ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1589

25.09.2024

Շնորհավորանք Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:

 

                Հարգելի՛ պարոն Հովսեփյան,

 

    Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմին բյուրոյի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:


    Անցած երկու տասնամյակների ընթացքում Ձեր ղեկավարած կազմակերպությունը ձեռք է բերել կարևոր դիրք մեր երկրի իրավապահ համակարգում: Ձեր նվիրված աշխատանքը և անզիջում ջանքերը թույլ են տվել Բյուրոյին դառնալ ոլորտում հուսալի և բարձր մասնագիտական հարթակ, որն օժտված է անհրաժեշտ գիտատեխնիկական միջոցներով և որակյալ մասնագետներով:


    Արդարադատության ակադեմիան բարձր է գնահատում մեր համագործակցությունը և մշտապես պատրաստ է աջակցելու մեր համատեղ նպատակներին՝ արդարադատության ոլորտի շարունակական կատարելագործման համար:


    Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին նորանոր ձեռքբերումներ, մեծ հաջողություններ և անխափան զարգացում՝ ի նպաստ մեր հասարակության և պետության:

1588

24.09.2024

Համագործակցության հուշագիր Արդարադատության ակադեմիայի և ՀՀ քննչական կոմիտեի միջև

Սեպտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցեց ՀՀ քննչական կոմիտեի հոբելյանական 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով–սեմինարին, որի շրջանակներում Արդարադատության ակադեմիայի և ՀՀ քննչական կոմիտեի միջև հանդիսավոր պայմաններում ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:


Հուշագրի ստորագրման նպատակն է իրավական կրթության և գիտահետազոտական ոլորտի, ինչպես նաև կրթական ծրագրերի կատարելագործման և ունկնդիրների կարիերայի արդյունավետ պլանավորման գործում ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ:
 

1587

23.09.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության ակադեմիան հայտարարում է «Վարչական իրավունքի արդի հարցեր» և «Վարչական դատավարության արդի հարցեր» վերտառությամբ թվով երկու առարկայական ծրագրերով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգմանն ուղղված վճարովի արագացված նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին: 
•  Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ)
•  Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա 
•  Մեկնարկը՝ հոկտեմբերի 7-ին

 

Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.
1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին, 
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը, 

 

Դասընթացներն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացների շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:

 

Դասընթացներն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:


Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում


Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am

1586

19.09.2024

Դիպլոմներ քննիչի թեկնածուների երրորդ խմբի ունկնդիրներին

Սեպտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2024 թվականի ցուցակում ընդգրկված 3-րդ խմբի ունկնդիրներին:


Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, մաղթում եմ, որ ձեր գործունեության ընթացքում ունենաք մեծ ձեռքբերումներ և հաջողություններ ու որ ամենակարևորն է՝ առաջին հերթին ինքներդ ձեր կատարած աշխատանքից հաճույք ստանաք», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:


Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 11 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի հունիսի 24-ից սեպտեմբերի 5-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

 Տեսանյութ - https://youtu.be/GPeBE0j27EI

 

1585

18.09.2024

Հասանելի է «Մարդու դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» գիտագործնական ձեռնարկի ամբողջական տարբերակը

Ակադեմիայի պաշտոնական կայքէջում հասանելի է  Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Վ. Առաքելյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Վ. Բարսեղյանի «Մարդու դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» գիտագործնական ձեռնարկը՝ ներբեռնման հնարավորությամբ:

https://aoj.am/storage/library/academy-publications/jauKr86DRia7ec9qMCA9raQYSB4oYzyqiV0Lfwxb.pdf

1584

18.09.2024

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի այցը Մոսկվա

Սույն թվականի սեպտեմբերի 11-ից 15-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի Մոսկվա այցի շրջանակում կնքվեց հայրենակիցներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու Խարտիա Արդարադատության ակադեմիայի և Համառուսական արդարադատության պետական համալսարանի միջև: Խարտիայի նպատակն է անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել մասնակից երկրի այն քաղաքացիներին, ովքեր աջակցության կարիք ունեն:


 Խարտիայի ստորագրումն իրականացվեց 2024 թվականի հուլիսի 24-ին Արդարադատության ակադեմիայի և Համառուսական արդարադատության պետական համալսարանի միջև կրթական և գիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն: 

1583

17.09.2024

Հանդիպում՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի գործընկերների հետ

Սեպտեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների   և մարդասիրական իրավունքի ինստիտուտի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Փիթեր Լանդբերգի գլխավորությամբ:


Ռեկտորը ողջունեց հյուրերին, խոսեց շարունակական համագործակցության դրական արդյունքների մասին, անդրադարձավ համագործակցության հնարավոր նոր ուղղություններին:


Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ակադեմիայի հետ փոխարդյունավետ համագործակցությունը:


Կողմերը պայմանավորվեցին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար անցկացնել կարիքների գնահատում, որի հիման վրա կիրականացվեն հետագա ծրագրերը:

1582

16.09.2024

Հայտարարություն նախապատրաստական դասընթացների համար ներկայացվող դիմումների ընդունումը երկարաձգելու մասին

Հաշվի առնելով դիմորդների բազմաթիվ խնդրանքները՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպվող նախապատրաստական դասընթացների դիմումների ընդունումը երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը՝ 17:00-ը ներառյալ: Դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 1-ին:


Դիմումի, ուսուցման ծրագրի և այլնի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղումով https://aoj.am/news/1579

1581

12.09.2024

Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործընկերների այցն Ակադեմիա

Սեպտեմբերի 12-ին Արդարադատության ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի փորձագետ Լաուրի Թաբուրին, ԹՊԻՀ գրասենյակի ծրագրերի պատասխանատու Կարինե Քեշաբյանին և ՆԳՆ ներկայացուցիչ Անդրանիկ Մելիքյանին:


Աշխատակազմի ղեկավարը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


Լաուրի Թաբուրը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հետագա արդյունավետ համագործակցությունը:


Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասենյակում և հյուրանոցում:

1580

30.08.2024

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների այցն Ակադեմիա

Օգոստոսի 30-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց գերմանական հեղինակավոր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝«Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շթեֆան Մալերիուսին,   «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի գրասենյակի գիտաշխատող Ֆլորիան Բինդերին և երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

 

Ռեկտորը ողջունեց հյուրերին, կարևորեց Ակադեմիայի և Հիմնադրամի միջև արդյունավետ համագործակցության դրական արդյունքները, անդրադարձավ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

 

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով համատեղ իրականացվելիք ծրագրերի դրական արդյունքները: