Մշակվել է նոր հեռավար դասընթաց՝ Ակադեմիայի, EBRD-ի և IDLO-ի համագործակցության արդյունքում
Ապրիլի 22-ին առցանց եղանակով անցկացվեց Արդարադատության ակադեմիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) համագործակցության արդյունքում մշակված հեռավար դասընթացին նվիրված մեկնարկային միջոցառումը: Դասընթացը, որը կոչվում է «Քաղաքացիական դատավարության արդի հիմնախնդիրները և արդյունավետության բարձրացման ուղղությունները» նախատեսված է քաղաքացիական գործեր քննող դատավորների համար:
Միջոցառմանը ներածական խոսքով հանդես եկան Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր իրավախորհրդատու Վերոնիկա Բրադաուտանուն, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լյուբոմիր Պետրուլջեսկովը:
Անահիտ Մանասյանն իր խոսքում նշեց Ակադեմիայի և միջազգային գործընկեր կառույցների միջև առկա համագործակցության արդյունավետության մասին, ինչպես նաև ընդգծեց այդ համագործակցության արդյունքում մշակված հեռավար նոր դասընթացի կարևորությունը:
Վեբինարի ընթացքում ներկայացվեցին էլեկտրոնային ուսուցման դասընթացին առնչվող բովանդակային, նաև տեխնիկական հարցեր՝ սկսած դասընթացի թեմաներից և նյութերից մինչև դասընթացի կառուցվածք և առանձնահատկություններ: