Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործընկերների այցը Ակադեմիա
Նոյեմբերի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) ներկայացուցիչները՝ Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթը, Եվրոպայի ծրագրերի համակարգող Ջուդիթ Քեմբլը, ծրագրերի խորհրդատու Քեյթ Շպիլսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը:
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, հատուկ ընդգծեց ԹՊԻՀ գործընկերների հետ փոխգործակցության արդյունավետությունը, նաև ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով հայ-ամերիկյան համագործակցությունը և արձանագրած մի շարք հաջողությունները:
ԹՊԻՀ Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրենը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և իր խոսքում ընդգծեց, որ գրանցված փոփոխությունները չափազանց տպավորիչ են: «Հպարտ ենք լինել ձեր գործընկերը և ուրախ ենք, որ ԹՊԻՀ գրասենյակը կարողացել է աջակցել»,-նշեց Ջ. Ափլգեյթը:
Ի պատասխան գործընկերների հարցերին՝ ռեկտորը նաև ներկայացրեց այն խնդիրները, որոնց լուծումը կնպաստի Ակադեմիայի կողմից տարվող աշխատանքների իրականացման բարելավմանը:
Ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության, ներդրած նշանակալի ավանդի և առանձնակի նվիրումի համար, Արդարադատության ակադեմիայի ռեկտորի հրամանով, ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանը պարգևատրվեց Ակադեմիայի «Համագործակցության համար» մեդալով:
Ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Ակադեմիայում, եղան լսարաններում, այցելեցին դատական նիստերի դահլիճ, գրադարան, մարզասրահ, հյուրանոց, «Հայ-ամերիկյան բարեկամության նախասրահ», որն ամբողջությամբ նորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Հյուրերը տպավորված էին Ակադեմիայի շենքային պայմաններով: