Ամփոփվել են ԵԽ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի 2022 թվականի արդյունքները
Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի 2022 թվականի արդյունքների ամփոփմանը: Ծրագիրն անցկացվում է Եվրոպական Միության և ԵԽ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի շրջանակում ֆինանսավորվող «Դատական բարեփոխումների իրականացում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը:
Ի թիվս այլ արդյունքների՝ նշվել է, որ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Ակադեմիայի պրոռեկտորը իր խոսքում երախտագիտություն է հայտնել ԵԽ գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և արձանագրել, որ ծրագրի շրջանակում ընթացիկ տարում Ակադեմիայում անցկացվել է դատավորների, դատախազների, քննիչների, ընդհանուր թվով՝ շուրջ 450 ունկնդրի վերապատրաստում քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման վերաբերյալ: Ավելին՝ համպաատասխանեցվել և ուսումնական գործընթացում ներդրվել է HELP-ի երկու նոր դասընթաց, թարգմանվել և հրատարակվել է HELP-ի մեթոդաբանությունը: Բացի այդ՝ անցկացվել է դասընթացավարների վերապատրաստում քրեական նոր օրենսդրության վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ: