ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

«Մեծ պատիվ է համագործակցել Հայաստանի արդարադատության ակադեմիայի հետ». «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար

22.02.2021

Փետրվարի 22-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շրապելը, ղեկավարի օգնական Յոնաթան Նովակը, երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանը:

 

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ջերմորեն ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, ուսուցման ծրագրերի մշակման և հաստատման ընթացակարգը, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները, միջազգային համագործակցությունը և այլն:

 

«Հայաստանը, այսօր գտնվելով շատ ծանր իրավիճակում, իրավական ոլորտում համագործակցությամբ, համատեղ ծրագրեր իրականացնելով նաև, վերականգնվելու կարիք ունի: Ուստի սիրով առաջարկում ենք համագործակցել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ և համատեղ ծրագրեր իրականացնել»,-նշեց Թոմաս Շրապելը:
Ռեկտորը սիրով ընդունեց համագործակցության առաջարկը և պատրաստակամություն հայտնեց գործակցել՝ մատնանշելով հստակ ուղղություններ: Ավելին՝ ռեկտորը նկատեց, որ հիմնադրամի տասնամյակների պատմությունը վկայում է, որ ցանկացած նախաձեռնություն դրական արդյունքներ է արձանագրել, ուստի այսօր առավել քան կարևոր է իրավական պետության ամրապնդման և զարգացման համար հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առաջիկա անելիքները, պայմանավորվեցին ժամկետների հարցում:

 

Հյուրերն Ակադեմիայում էին առաջին անգամ, ուստի նաև ծանոթացան շենքային պայմաններին, եղան լսարաններում, գրադարանում, դատական նիստերի դահլիճում: