Արդարադատության ակադեմիան գործընկերների հետ համատեղ կազմակերպում է սնանկության իրավունքի վերաբերյալ խորացված առցանց դասընթաց
Փետրվարի 12-ին տեղի ունեցավ սնանկության իրավունքի վերաբերյալ խորացված առցանց դասընթացի մեկնարկային միջոցառումը:
Դասընթացը կազմակերպում է Արդարադատության ակադեմիան՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային իրավունքի զարգացման կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դասընթացը մշակվել է Աջակցություն Հայաստանի բարձրագույն դատական խորհրդին՝ Հայաստանի սնանկության նոր դատարանին գործառնական աջակցության և կարողությունների զարգացման միջոցով ծրագրի շրջանակում:
Առցանց դասընթացն իրականացվելու է ներպետական և միջազգային պրակտիկայի մանրամասն վերլուծությամբ: Նպատակն է զարգացնել իրավական ոլորտի մասնագետների կարողությունները սնանկության ոլորտին առնչվող հարցերում:
Դասընթացի մեկնարկային միջոցառմանը ներկա էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդարադատության ակադեմիայի անունից պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց մասնակիցներին և իր խոսքում ընդգծեց ընտրված թեմայի կարևորությունը և դրա արդիականությունը՝ հույս հայտնելով, որ դասընթացը, փորձի փոխանակումը արդյունավետ կլինեն հայաստանյան իրավակիրառ պրակտիկայի և, հատկապես՝ ՀՀ սնանկության դատարանի և սնանկության գործեր քննող դատավորների համար: