Ավարտական վկայականներ՝ վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին
Մարտի 27-ին Արդարադատության ակադեմիայում ավարտվեց Հատուկ քննչական ծառայության քննիչների խմբի վերապատրաստման դասընթացը: Այդ կապակցությամբ ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց խմբում ընդգրկված 7 ունկնդրի: Ռեկտորը շնորհավորեց վերապատրաստում անցած ՀՔԾ քննիչներին և հաջողություն մաղթեց իրենց պատասխանատու ծառայության մեջ:
Վերապատրաստումը մեկնարկել էր մարտի 6-ից: ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսուցումն անցկացվել է 30 ակադեմիական ժամ ծավալով։ Ուսուցման ծրագիրը նպատակաուղղված է ՀՔԾ քննիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործմանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության արդի հիմնահարցերի, կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի, խոշտանգումների քրեաիրավական բնութագրի և քննության առանձնահատկությունների, ընտրական հանցագործությունների որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման (փողերի լվացում) հանցագործության որակման և քննության մեթոդիկայի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված և արտասահմանում գտնվող գույքի, ակտիվների և այլ արժեքների վերադարձման հիմնախնդիրների վերաբերյալ: