Ակադեմիայի ռեկտորը մասնակցել է «Կորոնավիրուսը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդեսին
Մարտի 22-ին առցանց եղանակով անցկացվեց «Կորոնավիրուսը և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդեսը: Այն ռումիներեն է, նախատեսվում է առաջիկայում թարգմանել նաև հայերեն: Միջոցառումը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալան, Ռումինիայի Մագիստրատուրայի ազգային ինստիտուտի տնօրեն Քրիստինա Ռոտառու-Ռադուն, դատավորներ, դատախազներ և իրավական ոլորտի այլ մասնագետներ:
Սերգեյ Առաքելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և կարևորեց ուղեցույցի դերը արդարադատության ոլորտում համավարակի հետևանքով ստեղծված մարտահրավերներին լուծումներ գտնելու հարցում:
Հայաստանի, Մոլդովայի, Ռումինիայի ներկայացուցիչները կիսվեցին իրենց փորձով՝ համավարակի հետևանքով ինչ խնդիրների են առնչվել, ինչպես են դրանք հաղթահարել և ազգային ինչպիսի հեռանկարներ են տեսնում այդ պայմաններում:
Մասնավորապես, Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց ՀՀ իրավիճակը՝ ինչպես երկրում տարածվեց կորոնավիրուսը, ինչ փոփոխություններ տեղի ունեցան ուսումնական գործընթացում, որ դեպքերում այն բացասաբար ազդեց մարդու հիմնարար իրավունքների վրա, ինչպիսի լուծումներ տրվեցին խնդիրներին և այլն:
Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով: Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին փորձի փոխանակման հնարավորության համար՝ հույս ունենալով առաջիկայում հանդիպել առցանց ձևաչափից դուրս: