Ռեկտորը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի մեկնարկային միջոցառմանը
Դեկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID ՄԶԳ) Հայաստանի «Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի» մեկնարկային միջոցառմանը: 5-ամյա ծրագրի նպատակներից է բարելավել իրավական կրթությունն ու խթանել արդարադատության ոլորտի բարեփոխումները: Ծրագրի հիմնական գործընկերներից է Արդարադատության ակադեմիան:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ իմ անձնական համագործակցությունը սկսվել է դեռ 1997 թվականից, երբ նորավարտ համալսարանական էի և ծրագրի շրջանակում մեկնեցի ուսման ԱՄՆ: Արդյունքում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հիմնադրվեց էլեկտրոնային գրադարան, որը հետագայում շատ արդյունավետ ծառայեց իրավաբանների բազմաթիվ սերունդների»,-նշեց ռեկտորը:
Ս. Առաքելյանն իր ելույթում նաև նշեց, որ արդարադատության ոլորտի կատարելագործումը արդիական գործընթաց է և դրա բարեհաջող իրականացումը, դրական արդյունքների արձանագրումը չափազանց կարևորվում է: Ռեկտորի խոսքով՝ ծրագրի մեկնարկին նախորդել է բավական լուրջ նախապատրաստական աշխատանք, որի շրջանակում գործընկերների, համապատասխան փորձագետների հետ անցկացվել են հանդիպումներ, քննարկումներ, վերհանվել են համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են դասընթացավարների պատրաստմանը, ձեռնարկների, դասընթացների մշակմանը՝ այդ թվում խաղաֆիկացման տարբերակով և այլն:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր կառույցների, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ, դեսպաններ, հյուրեր: