Քննարկվեցին պրոբացիայի վերաբերյալ դասընթացների ներդրման հնարավորությունները Ակադեմիայի ուսուցման գործընթացում
Փետրվարի 10-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի ղեկավար Արման Պողոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության գլխավոր մասնագետ Նանե Մելքոնյանը: Հյուրերը ներկայացրին ԵԽ ծրագիրը և դրա շրջանակում Ակադեմիայի հետ իրականացվելիք միջոցառումների հնարավորությունները, մասնավորապես՝ դատավորների, դատավորի թեկնածուների հավակնորդների և թիրախային այլ խմբերի համար պրոբացիայի և դրան առնչվող մի շարք թեմաների վերաբերյալ մոդուլների մշակման և ուսուցման գործընթացում դրանց ներդրմանն առնչվող հարցեր:
Ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին, առանձնահատուկ կարևորեց ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակում առկա համագործակցությունը և դրա արդյունավետությունը: Պրոռեկտորը նշեց, որ հաշվի առնելով թեմատիկան՝ հիշյալ ծրագրի շրջանակում համագործակցության առաջարկն ընդունելի է, իսկ կարևորությունը՝ ակնհայտ և հրատապ: Պրոռեկտորը նաև ներկայացրեց Ակադեմիայի ուսուցման ծրագրերի մշակման, թեմաների ընտրության առանձնահատկությունները, դրանց հաստատման և ներդրման ընթացակարգը և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակում իրականացվելիք աշխատանքային մի շարք հարցեր:
Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, ծանոթացան շենքային պայմաններին, եղան լսարաններում, գրադարանում, դատական նիստերի դահլիճում: