Ամփոփվել են ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի 2022 թվականի արդյունքները
Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի 2022 թվականի արդյունքների ամփոփմանը: Ծրագիրն անցկացվում է Եվրոպական Միության և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի շրջանակում ֆինանսավորվող «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը:
Ի թիվս այլ արդյունքների՝ նշվել է, որ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Ակադեմիայի պրոռեկտորը իր խոսքում երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և արձանագրել, որ ծրագրի շրջանակում ընթացիկ տարում Ակադեմիայում անցկացվել է դատավորների, դատախազների, քննիչների, ընդհանուր թվով՝ շուրջ 450 ունկնդրի վերապատրաստում քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման վերաբերյալ: Ավելին՝ համպաատասխանեցվել և ուսումնական գործընթացում ներդրվել է HELP-ի երկու նոր դասընթաց, թարգմանվել և հրատարակվել է HELP-ի մեթոդաբանությունը: Բացի այդ՝ անցկացվել է դասընթացավարների վերապատրաստում քրեական նոր օրենսդրության վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ:
Ակադեմիայի պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ «Կանանց արդարադատության մատչելիություն» ծրագրի շրջանակում անցկացված միջոցառումներին
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հրավերով Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ «Կանանց արդարադատության մատչելիություն» ծրագրի շրջանակում անցկացված միջոցառումներին: Ակադեմիայի պատվիրակության կազմում էր նաև Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի փորձագետ Մերի Վանունին:
Նոյեմբերի 17-ին անցկացվել է «Քովիդ-19»-ի ազդեցությունը կանանց արդարադատության մատչելիության վրա» թեմայով զեկույցի շնորհանդեսը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը, որի ժամանակ պրոռեկտորը ներկայացրել է Ակադեմիայի կողմից վերջին 3 տարիների ընթացքում ծրագրի շրջանակում համատեղ իրականացված միջոցառումների արդյունքները և այն նախագծերը, որոնք նախատեսվում է կյանքի կոչել ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլում: Մ. Ամյանը նաև երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Երկօրյա միջոցառումներին մասնակցել են Արևելյան գործընկերության մի քանի երկրների իրավական ոլորտի մասնագետների համար ուսուցում կազմակերպող հաստատությունների ներկայացուցիչները:
Սեմինար՝ «Պրոբացիայի շահառուների մասնակցությամբ դատարանի լուծման ենթակա հարցերի իրավական կարգավորումները» թեմայով
Նոյեմբերի 18-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց սեմինար՝ նվիրված «Պրոբացիայի շահառուների մասնակցությամբ դատարանի լուծման ենթակա հարցերի իրավական կարգավորումները» թեմային:
Սեմինարն իրականացվում է Ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում:
Սեմինարը վարում էր Ակադեմիայի դասընթացավար, ԵԽ ազգային փորձագետ Արսեն Նիկողոսյանը: Մասնակցում էին դատախազներ, դատավորի թեկնածուներ և դատախազի թեկնածուներ:
«Սիգմա» ծրագրի հանրային գնումների բաժնի ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Նոյեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) «Սիգմա» ծրագրի հանրային գնումների բաժնի ներկայացուցիչներին՝ Ալեքսանդրա Մելեշկոյին և Մարիան Լեմկեյին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, հնարավոր համագործակցության շրջանակը:
Հյուրերը ներկայացրին «Սիգմա» ծրագիրը, որն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 18 երկրում շուրջ 30 տարի: Հայաստանի հետ համագործակցությունը 12 տարվա պատմություն ունի. տրամադրում են պետական գնումների ոլորտում օրենսդրության և ռազմավարության մշակման վերաբերյալ խորհրդատվություն:
Կողմերը քննարկեցին դատարանում գնումների բողոքարկմանն առնչվող հարցեր՝ այդ համատեքստում Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների համար առաջիկայում համապատասխան դասընթացներ կազմակերպելու նպատակադրմամբ:
Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց սերտ համագործակցել ծրագրի շրջանակում:
Հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին:
Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործընկերների այցը Ակադեմիա
Նոյեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) ներկայացուցիչները՝ Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթը, Եվրոպայի ծրագրերի համակարգող Ջուդիթ Քեմբլը, ծրագրերի խորհրդատու Քեյթ Շպիլսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, հատուկ ընդգծեց ԹՊԻՀ գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետությունը, նաև ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով հայ-ամերիկյան համագործակցությունը և արձանագրած մի շարք հաջողությունները:
ԹՊԻՀ Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրենը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և իր խոսքում ընդգծեց, որ գրանցված փոփոխությունները չափազանց տպավորիչ են: «Հպարտ ենք լինել ձեր գործընկերը և ուրախ ենք, որ ԹՊԻՀ գրասենյակը կարողացել է աջակցել»,-նշեց Ջ. Ափլգեյթը:
Ի պատասխան գործընկերների հարցերին՝ ռեկտորը նաև ներկայացրեց այն խնդիրները, որոնց լուծումը կնպաստի Ակադեմիայի կողմից տարվող աշխատանքների իրականացման բարելավմանը:
Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության, ներդրած նշանակալի ավանդի և առանձնակի նվիրումի համար, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրամանով, ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը պարգևատրվեց Ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով:
Ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ակադեմիայում, եղան լսարաններում, այցելեցին դատական նիստերի դահլիճ, գրադարան, մարզասրահ, հյուրանոց, «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ», որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Հյուրերը տպավորված էին Ակադեմիայի շենքային պայմաններով:
Դիպլոմներ՝ դատավորների թեկնածուների հավակնորդներին
Նոյեմբերի 8-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատավորների թեկնածուների հավակնորդների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմներ ստացան Ակադեմիայի 21 ունկնդիր:
Ռեկտորը, շնորհավորելով շրջանավարտներին, նշեց, որ դիպլոմների հանձնման այս արարողությունը Ակադեմիայի համար հերթական, բայց ոչ շարքային միջոցառում է: «Արդարադատության համակարգում ամենապատասխանատու գործառույթը հենց դատավորներն են իրականացնում»,-նշեց ռեկտորը՝ շեշտելով դատավորի առաքելության կարևորությունը:
Շրջանավարտներից Սյուզաննա Պողոսյանը և Մակար Կիրակոսյանը հանդես եկան ելույթներով և իրենց հերթին երախտագիտություն հայտնեցին ռեկտորին, Ակադեմիայի անձնակազմին ուսումնառությունը պատշաճ կազմակերպելու համար:
Դիպլոմներ՝ դատախազի թեկնածուներին
Նոյեմբերի 1-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց դատախազների թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված անձանց: Դիպլոմ ստացավ 17 ունկնդիր:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին ավարտելու կապակցությամբ և ընդգծեց, որ Ակադեմիայի գործունեության գնահատականը կախված է նաև շրջանավարտների դրսևորած վարքագծից և գործառույթների իրականացման որակից: «Ակադեմիայում անցած մասնագիտական պատրաստումը կարևոր նախադրյալ է պատշաճ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար: Ձեր աշխատանքով է պայմանավորված Հայաստանում օրինականության ամրապնդումը, և ես հուսով եմ՝ դուք քաջ գիտակցում եք, թե որքան բարդ ու պատասխանատու շրջափուլ է սկսվում»,- նշեց ռեկտորը՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Արդարադատության ակադեմիա
Հոկտեմբերի 31-ին Արդարադատության ակադեմիա այցելեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ Կոմիտեի նախագահը և տեղակալ Արսեն Այվազյանը շրջայց կատարեցին Ակադեմիայում, եղան տեխնիկապես վերազինված քննասենյակում, դատական նիստերի դահլիճում, մարզասրահում, ինչպես նաև լսարաններում, որտեղ այդ պահին ընթանում էին ՔԿ ղեկավար կազմի և քննիչների վերապատրաստման դասընթացները:
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին Ակադեմիայում ուսումնական գործընթացին ցուցաբերած սրտացավության, որակյալ և նորարարական մոտեցումներով կրթություն ապահովելու համար:
«Ակադեմիայում վերապատրաստվելը հարկ է ընկալել իբրև լավ հնարավորություն: Փորձեք հնարավորինս օգուտ քաղել և յուրացնել տեսական գիտելիքները, քանզի համակարգում աշխատելու միակ նախապայմանը կրթված և պրոֆեսիոնալ լինելն է»,-նշեց Կոմիտեի նախագահը, նաև վերհիշեց այն ժամանակաշրջանը, երբ ինքն էր, որպես դատախազի թեկնածու, մասնագիտական պատրաստում անցնում Ակադեմիայում:
Ռեկտորն իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ խոսքերի և բարձր գնահատականի համար և ընդգծեց, որ գնահատված լինելը չափազանց կարևոր է հետագայում նոր նախաձեռնությունների իրականացման առումով: Դիմելով ունկնդիրներին՝ ռեկտորը հիշեցրեց, որ Ակադեմիան քննիչների գործընկերն է մասնագիտական ողջ գործունեության ընթացքում և առաջարկեց ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման ժամանակ պրակտիկայում առաջացած խնդիրներն առանձնացնել, փոխանցել Ակադեմիային լրացուցիչ վերապատրաստումներ կազմակերպելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Կոմիտեի հետ սերտ համագործակցությունն ապահովելու համար ռեկտոր Սերգեյ Առաքելյանը պարգևատրվեց հուշանվեր՝ ժամացույցով:
Դիպլոմներ՝ քննիչի թեկնածուների երրորդ խմբի ունկնդիրներին
Հոկտեմբերի 21-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երրրորդ խմբի ունկնդիրներին: Դիպլոմ ստացավ 29 շրջանավարտ:
Ռեկտորը շնորհավորեց ունկնդիրներին և հույս հայտնեց, որ նրանք, ընտրելով քննիչի մասնագիտությունը, պատրաստ են հաղթահարել սպասվելիք բոլոր բարդություններն ու խոչընդոտները: «Ձեր կատարած աշխատանքի որակից է կախված, թե որքանով հասարակությունը կվստահի պետությանը քրեական արդարադատության իրականացման գործում»,- նշեց ռեկտորը և բարի երթ ու անփորձ ծառայություն մաղթեց շրջանավարտներին:
«Քովիդ-19-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդես՝ Ակադեմիայում
Հոկտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Քովիդ-19-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդես և կլոր սեղան-քննարկում: Ուղեցույցը մշակվել և հրատարակվել է Ակադեմիայի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ:
«Այսօրվա միջոցառումը Ակադեմիայի և Հիմնադրամի արդյունավետ համագործակցության հերթական դրսևորումներից է»,-բացման խոսքում նշեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ հավելելով, որ նույնիսկ կարող է կարծիք կազմվել, թե քննարկումը և ձեռնարկը ժամանակավրեպ են, բայց համավարակը շարունակում է սպառնալիք հանդիսանալ մարդկանց կյանքի և առողջության համար: Ռեկտորի խոսքով՝ ուղեցույցը մշակելիս հաշվի են առնվել հարցեր, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների սահմանափակման համաչափության հիմնախնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը և իր հերթին ընդգծեց ուղեցույցում արծարծվող թեմաների կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության պահպանման գործում:
Զեկույցներով հանդես եկան Հիմնադրամի Հարավարևելյան Եվրոպայի «Իրավական պետություն» ծրագրի ղեկավար Պավել Ուսվատովը (հեռավար), ազգային փորձագետներ և Ակադեմիայի դասընթացավարներ Նինա Փիրումյանը և Աննա Մարգարյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Անահիտ Հարությունյանը:
Քովիդ-19 համավարակի պայմաններում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ուղեցույցի շնորհանդես և կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաև Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ և ունկնդիրներ՝ դատավորներ, դատավորների թեկնածուների հավակնորդներ, դատախազներ: