ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1573

08.07.2024

Շնորհավորանք ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ
 


             Հարգելի՛ տիկին Թադևոսյան,

 

        Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, դատավորներին և դատական ողջ համակարգին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա կապակցությամբ:


    Հարգելի՛ գործընկերներ, կարևոր այս օրն ավանդաբար հիշեցնում է արդարադատության և օրենքի գերակայության հիմքերի ամրապնդման մասին, որը հիմնարար նշանակություն ունի մեր պետականության զարգացման և հասարակական հարաբերությունների կայացման համար:


    Դատական համակարգի բարձրագույն օղակը հանդիսանալով՝ դուք կրում եք մեծ պատասխանատվություն արդարության պաշտպանության գործում՝ ապահովելով մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը: Ձեր անխոնջ աշխատանքի և բարձր պատրաստվածության շնորհիվ մենք կարող ենք վստահ լինել, որ մեր երկիրն ունի ուժեղ և արդարադատության վրա հիմնված դատական համակարգ:


    Մեծապես կարևորում եմ Արդարադատության ակադեմիայի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում ևս ավելի կամրապնդվեն և կզարգանան:    


    Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի կազմավորման կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ, անձնական և մասնագիտական հաջողություն, կամք և վճռականություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
     

1571

08.07.2024

Նախապատրաստական դասընթացների մեկնարկը

Սույն թվականի հուլիսի 1-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին «ՀՀ քաղաքացիական իրավունքի արդի հարցեր», «ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցեր» խորագրերով դաընթացները:

 

Դասընթացները նախատեսված են դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար:

 

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն՝ առանց որևէ իրավական հետևանքների:

 

Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:

1570

02.07.2024

Դիպլոմներ դատավորների թեկնածուների հավակնորդներին

Հուլիսի 2-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացմամբ 2023 թվականի ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց:


Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց ունկնդիրներին «Սրանով մեր համագործակցությունը ոչ թե ավարտվելու է, այլ նոր թափ է առնելու և մենք ավելի խորացնելու ենք մեր փոխհարաբերությունները»:


Ունկնդիրներն իրենց հերթին խորին շնորհակալություն հայտնեցին ռեկտորին և Ակադեմիայի անձնակազմին հոգատար վերաբերմունքի և ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:


Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 23 ունկնդիրներ:

 

Տեսանյութ - https://youtu.be/Jsw3Tcpu5ec

1569

01.07.2024

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի այցը Սանկտ Պետերբուրգ

Սույն թվականի հունիսի 26-ից 28-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց XII Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին, որն անցկացվում էր Ռուսաստանի նախագահի բարձր հովանու ներքո:


Մասնակիցները հնարավորություն ունեցան ամենահրատապ իրավական հարցերի շուրջ հաղորդակցվելու, բազմաբնույթ հանդիպումներ անցկացնելու, գործարար կապեր հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր կնքելու և իրավական դաշտում փորձի և ձեռքբերումների փոխանակման:


Համաժողովի ընթացքում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի և Համառուսական արդարադատության պետական համալսարանի ռեկտոր Օլգա Ալեքսանդրովայի միջև կնքվեց կրթական եւ գիտական գործունեության բնագավառում համագործակցության մասին հուշագիր: 

 

Միջոցառման շրջանակներում ռեկտորն ունեցավ մի շարք կարևոր հանդիպումներ, ձեռք բերվեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ:

 

Տեսանյութ - https://youtu.be/fJuWYWGKYfk

1568

20.06.2024

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց քննիչի թեկնածուների երրորդ խմբին

Հունիսի 20-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված ունկնդիրների երրորդ խմբին: Խմբում ընդգրկված է 11 ունկնդիր:


Ռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուներին Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ, ներկայացրեց ուսուցման գործընթացի մանրամասները և պատասխանեց հուզող հարցերին:


Մասնագիտական պատրաստումը, որ անցկացվելու է համապատասխան ուսուցման ծրագրով, մեկնարկելու է հունիսի 24-ին և նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 5-ին:

1567

18.06.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության ակադեմիան հայտարարում է թվով 6 առարկայական ծրագրերով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին: 


•  Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս

•  Ժամաքանակը՝ 3 ակադեմիական ժամ (ամսական՝ 10 դասընթաց)

•  Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ) 

•  Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա 

•  Մեկնարկը՝ հուլիսի 1-ին

•  Ընդհանուր արժեքը՝ 450.000 ՀՀ դրամ 


 Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 28-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.

1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին, 

2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը, 

3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):

 

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:


Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:


Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում


Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am

1566

11.06.2024

Դիպլոմներ՝ Ակադեմիայի շրջանավարտներին

Հունիսի 11-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված թեկնածուին և ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացան 25 ունկնդիրներ:


Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց շրջանավարտներին: «Ցանկացած կրթական կառույցի գլխավոր գնահատականը ձևավորվում է շրջանավարտների միջոցով: Հույս եմ հայտնում, որ ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնելով կնպաստեք բոլորիս, այդ թվում ձեր Ակադեմիայի բարձր գնահատականի ձևավորմանը»:


Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին՝ ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

 

Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=n0L30W-a9cQ

1565

06.06.2024

«Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրության շնորհանդեսը:

Հունիսի 5-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայարփի Զարգարյանի՝ «Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքի էությունը և դրա կենսագործման հիմնախնդիրները» վերնագրով մենագրության շնորհանդեսը:

 

Միջոցառմանը ներկա էին Վճռաբեկ դատարանի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանն անձամբ իր և Ակադեմիայի անունից ողջունեց ներկաներին, շնորհավորեց նման նշանակալի իրադարձության առթիվ՝ հայտնելով իր դրական արձագանքը մենագրության վերաբերյալ:

 

Հայարփի Զարգարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրերին, Արդարադատության ակադեմիային՝ ի դեմս ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հյուընկալելու համար, հակիրճ ներկայացրեց մենագրության բովանդակությունը և առաջին մակագրված օրինակը նվիրեց Ռեկտորին:

 

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև մի շարք հյուրեր:

1564

31.05.2024

Մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպում դատախազի թեկնածուների հետ

Մայիսի 31-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հանդիպեց դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: Խմբում ընդգրկված է 11 ունկնդիր:


Ռեկտորը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Ակադեմիայի ունկնդիր դառնալու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն: Ուսուցման ծրագրի համաձայն՝ ուսումնառությունը տևելու է 7 ամիս 1 շաբաթ, ներառյալ փորձաշրջանը:


Հանդիպմանը քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք բովանդակային և կազմակերպական հարցեր:


Մասնագիտական պատրաստումը մեկնարկելու է հունիսի 3-ին:
 

1563

29.05.2024

Բելառուսի գործընկերների այցն Արդարադատության ակադեմիա

Մայիսի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին, պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր, Բելառուսի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Բելառուսի ԳԱԱ թղթակից անդամ  Գրիգորի Վասիլևիչին, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Բելառուսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Անդրեյ Շիդլովսկուն:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:


Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ բարձր գնահատելով կողմերի միջև առկա արդյունավետ համագործակցությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:


Հյուրերը նաև ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին: