ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1579

27.08.2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության ակադեմիան հայտարարում է «Քրեական իրավունքի արդի հարցեր» և «Քրեական դատավարության արդի հարցեր» վերտառությամբ թվով երկու առարկայական ծրագրերով՝ դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար նախապատրաստական դասընթացների մեկնարկի մասին: 


•  Դասընթացի տևողությունը՝ 3 ամիս
•  Յուրաքանչյուր դասընթացի ժամաքանակը՝ օրական 3 ակադեմիական ժամ (ամսական՝ 10 դասընթաց յուրաքանչյուր առարկան)
•  Ձևաչափը՝ առկա (հեռավար եղանակով միանալու հնարավորությամբ) 
•  Անցկացման վայրը՝ Արդարադատության ակադեմիա 
•  Մեկնարկը՝ սեպտեմբերի 15-ին
•  Յուրաքանչյուր դասընթացի արժեքը ընդհանուր տևողության համար (3 ամիս) ՝ 450.000 ՀՀ դրամ (ցանկության դեպքում դասընթացի ընդհանուր արժեքը հնարավոր է մարել ըստ ամիսների)

 

 Ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ Արդարադատության ակադեմիայի անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժին ներկայացնել.

 

1. դիմում՝ դասընթացին մասնակցելու ցանկության մասին, 
2. անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ներկայացնելով բնօրինակը, 
3. դասընթացի մեկ ամսվա վարձի վճարման անդորրագիրը (150.000 ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թիվ 11811009845606 հաշվեհամարին):


Դասընթացներն ավարտելուց հետո ունկնդիրները, ցանկության դեպքում դասընթացների շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն:


Դասընթացներն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:

 

Առավել մանրամասն՝ կից Ուսուցման ծրագրում


Կոնտակտային անձ՝ Անձնակազմի և փաստաթղթաշրջանառության բաժնի ղեկավար Էմմա Խուբլարյան, 098 00 05 50, 060 46 00 79, emma.khublaryan@justiceacademy.am

1578

01.08.2024

ԵԽ ծրագրի ներկայացուցիչների այցն Ակադեմիա

Օգոստոսի 1-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի պատվիրակությունը՝ Էմմա Մկրտչյանի ղեկավարությամբ:

 

Ռեկտորը ողջունեց ծրագրի ներկայացուցիչներին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց Ակադեմիա-Եվրոպայի խորհուրդ համագործակցության արդյունավետության մասին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մի շարք աշխատանքային հարցեր՝ դասընթացի մշակման, դասընթացավարների վերապատրաստման, դասընթացի ներդրման և այլնի մասին:


 

1577

25.07.2024

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի ներկայացուցիչների այցն Արդարադատության ակադեմիա

Հուլիսի 24- ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) «Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի հայաստանյան և վաշինգթոնյան ներկայացուցիչները:

 

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ընդգծեց առկա համագործակցության դրական փորձը, անդրադարձավ հեռաուսուցման ծրագրերին և միջազգային գործընկերների հետ համատեղ մշակվող դասընթացների առանձնահատկություններին:


Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ակադեմիայում իրականացվող աշխատանքները:


Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում նորից հանդիպել՝ աշխատանքային քննարկման շրջանակում հստակեցնելու հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները:

1576

17.07.2024

Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործընկերների այցն Ակադեմիա

Հուլիսի 17-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) Վաշինգտոնի ծրագրի պատասխանատու Ռեյչել Քուքը, «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը, Արևելք-Արևմուտք Կառավարման Ինստիտուտի երկրի կոորդինատոր Սերգո Կավտարաձեն:


Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ հատուկ ընդգծելով ԹՊԻՀ գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետությունը և ձեռքբերված մի շարք հաջողությունները:


Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ անդրադառնալով մոտ ապագայում համատեղ իրականցվելիք ծրագրերին:


Հյուրերը նաև շրջեցին Ակադեմիայում, եղան լսարաններում, այցելեցին դատական նիստերի դահլիճ, գրադարան, մարզասրահ, հյուրանոց, ինչպես նաև «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ», որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

1575

15.07.2024

Դիպլոմ՝ քննիչի թեկնածուին

Հուլիսի 12-ին Արդարադատության ակադեմիայում պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը դիպլոմ հանձնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիր Նաիրա Շահինյանին:


Պրոռեկտորը շնորհավորեց քննիչի թեկնածուին ուսումնառությունը հաջող ավարտելու կապակցությամբ և մաղթեց անփորձանք ծառայություն:


Քննիչի թեկնածուն մասնագիտական պատրաստում է անցել հունիսի 3-ից 28-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:

1574

10.07.2024

Արդարադատության ակադեմիայի պատվիրակության այցը Ստրասբուրգ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը հուլիսի 4-ից 5-ը Ստրասբուրգում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) HELP (Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար) ծրագրի 20-րդ տոնական համաժողովին:


    Միջոցառմանը մասնակցում էին ԵԽ անդամ երկրների համապատասխան կառույցների ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում ամփոփվել են ծրագրի նախորդ տարվա արդյունքները, ներկայացվել են առաջիկայում մեկնարկող նոր նախագծերը, քննարկվել են գործընկեր կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: 


     Հուլիսի 5-ին տեղի է ունեցել նաև «Կանանց արդարադատության մատչելիությունը.Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում» ԵՄ և ԵԽ համատեղ ծրագրի  Արևելյան գործընկերության երկրների դատական վերապատրաստման հաստատությունների տարածաշրջանային ցանցի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա ամիսներին իրականացվելիք համատեղ միջոցառումները:    

1573

08.07.2024

Շնորհավորանք ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա առթիվ
 


             Հարգելի՛ տիկին Թադևոսյան,

 

        Անձամբ և Արդարադատության ակադեմիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, դատավորներին և դատական ողջ համակարգին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կազմավորման օրվա կապակցությամբ:


    Հարգելի՛ գործընկերներ, կարևոր այս օրն ավանդաբար հիշեցնում է արդարադատության և օրենքի գերակայության հիմքերի ամրապնդման մասին, որը հիմնարար նշանակություն ունի մեր պետականության զարգացման և հասարակական հարաբերությունների կայացման համար:


    Դատական համակարգի բարձրագույն օղակը հանդիսանալով՝ դուք կրում եք մեծ պատասխանատվություն արդարության պաշտպանության գործում՝ ապահովելով մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը: Ձեր անխոնջ աշխատանքի և բարձր պատրաստվածության շնորհիվ մենք կարող ենք վստահ լինել, որ մեր երկիրն ունի ուժեղ և արդարադատության վրա հիմնված դատական համակարգ:


    Մեծապես կարևորում եմ Արդարադատության ակադեմիայի և ՀՀ վճռաբեկ դատարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ այս տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերությունները հետագայում ևս ավելի կամրապնդվեն և կզարգանան:    


    Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի կազմավորման կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ, անձնական և մասնագիտական հաջողություն, կամք և վճռականություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
     

1571

08.07.2024

Նախապատրաստական դասընթացների մեկնարկը

Սույն թվականի հուլիսի 1-ից Արդարադատության ակադեմիայում մեկնարկեցին «ՀՀ քաղաքացիական իրավունքի արդի հարցեր», «ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցեր» խորագրերով դասընթացները:

 

Դասընթացները նախատեսված են դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինների համալրման նպատակով որակավորման ստուգմանը, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար:

 

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները, դասընթացի շրջանակներում ձեռքբերված գիտելիքների ստուգման և նախատեսված որակավորման ստուգմանը պատշաճ ներկայանալու նկատառումներից ելնելով, Արդարադատության ակադեմիայում կհանձնեն համապատասխան ձևաչափով քննություն՝ առանց որևէ իրավական հետևանքների:

 

Դասընթացն անցած ունկնդիրներին կտրամադրվեն ավարտական վկայականներ:

1570

02.07.2024

Դիպլոմներ դատավորների թեկնածուների հավակնորդներին

Հուլիսի 2-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացմամբ 2023 թվականի ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց:


Ռեկտորը շնորհավորեց և հաջողություն մաղթեց ունկնդիրներին «Սրանով մեր համագործակցությունը ոչ թե ավարտվելու է, այլ նոր թափ է առնելու և մենք ավելի խորացնելու ենք մեր փոխհարաբերությունները»:


Ունկնդիրներն իրենց հերթին խորին շնորհակալություն հայտնեցին ռեկտորին և Ակադեմիայի անձնակազմին հոգատար վերաբերմունքի և ուսուցման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:


Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 23 ունկնդիրներ:

 

Տեսանյութ - https://youtu.be/Jsw3Tcpu5ec

1569

01.07.2024

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի այցը Սանկտ Պետերբուրգ

Սույն թվականի հունիսի 26-ից 28-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց XII Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին, որն անցկացվում էր Ռուսաստանի նախագահի բարձր հովանու ներքո:


Մասնակիցները հնարավորություն ունեցան ամենահրատապ իրավական հարցերի շուրջ հաղորդակցվելու, բազմաբնույթ հանդիպումներ անցկացնելու, գործարար կապեր հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր կնքելու և իրավական դաշտում փորձի և ձեռքբերումների փոխանակման:


Համաժողովի ընթացքում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի և Համառուսական արդարադատության պետական համալսարանի ռեկտոր Օլգա Ալեքսանդրովայի միջև կնքվեց կրթական եւ գիտական գործունեության բնագավառում համագործակցության մասին հուշագիր: 

 

Միջոցառման շրջանակներում ռեկտորն ունեցավ մի շարք կարևոր հանդիպումներ, ձեռք բերվեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ:

 

Տեսանյութ - https://youtu.be/fJuWYWGKYfk