«Սիգմա» ծրագրի հանրային գնումների բաժնի ներկայացուցիչների այցը Ակադեմիա
Նոյեմբերի 17-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) «Սիգմա» ծրագրի հանրային գնումների բաժնի ներկայացուցիչներին՝ Ալեքսանդրա Մելեշկոյին և Մարիան Լեմկեյին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, հնարավոր համագործակցության շրջանակը:
Հյուրերը ներկայացրին «Սիգմա» ծրագիրը, որն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 18 երկրում շուրջ 30 տարի: Հայաստանի հետ համագործակցությունը 12 տարվա պատմություն ունի. տրամադրում են պետական գնումների ոլորտում օրենսդրության և ռազմավարության մշակման վերաբերյալ խորհրդատվություն:
Կողմերը քննարկեցին դատարանում գնումների բողոքարկմանն առնչվող հարցեր՝ այդ համատեքստում Ակադեմիայի ունկնդիրների՝ դատավորների համար առաջիկայում համապատասխան դասընթացներ կազմակերպելու նպատակադրմամբ:
Ռեկտորը պատրաստակամություն հայտնեց սերտ համագործակցել ծրագրի շրջանակում:
Հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին: