ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1414

25.01.2023

Անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը

Հունվարի 24-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թվականի առաջին նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Արման Թովմասյանը (ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր), անդամներ Արա Մկրտչյանը (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ), Անդրանիկ Մնացականյանը (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր), Լիլիթ Սարգսյանը (Երևան քաղաքի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր), Մուշեղ Բաբայանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ), Արշալույս Մինասյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 3-րդ վարչության պետ), Գարեգին Բեգոյանը (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ), Արսեն Այվազյանը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ), Ռոբերտ  Ադիլխանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ), Ռաֆայել  Վարդանյանը (ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ), Անահիտ Մանասյանը (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ), Եղիազար Ավագյանը (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ), Վահե Ռաֆաելյանը (ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ), ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: 


Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Արսեն Այվազյանը: Խորհրդի անդամները շնորհավորեցին նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վերջին մեկ տարում խորհուրդը նախագահում էր Արման Թովմասյանը: Խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Ա. Թովմասյանին կատարած աշխատանքի համար՝ համոզմունքով, որ հետագա աշխատանքներն արդեն Խորհրդի անդամի կարգավիճակով ևս չեն զիջի իրենց ակտիվությամբ:


Նիստի ընթացքում խորհուրդը քննարկեց և ի գիտություն ընդունեց Ակադեմիայի 2022 թ. գործունեության մասին հաշվետվությունը, ինչպես նաև 2021 թ. ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության անկախ վերստուգման (աուդիտի) արդյունքները: Խորհուրդը քննարկեց և հաստատեց նաև Ակադեմիայի 2023 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
 

1413

16.01.2022

Մեկնարկեց Ակադեմիայի ունկնդիրների մասնագիտական պատրաստումը

Հունվարի 16-ին մեկնարկեց Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների և Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը:


Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 274 ակադեմիական ժամ է՝ ներառյալ 1 ամիս տևողությամբ փորձաշրջանը: 

1412

13.01.2022

Մասնագիտական պատրաստումից առաջ ռեկտորը հանդիպեց ունկնդիրներին

Հունվարի 13-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնագիտական պատրաստումից առաջ հանդիպեց Ակադեմիայի ունկնդիրներին՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների և Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներում ընդգրկված անձանց: 


Վերաքննիչ դատարաններում դատավոր (հակակոռուպցիոն) նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ուսումնառությունը կանցկացվի քրեական և քաղաքացիական մասնագիտացումներով: Խմբում ընդգրկված է 5 ունկնդիր, իսկ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդները երկուսն են: 


Ռեկտորը ողջունեց ունկնդիրներին և մաղթեց արդյունավետ ուսումնառություն, այնուհետև անդրադարձավ ուսումնական գործընթացին վերաբերող բովանդակային և կազմակերպական մի շարք հարցերի:   

1411

28.12.22

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ամփոփեց Ակադեմիայի 2022 թվականի գործունեությունը

Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն աշխատակազմի հետ հանդիպմանն ամփոփեց Ակադեմիայի 2022 թվականի գործունեությունը:


Ռեկտորը երախտագիտություն հայտնեց աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի և տարվա ընթացքում արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների համար ինչպես ուսումնական գործընթացում, այնպես էլ համագործակցության և նոր գործընկերներ ձեռքբերելու առումներով: 


«Անցնող աշխատանքային տարին ընդհանուր առմամբ դրական էր Ակադեմիայի համար: Մենք կարողացանք պատվով և արժանապատվությամբ իրականացնել մեր գործունեությունը՝ անկախ ժամանակի և իրավիճակի բարդություններից»,-նշեց Ս. Առաքելյանը՝ հորդորելով ներկաներին փորձել 2023 թվականը համատեղ ուժերով ավելի լավը դարձնել:


Ռեկտորը շնորհավորեց բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և ընտանեկան ջերմություն:  

1410

23.12.2022

Վկայականներ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության աշխատակիցներին

Դեկտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ավարտական վկայականներ հանձնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության աշխատակիցներին: Վերապատրաստումն անցկացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 20-ը: 


Ռեկտորը շնորհավորեց և կարևորեց ընկերության կողմից աշխատակիցների մասնագիտական գիտելիքները զարգացնելու գործում դրսևորած նախաձեռնողականությունը: «Լիահույս եմ՝ վերապատրաստման դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն մասնագիտական գործունեության ընթացքում»,-նշեց Ս. Առաքելյանը և պատրաստակամություն հայտնեց համագործակցությունը հետագայում զարգացնել: 


Ընկերության իրավաբանական ծառայության պետ Սումբատ Սումբատյանը շնորհակալություն հայտնեց վերապատրաստումը բարձր մակարդակով կազմակերպելու համար և շեշտեց, որ ստացած գիտելիքներն արդեն  կիրառում են պրակտիկայում: 


Վերապատրաստմանը մասնակցել է իրավաբանական ծառայության 20 աշխատակից:

Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=cnDAHJoFF8s

1409

14.12.2022

Ռեկտորը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի մեկնարկային միջոցառմանը

Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID ՄԶԳ) Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի» մեկնարկային միջոցառմանը: 5-ամյա ծրագրի նպատակներից է բարելավել իրավական կրթությունն ու խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումները: Ծրագրի հիմնական գործընկերներից է Արդարադատության ակադեմիան:


«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ իմ անձնական համագործակցությունը սկսվել է դեռ 1997 թվականից, երբ նորավարտ համալսարանական էի և ծրագրի շրջանակում մեկնեցի ուսման ԱՄՆ: Արդյունքում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հիմնադրվեց էլեկտրոնային գրադարան, որը հետագայում շատ արդյունավետ ծառայեց իրավաբանների բազմաթիվ սերունդների»,-նշեց ռեկտորը: 


Ս. Առաքելյանն իր ելույթում նաև նշեց, որ արդարադատության ոլորտի կատարելագործումը արդիական գործընթաց է և դրա բարեհաջող իրականացումը, դրական արդյունքների արձանագրումը չափազանց կարևորվում է: Ռեկտորի խոսքով՝ ծրագրի մեկնարկին նախորդել է բավական լուրջ նախապատրաստական աշխատանք, որի շրջանակում գործընկերների, համապատասխան փորձագետների հետ անցկացվել են հանդիպումներ, քննարկումներ, վերհանվել են համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են դասընթացավարների պատրաստմանը, ձեռնարկների, դասընթացների մշակմանը՝ այդ թվում խաղաֆիկացման տարբերակով և այլն: 


Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր կառույցների, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, դեսպաններ, հյուրեր: 

1408

13.12.2022

Արդարադատության ակադեմիան հյուրընկալել էր ավագ դպրոցի աշակերտների

Դեկտեմբերի 13-ին Արդարադատության ակադեմիա են այցելել Գազպրոմ Արմենիայի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Դպրոցականները ծանոթացել են Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջել լսարաններով, այցելել են գրադարան, դատական նիստերի դահլիճ, հյուրանոց, մարզասրահ: 


Դպրոցականներին հանդիպել և արդարադատության, դատավոր, դատախազ, քննիչի դառնալու համար անցկացվող ուսումնառության և ընդհանրապես իրավագիտությանն առնչվող թեմաներով զրուցել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանը: Ռեկտորը նաև պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտական կողմնորոշման դժվարություններին, արդարադատության իրականացման խնդիրներին և այլն:
 

1407

13.12.2022

Ակադեմիայի պրոռեկտորը մասնակցել է ԵԽ ծրագրի ղեկավար կոմիտեի վերջին նիստին և եզրափակիչ համաժողովին

Դեկտեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի վերջին նիստին և եզրափակիչ համաժողովին: Ներկա էին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արփինե Սարգսյանը, շահառու կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:


Իր խոսքում՝ Ակադեմիայի պրոռեկտորը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքները, նաև շեշտադրել կանխարգելումը՝ որպես Ստամբուլյան կոնվեցիայի 4 հենասյուներից մեկը: Այդ առումով պրոռեկտորը նշել է, որ Ակադեմիան ապահովել և շարունակաբար ապահովում է կանխարգելման մասին իրազեկման բարձրացումը և իրականացնում է համապատասխան մասնագետների վերապատրաստումներ:

Ավելին՝ դատավորների, դատախազների և քննիչների վերապատրաստման ծրագրերում ներառված են նաև գենդերային հավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և կանխարգելման վերաբերյալ պարտադիր առարկաներ:
 

1406

07.12.2022

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գործընկերների այցը Ակադեմիա

Դեկտեմբերի 7-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության՝ USAID հայաստանյան իրավական հարցերով ծրագրի տնօրեն Մարկ Լասմանը, ծրագրի իրավական կրթության բաղադրիչի պատասխանատու Աննա Մարգարյանը, ծրագրի խորհրդատու Արման Խաչատրյանը:


Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ուսուցման ծրագրերի կազմմանն ու հաստատմանն առնչվող հարցերին: Անդրադարձ կատարվեց նաև հեռաուսուցման ծրագրերին և միջազգային գործընկերների հետ համատեղ մշակվող դասընթացների առանձնահատկություններին:


Հյուրերը կարևորեցին Ակադեմիայում իրականացվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնեցին կարիքների գնահատման հիման վրա քննարկումներ կազմակերպել՝ համագործակցություն ձևավորելու նպատակով: Այդ առումով ռեկտորը հստակ ուղղություններ մատնանշեց:


Հյուրերը նաև ծանոթացան Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններում, եղան գրադարանում, դատական նիստերի դահլիճում, հյուրանոցում, մարզասրահում:

1405

05.12.2022

Քննարկում՝ «Բռնության ենթարկված կանանց հարցաքննության էթիկա» թեմայով

Դեկտեմբերի 2-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց քննարկում «Բռնության ենթարկված կանանց հարցաքննության էթիկա» թեմայով՝ «Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվության համաշխարհային արշավ»-ի շրջանակում: Միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը՝ Ակադեմիայի և ՀՀ քննչական կոմիտեի հետ համատեղ: 


Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ողջունեց ներկաներին, ընդգծեց թեմայի կարևորությունը և շեշտեց, որ դատավորների, դատախազների և քննիչների վերապատրաստման ծրագրում ներառված են նաև գենդերային հավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և կանխարգելման վերաբերյալ պարտադիր առարկաներ:


 «Պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը, որպեսզի անտարբերության սառույցը կոտրվի»,-նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ անդրադառնալով Կոմիտեի կողմից ընտանեկան բռնության դեմ իրականացվող պայքարին և արձանագրված արդյունքներին:


ԹՊԻՀ հայաստանյան ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր խոսքում կարևորեց բոլոր կարող ուժերի միավորումը բռնության դեմ պայքարում: 


Քննարկմանը մասնակցում էին քննիչներ, ՀԿ ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: