ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

«Քովիդ-19-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդես՝ Ակադեմիայում

13.10.2022

 Հոկտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց «Քովիդ-19-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա» ուղեցույցի շնորհանդես և կլոր սեղան-քննարկում: Ուղեցույցը մշակվել և հրատարակվել է Ակադեմիայի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ: 


«Այսօրվա միջոցառումը Ակադեմիայի և Հիմնադրամի արդյունավետ համագործակցության հերթական դրսևորումներից է»,-բացման խոսքում նշեց ռեկտոր Սերգեյ Առաքելյանը՝ հավելելով, որ նույնիսկ կարող է կարծիք կազմվել, թե քննարկումը և ձեռնարկը ժամանակավրեպ են, բայց համավարակը շարունակում է սպառնալիք հանդիսանալ մարդկանց կյանքի և առողջության համար: Ռեկտորի խոսքով՝ ուղեցույցը մշակելիս հաշվի են առնվել հարցեր, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների սահմանափակման համաչափության հիմնախնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին:


Միջոցառմանը ելույթ ունեցավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը և իր հերթին ընդգծեց ուղեցույցում արծարծվող թեմաների կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության պահպանման գործում:


Զեկույցներով հանդես եկան Հիմնադրամի Հարավարևելյան Եվրոպայի «Իրավական պետություն» ծրագրի ղեկավար Պավել Ուսվատովը (հեռավար), ազգային փորձագետներ և Ակադեմիայի դասընթացավարներ Նինա Փիրումյանը և Աննա Մարգարյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ Անահիտ Հարությունյանը: 


Քովիդ-19 համավարակի պայմաններում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ուղեցույցի շնորհանդես և կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաև Ակադեմիայի աշխատակազմի ներկայացուցիչներ և ունկնդիրներ՝ դատավորներ, դատավորների թեկնածուների հավակնորդներ, դատախազներ: