությունը և դրա արդիականությունը՝ հույս հայտնելով, որ դասընթացը, փորձի փոխանակումը արդյունավետ կլինեն հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի և, հատկապես՝ ՀՀ սնանկության դատարանի և սնանկության գործեր քննող դատավորների համար:
Քննարկվեցին պրոբացիայի վերաբերյալ դասընթացների ներդրման հնարավորությունները Ակադեմիայի ուսուցման գործընթացում
Փետրվարի 10-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի ղեկավար Արման Պողոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության գլխավոր մասնագետ Նանե Մելքոնյանը: Հյուրերը ներկայացրին ԵԽ ծրագիրը և դրա շրջանակում Ակադեմիայի հետ իրականացվելիք միջոցառումների հնարավորությունները, մասնավորապես՝ դատավորների, դատավորի թեկնածուների հավակնորդների և թիրախային այլ խմբերի համար պրոբացիայի և դրան առնչվող մի շարք թեմաների վերաբերյալ մոդուլների մշակման և ուսուցման գործընթացում դրանց ներդրմանն առնչվող հարցեր:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին, առանձնահատուկ կարևորեց ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակում առկա համագործակցությունը և դրա արդյունավետությունը: Պրոռեկտորը նշեց, որ հաշվի առնելով թեմատիկան՝ հիշյալ ծրագրի շրջանակում համագործակցության առաջարկն ընդունելի է, իսկ կարևորությունը՝ ակնհայտ և հրատապ: Պրոռեկտորը նաև ներկայացրեց Ակադեմիայի ուսուցման ծրագրերի մշակման, թեմաների ընտրության առանձնահատկությունները, դրանց հաստատման և ներդրման ընթացակարգը և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքային մի շարք հարցեր:
Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային պայմաններին, եղան լսարաններում, գրադարանում, դատական նիստերի դահլիճում:
Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է ԵՄ/ԵԽ ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը
Փետրվարի 8-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Եվրոպական Միության (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կողմից անցկացվող ղեկավար կոմիտեի հանդիպումը, որին մասնակցում էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից՝ ԵՄ և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրային ձևաչափի շրջանակում և նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների համար:
Ղեկավար կողմիտեի հանդիպմանը ներածական խոսքով հանդես եկան ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ԵԽ ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Բանախոսները կարևորեցին համապատասխան կառույցների միջև առկա համագործակցության հիմնական ուղղությունները և գրանցած արդյունքները:
Անահիտ Մանասյանը ներկայացրեց իրականացվող երկու ծրագրերի ընթացքը, ընդգծեց դրանց կարևորությունը, առանձնացրեց տեսանելի արդյունքները: Մասնավորապես՝ պրոռեկտորը խոսեց Արդարադատության ակադեմիայի մասնակցությամբ անցկացվող «Կանանց համար արդարադատության մատչելիություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի և գենդերային հավասարության եվրոպական այլ չափանիշների պահպանում» տարածաշրջանային և «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրերի մասին: Պրոռեկտորը առանձնահատուկ նշեց վերոնշյալ ծրագրերի շրջանակում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը: